30 օր + երկու ամիս ․ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կարող է բողոքարկել ՀԾԿՀ որոշումը

30 օր + երկու ամիս ․ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կարող է բողոքարկել ՀԾԿՀ որոշումը

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն չի վաճառվի։ Բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարությունում պարզել են, որ բաժնետոմսերի վաճառքը ազգային անվտանգությանն ու պետական շահերին վնաս  կհասցնի։  Հունվարին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ։  Համաձայն հայտի՝  Կիպրոսի հանրապետության օրենքներին համապատասխան գրանցված  ընկերությունն է ցանկանում ձեռք բերել բաժնետոմսերը։  Ընկերությունը  «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ»–ն է, որն էլ   ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը:

«ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ–ն իր հերթին պատկանում է ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը։ Գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։  ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում փաստում է՝   ՝ «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն, հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, երբ ունեն հսկողության նկատմամբ փոխանցման նպատակ, կարող են իրականացնել միայն հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո։ Հայտը քննարկվում է, համաձայնեցվում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է շահագրգիռ մարմինների հետ, առարկել գործարքի կնքումը։

Մասնագետի պարզաբանմամբ՝ հայտը ուղարկվում է իրավասու մարմնի համաձայնեցանը, որ այն կարողանա գնահատել դրա ազդեցությունը պետական շահին կամ ազգային անվտանգությանը։ Այդ հիմքով էլ մերժել ենք՝ ասել է Արմեն Հունանյանն ու պարզաբանել, որ «ՄՏՍ Հայաստան»–ը կարող է 30-օրյա ժամկետում հանձնաժողովին բողոքարկել, իսկ երկամսյա ժամկետում էլ դիմել վարչական դատարան։

Բայց բողոքարկումը այդ մասով չի կասեցնի որոշման գործողության կատարումը՝ ընդգծում է ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը։

«ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։