Հայաստանում անկանխատեսելիության մեծ չափաբաժին կա, դրսի շուկայում էլ որևէ կայունություն չկա

Հայաստանում անկանխատեսելիության մեծ չափաբաժին կա, դրսի շուկայում էլ որևէ կայունություն չկա

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրների և հնարավորությունների մասին է ejc.am -ի թղթակցի զրույցը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ։

-Գյուղոլորտում բավականին ծանր կացություն է ստեղծվել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, ինչո՞վ եք բացատրում այս վիճակն ու ինչ ելքեր եք տեսնում:

-Ոլորտի համար առաջին ու գլխավոր խնդիրը կառավարման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր ոլորտը չի կառավարվում։ Գյուղատնտեսության նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության մեջ, խիստ վիճելի մոտեցում էր։ Այդուհանդերձ, գոնե դա պետք է արվեր տրամաբանված, մասնագիտորեն  հիմնավորված։ Ստորաբաժանումների, մասնագետների թիվը և մյուս բոլոր պարամետրերը պետք է նախապես հաշվարկվեին այն առումով, թե ճյուղերին ու ենթաճյուղերին քանի ստորաբաժանում ու քանի մասնագետ է անհրաժեշտ աշխատանքների անխափանությունն ապահովելու համար պետք: Մարզային կառույցներին ոչ մի դեպքում «կպնել» չէր կարելի։  Հիմա գյուղոլորտը «կառավարվում է» էկոնոմիկայի նախարարության վարչության մակարդակով։ Ոլորտը սպասարկող մասնագետների թիվն անասելի փոքր է։ Ագրոնոմները, անասնաբույժներն ու անասնաբույծները, հիդրոինժեներները միասին անհրաժեշտ քանակի անգամ 30%-ը  չեն ապահովում:  

-Այդուհանդերձ կարծես ոլորտում լավ ծրագրեր իրականացվում են: Ահավասիկ, 2022թ.-ի աշնանացանի սուբսիդավորումը: 

-Այդ քայլը ողջունելի է։ Հիշեցնեմ, որ նման ծրագիր իրականացրել ենք  դեռ 2006-2007թթ.-երին։ Գաղափարը եղել է իմը, աշխատանքները ես եմ համակարգել: Շատ բարդ ու աշխատատար ծրագիր էր, որի իրականացմանը լծվել էր նախարարության ամբողջ աշխատակազմը, սերմերի գործակալությունն իր մարզային ստորաբաժանումներով, ԳԱՄԿ-երը։  Նույնը ծրագիրը դարձյալ իմ կոորդինացմամբ իրականացրեցինք նաև 2018-2019թթ.-երին, արդեն միայն սահմանամերձ համայնքներում։ Ի սկզբանե ստեղծվել էր այնպիսի մեխանիզմ, որի շնորհիվ արձանագրվում էր կատարված աշխատանքը, արված ցանքը  և դրա դիմաց գյուղացին անմիջապես փոստից ստանում էր իրեն հասանելիք սուբսիդավորման գումարը։ Մեխանիզմն այնքան հստակ էր աշխատում, որ հետո տևական ստուգումների արդյունքում անգամ որևէ քրեորեն հետապնդելի չարաշահում չհայտնաբերվեց։

Ինչ վերաբերում է 2022թ.-ի ծրագրին: Այդ մասին հայտարարվեց ու այն գործողության մեջ դրվեց խիստ ուշացմամբ, գրեթե աշնանը։ Եթե դրա իրականացման մասին հայտարարվեր գարնանը, ապա վստահ եմ, որ մեծ «բում» կառաջանար։ Համաձայն ծրագրի պայմանների 1 հա-ի վրա  հավաստագրված սերմնացուի ցանքի դեպքում գյուղացին սուբսիդավորվում էր  120 հազար դրամով, և 70 հազար դրամով՝ չհավաստագրվածի պարագայում։ 120 հազար դրամը բավականին լուրջ աջակցություն է այսօրվա պայմաններում։ Այս անգամ  ծրագրի պատասխանատվությունը թողեցին վարչական ղեկավարների վրա, որոնցից շատերն անփորձ են, շատերը՝ պատահական մարդիկ, որոնցից լուրջ սպասելիք ունենալ պետք չէ: Գյուղատնտեսության մեջ որևէ լուրջ խնդիր լուծելու համար առնվազն մեկ տարի առաջ պետք է դրա հիմքերը ստեղծվեն։  Հիմա, չնայած պաշտոնական հրապարակումներին թե աշնանացանի տարածքները 10-12 հազար հա-ով ավելացել են, իրականում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ծրագիրը ձախողվել է: Իմ ունեցած տեղեկություններով, այս ծրագրի շրջանակներում Շիրակում դեռ չեն վճարել մարդկանց  հասանելիք սուբսիդավորման գումարները։  Մարդը հոկտեմբերին 5-10 հա-ի վրա ցանք է կատարել  և 6 ամիս անց 1 մլն-ից ավել գումար չի ստացել, մինչդեռ հիմա այդ գումարով պետք է պարարտանյութ գներ ու  այլ հարցեր լուծեր։ Մյուս կողմից. աշնանացանի ծրագիրը արվում է, բայց չկա ուսումնասիրություն՝ թե սերմնացուի առումով ինչպիսին է մեր ապահովվածությունը: Խոսվում է հավաստիագրված սերմնացուի մասին, մինչդեռ պարզ չէ, բավարար քանակությամբ սերմնացու կա՞ Հայաստանում։ Ինչքա՞ն ցանք է կանխատեսվում, ինչքա՞ն սերմնացու կա, ինչպիսի՞ն է վճարունակ պահանջարկը։ Որևէ ուսումնասիրություն չկա։ Մասնավոր ընկերությունները սերմնացու բերում էին, բայց ի՞նչ որակի, ի՞նչ քանակությամբ, հավաստագրված ի՞նչ վաճառքի գնով, ոչինչ հստակ չէր։ Ծրագիրն  իրականացնողները պետք է նախապես հաշվարկեին ու ամենակարևորը, պատկերացում ունենային, թե դա ինչի կբերեր։

-Ստացվում է, որ սննդի անվտանգության առումով հացահատիկի տեսանկյունից այս տարի որևէ դրական տեղաշարժ սպասել պետք չէ։

-Ես դրական որևէ տեղաշարժ չեմ տեսնում։ Իմ տեղեկություններով, պաշտոնական թվերով ևս 2022թ.-ի համեմատությամբ Սյունիքում ցանքատարածությունների որոշակի աճ կա։ Մյուս հիմնական հացահատիկային գոտիներում՝ Գեղարքունիքում, Վարդենիսում,  Շիրակում  ոչ մի առաջընթաց  չկա։ Լոռիում աճն աննշան է, չնայած, որ Լոռին հացի առումով «հարց լուծող» տարածաշրջան չէ։ Արարատյան դաշտում էլ դրական շարժ չկա։

-Սննդի անվտանգության առումով երկրորդ ամենակարևոր մշակաբույսը մեզանում կարտոֆիլն է։   Ոչ վաղ անցյալում մինչև 37 հազար հա կարտոֆիլի ցանք էր արվում, հիմա պակաս, մոտ 20 հազար հա է արվում,  700 հազար տոննա կարտոֆիլի բերք էինք ունենում,   հիմա հազիվ այն 300-320 հազար տոննայի է հասնում։ Կգ-ն էլ 300-350 դրամից չի նվազում:  Կարտոֆիլ արտահանողից դարձել ենք ներկրող: Ինչո՞ւ է այդպես ստացվում։

-Խնդիրը միայն ցանքատարածությունների կրճատմամբ չէ պայմանավորված։ Ժամանակի ընթացքում մի շարք անհարթություններ առաջացան։ Շուկան անկայուն էր, արտահանումների հետ կապված հաճախ անհասկանալի իրավիճակներում էինք հայտնվում, անգամ ինքնարժեքով չէր հաջողվում վաղահաս կարտոֆիլը իրացնել։ Արդյունքում բարձրադիր գոտու այն ֆերմերները, որոնք զբաղված էին ու այժմ էլ զբաղված  են տնկանյութի բազմացմամբ, չէին կարողանում իրացնել տնկանյութը, շղթան խզվում էր և ոլորտը խնդիրների առաջ հայտնվեց։ Այդ իրավիճակը բերեց նրան, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում բազմաթիվ խոշոր արտադրողներ ուղղակի սնանկացան։ Նրանք բարձր տոկոսներով վարկեր էին վերցնում, տնկանյութ բերում ու հետո ստիպված էին ցածր գներով պարենային կարտոֆիլ ու տնկանյութ վաճառել։ Մարդիկ սկսեցին շատ ավելի զգուշավոր մոտենալ, արդյունքում աստիճանաբար մշակության տարածքները կրճատվեցին։ Դրան գումարվեց բարձր վերարտադրության տնկանյութի ծավալների գրեթե կիսով չափ նվազումը։  Դա էլ բերեց նրան, որ հիմա քիչ ենք արտադրում առաջին տարվա վերարտադրության տնկանյութ, հետևաբար որակյալ ցանքատարածությունները կրճատվում են, ինչն էլ բերում է նաև բերքատվության նվազման։ Եթե առանձին տարիների, ահռելի քանակությամբ՝ մինչև  100-120 հազար տոննայի, ավելցուկ ունեինք, հիմա հասել ենք նրան, որ կարտոֆիլ արտահանող երկրից վերածվել ենք ներկրող երկրի։

-Հիմա մեր շուկայում բելառուսական կարտոֆիլ է շրջանառվում։

-Այո։ Ստիպված էին որոշակի քանակությամբ կարտոֆիլ ներկրել՝ առաջացած պահանջարկը ինչ-որ կերպ բավարարելու համար։ Փաստորեն հացահատիկի պահանջարկը բավարարում ենք հազիվ 22-23%-ով, դրան էլ գումարվեց նաև կարտոֆիլի խնդիրը։

-Ո՞րն է լուծումը:

ուծումը ֆերմերների պաշտպանվածության մեջ է։ Հիմա գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է լոտո խաղալու նման մի բան։ Կամ շահում ես, կամ՝ կորցնում ամեն ինչ։ Հսկայական գումարներ են ներդրվում և եթե արտադրանքը չիրացվեց, կործանվում: Իսկ շահեկան գնով իրացվելու նախապայմանը կայուն արտահանումների ապահովումն է, որ վերջին տարիներին չի իրականացվում։ Արտադրվում է մեծ քանակությամբ ու չի արտահանվում: Մի դեպքում, երբ ՌԴ-ում բերքը լավ է, մեր արտահանման ծավալը կրճատվում է։ Մեկ այլ դեպքում. Թուրքիան հաջողությամբ կարողանում էր ռուսական շուկան հեղեղել իր արտադրանքով, մերինի համար խնդիրներ ստեղծելով։ Դեպքեր են լինում, որ թուրքական նավը հսկայական քանակությամբ կարտոֆիլ է բերում Փոթի, որի մի մասը շատ էժան գնով տեղափոխվում է Հայաստան։ Հավելած, որ վերջին տարիներին Վրաստան արտահանումները բավականաչափ կրճատվել են, որովհետև հատկապես հայաբնակ Ախալքալաքի տարածքներում կրկնակի-եռակի ավելացել են կարտոֆիլի մշակության տարածքները։  

Եթե պետության կողմից երաշխիք լինի, որ գոնե նվազագույն շահավետ գնով արտադրված կարտոֆիլը կիրացվի, ապա հարցերը կլուծվեն։ Մենք ապրանք արտադրելու դժվարություններ չունենք։ Մեր խնդիրը կայուն շուկայի բացակայությունն է, որպեսզի գյուղացին նախապես կարողանա պլանավորել ու հասկանալ թե ինչ է անում, ինչ ակնկալիքով։

-Գյուղացին ի՞նչ իմանա, որ պարարտանյութի պարկը 6 հազարից մի քանի օրվա ընթացքում հասնելու է 20 հազարի ու դրանից ելնելով էլ պլանավորի իր անելիքը: Նույնը թունաքիմիկատի կամ մյուս ատրիբուտների պարագայում:

-Սա ևս լուրջ խնդիր էր: Անցած տարի ստեղծված իրավիճակի հետևանքով կառավարությունը ստիպված էր մեկ պարկի հաշվով 9 հազար դրամի աջակցություն ցուցաբերել, որը շատ լուրջ օգնություն է: Բայց դա արվեց առանց շուկայի ու գների ուսումնասիրության, առանց պահանջարկի ու գների հստակեցման, առանց մատակարարների մրցութային ընտրության գործընթաց իրականացնելու։ Մարտին միայն, երբ արդեն պարարտանյութը պետք է գյուղացու մոտ լիներ, հայտարարվեց, որ բանակցում են պարարտանյութեր արտադրող երկրների հետ։ Բանակցությունները պետք է սկսվեին դրանից առնվազն 5-6 ամիս առաջ, որպեսզի մարտին պարարտանյութը Հայաստանում լիներ։ Արդյունքում բազմաթիվ համայնքներ սուբսիդավորված պարարտանյութ չստացան։

-Ամենաէժան սուբսիդավորված պարարտանյութն էլ գյուղացուն տրվեց 13 հազար դրամով այն ժամանակ, երբ  շուկայում արդեն 13.5 -14 հազարով սելիտրա էր վաճառվում։   

-Մանրածախ գինը շուկայում ավելի էժան էր, քան մեծածախը, որով իրենք մատակարարում էին։ Հաշվեքննիչ պալատն էլ ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ այդ առումով շատ լուրջ, քրեորեն հետապնդելի  խախտումներ են հայտնաբերել։

-Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանը կարող էր իրեն թույլ տալ չհետևելու ներքին գյուղատնտեսական զարգացումներին, ապա այսօր համաշխարհային զարգացումները մեզ նման ճոխության հնարավորություն չեն թողնում։ Աշխարհում պատերազմ է, որ ինչքան կտևի, ինչ արդյունքներով, պարզ չէ։  Արդյունքում շատ տեղերում  սովի ուրվականն է սկսել շրջել ու վաղը ՌԴ-ն մեզ հացահատիկ կամ այլ սննդամթերք կտա, թե ոչ, թեկուզ քաղաքական նկատառումներով, դժվար է ասել։ Եվրոպան էլ  մի լավ օրի չէ։ Հետևաբար` մեր գերխնդիրը տեղական որոշակի արտադրություն ունենալն է։

-Պետք է լուրջ քաղաքականություն մշակվի պրոֆեսիոնալների, գիտական կենտրոնների, գիտնականների, փորձագետների  ընդգրկմամբ։  

-Ձեր կողմից նշվածները, կլինի անհատ թե ընկերություն, պետք է կառավարությունից այդ ուղղությամբ պատվերներ ստանան, որ աշխատեն։ Մինչդեռ, ինչքանով որ շփվում եմ  նման մարդկանց ու կազմակերպությունների հետ, մինչ օրս որևէ տեղից  որևէ  պատվեր չեն  ստացել։

-Կա խորհրդային տարիների փորձը. ցանկացած ծրագրի  նախագիծը մշակվում էր գիտական կենտրոններում, գիտահետազոտական ինստիտուտներում։ Որից հետո ներկայացվում էր համապատասխան պետական մարմիններին, որպեսզի կյանքի կոչվեր։ Ու այդ ամենն արվում էր խիստ մասնագիտական հսկողության պայմաններում։ Բոլոր նախագծերի գլխին մասնագիտական, գիտական կառույցներն էին կանգնած։ Մասնագիտական բոլոր հիմնավորումները տրվում էր գիտական հիմնարկներում և տեղափոխվում համապատասխան նախարարություն։ Խոշորագույն գիտնականներ, պտղաբույծներ, երկրաբաններ, հողագետներ, հիդրոինժեներներ ու այլ մասնագետներ էին ներգրավվել Դեմիրճյան խնձորի այգիների ստեղծման աշխատանքներում։ Հիմա ինտերնետից օգտվելով ռազմավարական ծրագրեր են մշակում, որ ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Հետևաբար՝ մեր հիմնական, գլխավոր խնդիրը բարձր պորֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ, ղեկավարությամբ ծրագրերի մշակումն ու կյանքի կոչումը պետք է լինի։

- Առանց այդ ծրագրերի գոյության անգամ, գյուղացին բահ ու քլունգով, «հազար տարի առաջվա տեխնիկայով» արտադրում է խաղող, որի կեսից ավելին պետք չէ այս երկրին։ Պետությունը դրանում անելիք ունի՞։ Մասնագիտորեն, տրամաբանորեն, օրենքով կա՞ սահման, որտեղ վերջանում  է գյուղացու անելիքն ու պատասխանատվությունը և սկսվում պետության պատասխանատվությունը։

-Որքան էլ, որ քննադատում ենք խորհրդային պլանային համակարգը, դա շատ կարևոր խնդիր էր լուծում։ Հիմա աշխարհում չի կարելի ասել թե սովետական պլանային համակարգն է գործում, բայց առանց պլանավորման, առանց կանխատեսումների,  առանց հաշվարկների ոչինչ չի արվում։ Ցանկացած երկիր գիտի, թե գյուղատնտեսության ոլորտում ինքը ինչ պետք է արտադրի կամ որն է տնտեսապես ավելի ձեռնտու, որը արտահանման մեծ ներուժ ունի։ Հստակ գիտեն, թե որ տարածաշրջանում ինչով են զբաղվելու, ինչ քանակություններով ինչ են արտադրելու։  Միաժամանակ ֆերմերը  գիտի, որ իր արտադրանքը իրացվելու է և մոտավորապես ինչ գնով։ Իհարկե, կարող է 5-10 տոկոսի շեղում ունենալ։ Մեզանում մի օրվա ընթացքում գյուղմթերքի գինը կարող է 300 տոկոսով տատանվել:  Մյուս կողմից. վերջերս նախարարը հերթական անգամ հայտարարեց, որ գյուղատնտեսությունը բիզնես է, ում ձեռնտու չէ, թող դրանով չզբաղվի։ Հարյուրավոր կմ-երով սահմանակից ենք թշնամի երկրի հետ։ Մեր գյուղացիների զգալի մասը սահմանամերձ հատվածներում հողատարածքները չեն կարողանում մշակել։ Ապրելով այդ տարածքում բացարձակապես որևէ զբաղմունք չունեն,  բացի մի քանի գլուխ անասուն պահելը կամ մի քանի մետր հող մշակելը։ Արդյո՞ք այդ մարդկանց համար դա բիզնես է։ Ոչ մի դեպքում։ Դա մարդուն նորմալ եկամուտ անգամ չի ապահովում։ Բիզնեսը պետք է շահութաբեր լինի, ապահովելով որոշակի կայուն եկամուտ։ Հայաստանում անկանխատեսելիության մեծ չափաբաժին կա, դրսի շուկայում էլ որևէ կայունություն չկա։

Մյուս կողմից եվրոպաներում 1-2%-ով երկարաժամկետ վարկեր են ստանում։ Մեր բանկերը ավանդի գրավադրման պայմաններում 17%-ով վարկ են առաջարկում։ Այն դեպքում, երբ փաստացի ռիսկը զրո է։ Աբսուրդ է։ Արտասահմանում 20-30% շահույթը հսկայական լավ ցուցանիշ է։ Մեզանում այդքանը միայն բանկի տոկոսների սպասարկմանն է գնում։ Էլ ի՞նչի մասին է խոսքը։

Տնտեսության զարգացման լոկոմոտիվը պետք է լինի արտահանումը։ Հենց կարտոֆիլի գինը բարձրանում է, մարդիկ սկսում են բողոքել, թե պետք է արգելեն, թույլ չտան, որ կարտոֆիլը արտահանվի։ Բայց երբ լճանում էր, ինքնարժեքով անգամ չէր իրացվում, ոչ ոք չէր մտածում, որ կարելի է պետությունը այդ մարդկանց փոխհատուցի, որ մարդն ու իր տնտեսությունը չկործանվեն։ Եթե պետության կողմից ինչ-որ բան էլ արվում է, ապա արվում է հախուռն, չմտածված ու չմշակված ձևով։ Ժամանակին ԵԹԻՄ կոչվածը շատ մեծ ոգևորություն առաջացրեց։ Ես ինքս էլ էի ոգևորվել։ Ահռելի շուկա էր բացվում մեր առաջ: Պետք է կարողանայինք ապրանք արտադրել ու հասցնել։ Ինչ տեղի ունեցավ։  Առաջին տարվանից սկսած մինչ օրս Լարսի անցակետում թալանչիները նստած ուղղակի կողոպտում են մեր ժողովրդին։ Ամիսներով պահում են մեր մեքենաներին, քանի դեռ համապատասխան վերաբերմունք չի դրսևորվում։

-Լարսին, ռուսական շուկային այլընտրանք ունե՞նք։

-Չունենք։ Եվ դա ցավալի է: Նույն թալանը տեղի է ունենում նաև Հյուսիսային Կովկասի ամեն քայլափոխում։ Մեր ԵԱՏՄ նախարարները այս խնդիրը շատ շիտակ ու հստակ պետք է դնեն։ Եթե ԵԱՏՄ անդամ երկիր ենք ու մեր նկատմամբ չպիտի վրացուց, ադրբեջանցուց տարբերակված վերաբերմունք դրսևորվի, ապա ինչ ԵԱՏՄ-ի մասին է խոսքը։

Եթե գյուղացին երաշխիք ունենա, որ իր արտադրանքը կարողանալու է հաջողությամբ իրացնել, հանգիստ կմշակի իր հողը:  Երեք կարևորագույն խնդիր պետք է նույն հարթության վրա դրվի. ոռոգման ջրի կայուն մատակարարում, արտահանումների կայուն շղթայի ստեղծում և մեքենայացման մակարդակի բարձրացում։ Այն ինչ-որ մենք անում ենք, նախնադար է հիշեցնում։ Ձեռքի աշխատանքով մեքենայի, մեխանիզացիայի հետ չես մրցակցի և այդ դեպքում պարզապես ծիծաղելի է գյուղատնտեսությունը բիզնեսի տեսանկյունից դիտարկելը։ Էտից սկսած, միջվազային տարածությունների մշակումն ու բերքահավաքը աշխարհում վաղուց մեքենայացված է։  Աշխարհում գյուղատնտեսական աշխատանքները ավելի քան 90%-ով  մեքենայացված են։ Մենք դեռ բահ ու քլունգ ենք օգտագործում, կամ էլ ԢԠ-50 տարվա, վաղուց ֆիզիկապես ու բարոյապես մաշված մեխանիզացիա։ Էլ ինչ գյուղատնտեսական բիզնեսի մասին է խոսքը։ Նման գյուղատնտեսությունը ոնց կարող է մրցունակ լինել։

-Արդյո՞ք 4000քմ հող ունեցողն ի վիճակի է նման խնդիրներ լուծելու:

-Սա պետության խնդիրն ու անելիքն է։ Հատկապես այն ղեկավարի խնդիրն է, ով ասում է գյուղատնտեսությունը բիզնես է, ուրեմն բիզնեսը պետք է ապահովես նվազագույն անհրաժեշտ պայմաններով։ Փոքր հողակտորները, սրանց կտրտվածությունը իրենց հերթին խոչընդոտում են ոլորտի զարգացմանը։

-Բայց նույնիսկ այդ փոքր հողակտորների վրա մարդիկ արտադրում են այնքան, որ մեծ ավելցուկ է առաջանում ու պետությունը չի կարողանում իրացման խնդիր լուծել։ Մի պահ ընդունենք հողակտորները մեծացան, իդեալական պայմաններ ստեղծվեցին, արտադրության ծավալներն էլ էապես մեծացան։ Արտադրանքը ո՞նց է իրացվելու։

-Պետք է ամեն ինչ հստակեցվի։ Ճշտվի. կարտոֆիլ մեզ ինչքան է պետք, սպառման պահանջարկի ու տնկանյութի տեսանկյունից։ Հավելած, արտահանման ինչ հնարավորություն ունենք։ Որպեսզի հավասարակշռվածության վիճակ ունենանք։ Թե չէ խաղողը արտադրում է 110 դրամ ինքնարժեքով, 100 դրամով հանձնում է վերամշակողներին։ Սրա պարագայում մեծ տարածքների վրա գոնե 40-50 տոկոս շահութաբերություն պետք է լինի, որ մարդը շահագրգռված լինի, որ որոշակի եկամուտ ունենա։ Կես հա հող ունեցողի համար այդ 40-50 տոկոսը խնդիր չի լուծելու։  Այդպես է ցանկացած մշակաբույսի պարագայում: Եվ դա համարել բիզնես ու համապատասխան վերաբերմունք դրսևորել, կնշանակի ոլորտից ոչինչ չհասկանալ: Մինչդեռ հիմա ամեն ինչ արվում է հենց այս տրամաբանությամբ: