2022-ին կրիպտոմիլիարդատերերը կորցրել են իրենց ունեցվածքի 75%-ը

2022-ին կրիպտոմիլիարդատերերը կորցրել են իրենց ունեցվածքի 75%-ը

2022-ին կրիպտոշուկայի ամենահարուստ մարդիկ կորցրել են իրենց կապիտալի ավելի քան 75%-ը։ Forbes-ի տվյալներով՝ կրիպտոմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը 12 ամսվա ընթացքում նվազել է մոտ 110 միլիարդ դոլարով:

Անցյալ տարի ամսագիրը կրիպտոշուկայում հայտնել է 19 միլիարդատիրոջ մասին, որոնց ակտիվներն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 140 միլիարդ դոլար: Դատական ​​հայցերը, սնանկացումները և ակտիվների արժեքի անկումը «կրիպտոձմռան» ընթացքում լուրջ վնաս են հասցրել ոլորտին: 2023 թվականի մարտի 10-ին կրիպտոմիլիարդատերերի ընդհանուր կապիտալը կրճատվել է մինչև 30 միլիարդ դոլարով: Արդյունքում միլիարդատիրոջ կարգավիճակը պահպանել է միայն 9 մարդ։

Վարկանիշում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Binance կրիպտոփոխանակման խոշորագույն բորսայի ղեկավար Չանպեն Չժաոն։ Անցյալ տարի նրա կարողությունը գնահատվում էր 65 միլիարդ դոլար, այժմ՝ ընդամենը 10.5 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում Stellar և Ripple բլոկչեյն նախագծերի համահիմնադիրն է, առաջին MtGox կրիպտո բորսաներից մեկի հիմնադիր Ջեդ ՄաքՔելեբը՝ 2.4 միլիարդ դոլար կապիտալով, մինչդեռ մեկ տարի առաջ նրա կապիտալը 2.5 միլիարդ դոլար էր գնահատվում:

Երրորդ տեղը 2.2 միլիարդ դոլար կապիտալով կիսում են Coinbase-ի գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը և Ripple-ի նախագահ Քրիս Լարսենը: Մինչդեռ Արմսթրոնգի ունեցվածքը մեկ տարի առաջ գնահատվում էր 6.6 միլիարդ դոլար, Լարսենինը՝ 4.3:

Հաջորդիվ Web3 ենթակառուցվածքի մշակող Alchemy-ի հիմնադիրները՝ Նիխիլ Վիշվանաթանն ու Ջոզեֆ Լաուն են: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը կազմում է 1.8 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ 2.4 միլիարդ դոլար էր:

Յոթերորդ և ութերորդ տեղերը զբաղեցնում են Gemini-ի հիմնադիր եղբայրներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները։ Նրանցից յուրաքանչյուրն իր հաշվեկշռում ունի 1.2 միլիարդ դոլար, իսկ մեկ տարի առաջ 4 միլիարդ դոլար էր։

Միլիարդատերերի ցուցակը եզրափակում է կրիպտոներդրող Մեթյու Ռոսզակը 1.1 միլիարդ դոլար կապիտալով, 2022 թվականի մարտին նրա կարողությունը գնահատվում էր 1.4 միլիարդ դոլար։

Միլիարդատերերի ցուցակից դուրս են մնացել Upbit բորսայի հիմնադիր Սոն Չի Հեն, Paradigm-ի և Coinbase-ի համահիմնադիր Ֆրեդ Էրսամը, MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը, վենչուրային ներդրող Թիմ Դրայփերը, Դևին Ֆինզերը և Ալեքս Աթալլան, որոնք հիմնել են NFT շուկայում հայտնի OpenSea-ն և Digital Currency Group-ի ղեկավար Բարի Սիլբերտը:

Ամենաշատ հարվածը ստացել են Սեմ Բենքմեն-Ֆրիդը և Գարի Վանգը FTX-ից: Բենքմեն-Ֆրիդը անցյալ տարի երկրորդ տեղում էր՝ 24 միլիարդ դոլար կապիտալով, այժմ Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 10 միլիոն դոլարից պակաս: Փորձագետները Վանգի կարողությունը ներկայում գնահատել են նույնքան, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 5.9 միլիարդ դոլար։

Աղբյուր՝ b24.am