Հայկական կաթնամթերքը՝ ռուս-իրանա-հայկական մանրադիտակով

Հայկական կաթնամթերքը՝ ռուս-իրանա-հայկական մանրադիտակով
«Հայկաթ» կաթնամթերք արտադրող ընկերությունների ասոցիացիայի նախագահ, կաթի ինժեներ-տեխնոլոգ Խաչիկ Պողոսյանն այսօր անդրադարձավ կաթնամթերքի շուկայի վայրիվերումներին՝ «Հետք» պարբերականի վերջին բացահայտումներին և Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական երկու կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրանքի արգելքին ՌԴ։
Նա մատնանշեց՝ «Հետք» պարբերականը նմուշառում կատարել է խախտումներով, կան համապատասխան ԳՕՍՏ-երը, ըստ որի պետք է կատարվեն նմուշառումները։  Այն 10 ձեռնարկությունները, որոնց արտադրանքը՝ կաթնաշոռը և կաթնասերը ստուգվել է և հայտնաբերվել են խախտումներ, ըստ նրա, փորձաքննության արդյունքների վերաբերյալ բարձրաձայնվել է «առանց էական փաստեր ունենալու և 10 կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները հայտնվել են վատ վիճակում»։
Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստան է արտահանվում հայկական կաթնամթերքը և մեծ ջանքեր են պահանջվել ռուսական  կաթնամթերքի շուկայում դիրքավորվելու  համար։ Այժմ  ռուսական կողմը, ի դեմս Ռոսսելխոզնադզորի՝ հիմք ընդունելով այս փաստերը սահմանափակումներ է  դրել հայկական կաթնամթերք ՌԴ  ներկրման վրա։
Հիշեցնենք, որ  «Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի քանակ:
Խաչիկ Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանի Ազգային ստանդարտների ինստիտուտը ընդունել է,  2019թ-ի սեպտեմբերից ուժի մեջ է մտել և մինչ այժմ գործում է   կաթնամթերքի ԳՕՍՏ-երը։ Դրանից ելնելով, եթե կաթնամթերքի ստուգումը  չի ընթացել ԳՕՍՏ-ի պահանջներին համապատասխան, ապա փորձաքննության արդյունքները չեն կարող ուղղվել անմիջապես արտադրողին։
Նրա խոսքով, կան պահանջներ, ըստ որի անց է կացվում նմուշառումը․ նախ պետք է նմուշը վերցնելուց չափել ջերմաստիճանը և եթե դարակաշարի վրա դրված մթերքի ջերմաստիճանը բարձր է, քան պիտակի վրա նշված է, ապա այն միկրոբիոլոգիական անալիզների հանձնման ենթակա չէ, հակառակ դեպքում՝ արտադրողը արդյունքների համար պատասխանատվություն չի կրում։ Ըստ նրա, պետք է պահել 2-6 աստիճանում, և համոզված է, որ մեր ոչ բոլոր խանութներն են պահպանման պահանջներն ապահովում։
Ըստ Խաչիկ Պողոսյանի, նմուշառման ժամանակ պահանջ է, որ պետք է ներկա լինի լիազորված անձ, կազմվի համապատասխան արձանագրություն, նշվի խմբաքանակը, առանձնացվի խմբաքանակից որոշ մաս, փաթեթավորվի, կնքվի և դրվի սառնարանում։ Այնուհետև պետք է, որ  3-4 ժամվա ընթացքում տարվի լաբորատորիա, բանախոսի պնդմամբ, այս գործընթացները և մի շարք այլ պահանջներ չեն պահպանվել։
«Մենք դեմ չենք ստուգումներին։ Ձեռնարկություններում կան համապատասխան լաբորատորիաներ և ամենօրյա ռեժիմով հսկվում է արտադրությունը, կան համապատասխան հագեցված սարքավորումներ»,- ասաց Խ․ Պողոսյանը և մատնանշեց, որ «Հետք»-ի պարագայում տարել են համալսարան, համտեսել․ կարճ ասած չի պահպանվել փորձաքննության հանձնելու համար պահանջվող չափանիշները։
Ինչ վերաբերում է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորային, որտեղ իրականացվել էր կաթնաշոռի փորձաքննությունը, նրա ղեկավարին ևս  հարցեր ուներ բանախոսը։ Ըստ նրա, լաբորատորիայում կաթնաշոռի ստուգումները կատարվել են ոչ այն ԳՕՍՏ-ով, որ պահանջվում է, այլ բոլորովին ուրիշ և ստացվել է այն պատկերը, որ ստացվել է։
Եվ նա հարց է  տալիս, որ այս խախտումներից հետո արդյո՞ք  «Ստանդարտ դիալոգ լաբորատորիայի» արդյունքները ընդունել ի գիտություն և պարզաբանում է, որ  ոչ, քանի որ չեն հետևել թե´ նմուշառման ժամանակ, թե´ փորձաքննության ժամանակ պահանջվող ստանդարտներին։ Բացի այդ, պնդեց, որ դրա արդյունքում 10 տոկոսով կրճատվել է կաթնամթերքի իրացումը, նաև արտահանումը դեպի ՌԴ կասեցվել է, և կաթ արտադրողները, որոնք արտահանում էին իրենց արտադրանքը ՌԴ,  պետք է նույն քայլերը կրկին ձեռնարկեն՝ շուկա դուրս գալու համար։
Նա մասնագիտորեն ներկայացրեց, թե որքա՞ն պետք է կազմի աղիքային ցուպիկի քանակը կաթնամթերքում, հատկապես կաթնաշոռի մեջ և քիչ քանակության դեպքում այն վտանգավոր չէ, իսկ որոշակի քանակների դեպքում՝ այո։
Ինչ վերաբերում է իրանական հումքի օգտագործմամբ մթերք ստանալուն, ապա նշեց, որ Հայաստանում արտադրվող կաթը բավական չէ հայկական շուկայի պահանջները բավարարելու համար, անգամ չի օգնում ամռան կաթի առատ սեզոնին չոր կաթ ստանալու գործընթացը։  Վերջին երկու տարում Իրանից է սեր ներկրվում՝ ստանալով կարագ, որն արտահանում է  նաև Ռուսաստան։
Իհարկե, նա չմատնանշեց, որ հենց իրանական հումքի խնդիրն է անհանգստացրել ռուսական կողմին, միայն նշեց, որ այնպես ինչպես կարող են ինդոնեզական փայտով Հայաստանում կահույք պատրաստել և արտահանել, այնպես էլ կարող են իրանական սերով կարագ ստանալ և արտահանել։ Բայց կա մեկ վերապահում․ ռուսական կողմը իրանական արտադրանքի հետ խնդիր ունի։ Խաչիկ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ անգամ, եթե նման ձևով փորձաքննություն կատարվի և ներկայացվի հանրությանը, ապա իրենք կդիմեն դատարան․ կա ԳՕՍՏ-երին համապատասխան փորձաքննության ստանդարտներ, որոնց պետք է հետևել։
Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը ռուսական կողմից հայկական երկու ընկերությունների մթերքի ներկրման կասեցման առթիվ նշեց, որ ՌԴ կողմի հետ բանակցությունները շարունակվում են։
Նա հորդորեց ռուսական կողմի պահանջները «Հետք»-ի հրապարկումների հետ չկապել, քանի որ Ռոսսելխոզնադզորի համար հիմք է հանդիսացել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող հումքը, որի հետ ռուսական կողմը խնդիր ունի։
Ա․ Հարությունյանը շարունակեց, որ ՍԱՏՄ-ն  որպես բողոք է ընդունել պարբերականի հրապարակումը և տեսչությունը ստուգում կատարելով նույն 10 ընկերություններում, միայն 4-ում են խախտումներ հայտնաբերել, որոնք շատ արագ շտկվել են և այս պահին կաթնամթերքի շուկայում խախտումներ չկան։ 
Սննդագետ Դավիթ Պիպոյանը կաթնամթերքի շուկայում վերջին զարգացումներին անդրադառնալով, նշեց, որ պետք է առանձնացնել «Հետք»-ի հետազոտությունը և Ռոսսելխոզնադզորին առնչվող ՍԱՏՄ-ի աշխատանքները։
Հիշեցրեց, որ ապրիլի 4-ին ՍԱՏՄ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ կոնկրետ տեսչական մարմնի աշխատանքներում կան խիստ թերացումներ և ոչ  արդյունավետություն, որը պայմանավորած է ինչպես աշխատանքի փաստացի արդյունքով, ինչը իրենք են հրապարակել, այնպես էլ հաղորդագրության բովանդակությունից։
Նշեց, որ ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ տրվել է, որ 4 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ կան կաթնաշոռի շուկայում խախտումներ, և որևէ ընկերության անուն չի նշվում։
Ինչ վերաբերում է Ռոսսելխոզնադզորի արձագանքին, որն արդեն վերաբերում էր տեսչական մարմնի ստուգումների արդյունավետությանը, ապա Դավիթ Պիպոյանը  համոզված է, որ արդյունավետ ստուգումների գործիքակազմ չի ներդրվում և չի կիրառվում։ Շեշտեց, որ բազմից բարձրաձայնել է այդ գործիքակազմի ներդրման անհրաժեշտության մասին, սակայն տարիներ շարունակ փոփոխություն ոլորտում չկա և ներկա իրավիճակը նրա համար անակնկալ չէր։