«IDEX-2021»-ի հայկական ցուցանմուշների ոդիսականն ավարտվել է. ԲՏԱՆ-ը խոստովանում է, որ նախկինում ստել է. «Հետք»

«IDEX-2021»-ի հայկական ցուցանմուշների ոդիսականն ավարտվել է. ԲՏԱՆ-ը խոստովանում է, որ նախկինում ստել է. «Հետք»

2021 թ. փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» ռազմական ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանից ուղարկված ցուցանմուշները, որոնք այդպես էլ տեղ չէին հասել, ի վերջո, 2022-ի ամռանը Ռուսաստանից վերադարձվել են մեր երկիր:

Հիշեցնենք, որ 23 նմուշները մնացել էին Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի ճանապարհի կեսին՝ Մոսկվայում, քանի որ ՌԴ մաքսավորները խնդիրներ էին գտել ու արգելել դրանց տեղափոխումը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը կազմակերպում է «IDEX» միջազգային ցուցահանդեսը:

1993-ից ԱՄԷ մայրաքաղաքում անցկացվող «IDEX»-ը (International Defence Exibition and Conference) պաշտպանական ոլորտի միջազգային ցուցահանդես ու կոնֆերանս է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ: Ցուցահանդեսը բավականին մեծ ճանաչում ու հարգանք ունի աշխարհում. այստեղ ներկայացվում են ռազմարդյունաբերական ոլորտի օդային, ծովային ու ցամաքային սեգմենտների տարատեսակ ցուցանմուշներ, ձեռք բերվում գործարար կապեր, հնարավորություն ստեղծվում նոր պատվերների ու ներդրումների համար:

2021 թ. պետությունն այս ցուցահանդեսին մասնակցելու համար ծախսել էր 144 մլն դրամ, սակայն հայկական տաղավարը մնացել էր դատարկ՝ հիմնականում բրոշյուրների հույսին: Սա խայտառակություն էր մի ամբողջ երկրի համար, չնայած այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն ամեն կերպ փորձում էր իրավիճակն այլ տեսանկյունից մեկնաբանել ու մատուցել:

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ռազմարդյունաբերության ոլորտում մեր աղբյուրները փոխանցել էին, որ ռազմական նշանակության արտադրանքին ուղեկցող փաստաթղթերի բացակայությունն է պատճառ դարձել, որ երկար ժամանակ հայկական ցուցանմուշները դուրս չէին գալիս Ռուսաստանի տարածքից. ԲՏԱՆ-ն էլ «Հետքին» փոխանցել էր, որ ռուսական կողմը փորձաքննություն է նշանակել:

Իսկ բեռի տեղափոխումը հենց ռուսական ավիաընկերությանը, այս դեպքում՝ «Աէրոֆլոտին» պատվիրելը պայմանավորված է եղել նրանով, որ ցուցանմուշների մեջ եղել են այնպիսիք (մեր աղբյուրը հայտնել էր, որ խոսքը ԱԹՍ-ի մասին է, որը եղել է Հ. Արշակյանի հպարտության առարկան), որոնք չեն համապատասխանել արաբական «flydubai» ընկերության օդանավի բեռնախցիկի դռան չափերին, ինչի հետեւանքով ընտրվել է համապատասխան օդանավ ունեցող «Աէրոֆլոտը» (ԲՏԱՆ-ը մեզ հայտնել էր, որ այդպիսի ցուցանմուշները եղել են մի քանիսը):

Բայց դա էլ ամենը չէր: «Հետքի» աղբյուրը փոխանցել էր, որ եթե 2019-ին ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել էր ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեն, որն այն ժամանակ ենթարկվում էր ՊՆ-ին, ապա 2021-ին կոմիտեի աշխատակիցների փոխարեն, որոնք բավարար փորձ ունեին այդ գործում, ներգրավել էին ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության աշխատողներին:

Խայտառակվելուց հետո նախարարությունում ծառայողական քննություն էր նշանակվել, եւ ԲՏԱՆ-ի 3 աշխատակից կարգապահական տույժ էր ստացել. երկուսը՝ «նկատողություն», մեկը՝ «խիստ նկատողություն»: Ըստ էության, սրանք եղել են վերը նշված վարչության աշխատակիցներ:

Փաստորեն, բարձիթողի, փնթի վերաբերմունքը ձախորդությունների մի ամբողջ շղթա էր դարձել. նախ՝ որոշվել էր մեծ չափերով ցուցանմուշներն ամեն գնով տեղափոխել Աբու Դաբի, ինչի արդյունքում արաբական ավիաընկերությունների («flydubai», «Air Arabia») փոխարեն ընտրվել էր ռուսական «Աէրոֆլոտը», որը պիտի Երեւանից մեկներ Մոսկվա, հետո նոր՝ ԱՄԷ: Ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել էր ոչ թե այդ ոլորտի առանցքային կառույցը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն, այլ նախարարության վարչություններից մեկը: Սրա հետեւանքով ռազմական բեռին ուղեկցող փաստաթղթերի հանդեպ անփույթ մոտեցումը հանգեցրել էր ՌԴ մաքսավորների կողմից հայկական բոլոր 23 ցուցանմուշների տեղափոխության արգելակմանը:

Կարող է ծիծաղելի թվալ, բայց մինչեւ ցուցանմուշները Հայաստան վերադարձվեցին, ԲՏԱՆ-ում 3 նախարար փոխվեց: 2021-ի ապրիլին Հակոբ Արշակյանին փոխարինեց Հայկ Չոբանյանը, որը պաշտոնավարեց մինչեւ օգոստոս: Չոբանյանին հաջորդեց Վահագն Խաչատուրյանը, որն իր հերթին 2022-ի մարտին ընտրվեց ՀՀ նախագահ: 2022 թ. ապրիլից նախարարը Ռոբերտ Խաչատրյանն է:

ԲՏԱՆ-ից «Հետքին» հայտնել են, որ 23 ցուցանմուշները Հայաստան են վերադարձվել 2022 թ. հուլիսի 8-ին: Հատկանշական է, որ այս մասին նախարարությունն իր նախաձեռնությամբ չի բարձրաձայնել: Կառավարությունում մեր աղբյուրը փոխանցել է, որ, ըստ էության, համապատասխան հրահանգ է եղել «վերեւից»՝ վարչապետից կամ նրա աշխատակազմից: Ամեն դեպքում, փաստ է, որ այս տհաճ միջադեպը չէր կարող հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին առաջացած որոշակի խզվածքի մասին նոր խոսակցությունների առիթ չտալ, ու պատահական չէ, որ 1,5 տարի ձգված պատմության մեջ հայկական լրատվադաշտը նաեւ քաղաքական ենթատեքստ էր տեսնում ռուսական կողմի քայլերում: Թերեւս, հենց սրանով է պայմանավորված թեման նորից չվերհանելու գործադիրի քայլը:

ԲՏԱՆ-ից նաեւ հետաքրքրվել էինք, թե հայկական կողմն ինչ պարզաբանում է ստացել ՌԴ իշխանություններից մեր ցուցանմուշների արգելափակման վերաբերյալ: Ի վերջո, ռուսների նշանակած փորձաքննությամբ ի՞նչ է պարզվել, խնդիրը կապված է եղել ռազմակա՞ն, թե՞ երկակի նշանակության արտադրանքի հետ, խնդիր են ունեցել միայն ուղեկցող փաստաթղթե՞րը, թե՞ այլ հարցեր էլ են ծագել: Նախարարությունը ժլատ է եղել պատասխանի մեջ. «Ըստ [ռուսական կողմից] ստացված տեղեկության՝ ցուցանմուշների արգելափակման խնդիրը կապված է եղել փաստաթղթերի հետ»:  

Խոստովանություն 2 տարի անց

23 ցուցանմուշները Հայաստան են վերադարձվել կրկին «Աէրոֆլոտի» օդանավով, ինչի համար ԲՏԱՆ-ը վճարել է 641 հազ. դրամ:

Մեր հարցին, թե դրանք ՀՀ տեղափոխելու փուլում ինչ դերակատարություն է ունեցել ԲՏԱՆ-ը, վերջինիս գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը փոխանցել է. «Նախարարությունն է եղել ցուցանմուշների եւ՛ ուղարկողը, եւ՛ ստացողը»:

Սա խոստովանություն է, քանզի 2021-ին նույն պաշտոնյան միանգամայն այլ բան էր ասում: Այն ժամանակ Մելքումյանը հայտնել էր, որ ցուցանմուշները Երեւանից Աբու Դաբի տեղափոխելու պարտականությունը մասնակից կազմակերպությունների վրա է: Ըստ այդմ՝ նախապես ընկերությունների հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ նմուշներն ուղարկվեին միասնական տարբերակով, եւ ծառայության դիմաց պետք է վճարեին ընկերությունները:

«Նախատեսված է եղել, որ ընկերություններն իրենք վճարեն բեռների տեղափոխման համար, նախարարությունը որեւէ պայմանագիր չի ստորագրել: Ցուցանմուշները Աբու Դաբի հասցնելու կապակցությամբ նախարարությունը որեւիցե պայմանագիր չի կնքել որեւէ բեռնափոխադրող ընկերության կամ կազմակերպության հետ»,- «Հետքին» փոխանցել էր ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը:

Չնայած ԲՏԱՆ-ը շարունակ պնդում էր, թե 2021-ին ցուցանմուշների տեղափոխման ծախսերը կատարվել են ոչ թե պետբյուջեից, այլ մասնակից ընկերությունների միջոցներով, իսկ նախարարությունը տեղափոխման հարցով պիտի միայն աջակցություն ցուցաբերեր այդ ընկերություններին, ռազմարդյունաբերության ոլորտում «Հետքի» երկու տարբեր աղբյուրներ շեշտել էին, որ լոգիստիկայի պատասխանատուն հենց ԲՏԱՆ-ն էր:

Երբ նախկին նախարար Հայկ Չոբանյանին հարցրել էինք, թե որքան գումար է հատկացվել «Աէրոֆլոտին»՝ բեռը Երեւանից Մոսկվայի միջոցով Աբու Դաբի եւ հետադարձ ուղղությամբ տեղափոխելու համար, Ն. Մելքումյանը պատասխանել էր. «Նախարարությունը որեւիցե ֆինանսական եւ պայմանագրային պարտավորություն չի ունեցել: Նախարարությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության»:

Չոբանյանից հետաքրքրվել էինք նաեւ, թե նախարարությունը որ իրավաբանական կամ ֆիզիկական անձին է պատվիրակել ցուցանմուշների տեղափոխման կազմակերպումը, այլ կերպ ասած՝ ո՞վ է եղել միջնորդ կամ գործակալ անձը: «Նախարարությունը որեւիցե իրավաբանական կամ ֆիզիկական անձի չի պատվիրակել ցուցանմուշների տեղափոխման կազմակերպումը, այդ թվում՝ նախարարությունը որեւէ պայմանագիր չի կնքել որեւիցե միջնորդի կամ գործակալի հետ»,- փոխանցել էր գլխավոր քարտուղարը:

Այնինչ մենք տեղեկացել էինք, որ երեւանյան «ՎՐՆ Ավիա» ՍՊԸ-ի անունից, որը «Աէրոֆլոտի» բեռնափոխադրումների գործակալն է Հայաստանում, վճարելու նպատակով հաշիվ-ապրանքագրեր էին ուղարկվել «IDEX-2021»-ի մասնակից հայկական ընկերություններին, եւ դրանից ԲՏԱՆ-ը տեղյակ է եղել: Ընկերություններից մեկի մեր աղբյուրը հայտնել էր, որ ԱՄԷ ուղարկելու համար իրենց ցուցանմուշները հանձնել են ԲՏԱ նախարարության աշխատակիցներին (ստացական չէին վերցրել), իսկ ավելի ուշ նշված միջնորդը իրենց էր ուղարկել մի քանի տասնյակ հազար դրամ վճարելու հաշիվ-ապրանքագիր, ինչը, սակայն, իրենք չէին պատրաստվում կատարել:

Ու հիմա Նարեկ Մելքումյանն ասում է, որ ԲՏԱՆ-ն է եղել թե՛ բեռն ուղարկողը 2021-ին, թե՛ ստացողը 2022-ին:

Ի դեպ, նախարարությունը հաստատել է, որ «IDEX-2023»-ին մասնակցած հայկական ընկերությունների ցուցանմուշների տեղափոխության ծախսերը հոգացել է ինքը: 

Դրան, ինչպես նաեւ հայկական կողմի մասնակցության այլ մանրամասների կանդրադառնանք առանձին հոդվածով: 

Աղբյուր՝ hetq.am