Բանկերի միությունը հորդորում է զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց

Բանկերի միությունը հորդորում է զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում։ Դա  հանգեցրել է արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի  փոխակերպման և ֆինանսական գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկերի զգալի բարձրացման: Այս մասին ասված է  Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Արտաքին գործոնների ազդեցությունից չէր կարող անմասն մնալ նաև ՀՀ բանկային համակարգը։ Ստեղծված իրավիճակում առաջացած ֆինանսական ռիսկերը զսպելու և արդյունավետ կառավարելու, համակարգի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հաճախորդներին պատշաճ սպասարկելու   նպատակով՝ ՀՀ բանկային համակարգի կողմից ձեռնարկված միջոցներն ու տարվող քաղաքականությունը հիմնավոր է, համարժեք և արդյունավետ:

Ստեղծված իրողությամբ պայմանավորված՝ առևտրային բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների մասով կատարվեցին սակագների փոփոխություններ, ինչը հանդիսացավ իրավիճակին ոչ լավատեղյակ և ոչ կոմպետենտ անձանց կողմից չհիմնավորված հայտարարություններ և գնահատականներ հնչեցնելու պատճառ»:

Այս կապակցությամբ ՀԲՄ-ն հորդորում է զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց, չհիմնավորված գնահատականներ տալուց և հանրությանը ապակողմնորոշելուց: