Աշխատանքային կենսաթոշակի տեսակները, նշանակելու պայմանները և ժամկետը ՀՀ-ում
Աշխատանքային կենսաթոշակ
- Տարիքային
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:
63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:
- Արտոնյալ պայմաններով
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարինաշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ սանդղակի։ Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարինաշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Երկարամյա ծառայության
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
1. թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
2. օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.
3. ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հաշմանդամության
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է աշխատանքային ստաժ։
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից: Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
- Կերակրողին կորցնելու դեպքում
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1. 18 տարին չլրացած երեխային
2. 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում
3. 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4. կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում
5. ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում
6. ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում
Վերը նշված 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:
Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը` հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:
Խորթ հայրը և խորթ մայրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հորը և հարազատ մորը հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ խորթ դստերն անչափահաս տարիքում խնամել են առնվազն 5 տարի:
Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի`
վերը նշված անդամները:
Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվադրությամբ ունեցել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը՝ ըստ տարիքային խմբերի:
Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը՝ ըստ տարիքային խմբերի:
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից:
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջժամանակահատվածի համար
- Մասնակի
Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) նշանակել կենսաթոշակ.
2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
3) մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Մանրամասները ՝ ssa.am