Պետք է սովորենք ապրել ֆիլոքսերայի հետ

Պետք է սովորենք ապրել ֆիլոքսերայի հետ

Կարճ ժամանակամիջոցում ֆիլոքսերան ոչնչացրել է երկրագնդի խաղողի այգիների ավելի քան  70%-ը: Աշխարհում խաղողի ամենավտանգավոր վնասատուն ֆիլոքսերան է: Հիմա Հայաստանից դուրս խաղողագործությունը զարգանում է ֆիլոքերադիմացկուն պատվաստակալների վրա: Մեզանում ֆիլոքսերա հայտնաբերվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 1926թ.-ին: Կար նաև Արցախում։ Խորհրդային տարիներին կիրառված խստագույն կարանտին միջոցառումների շնորհիվ Արարատյան դաշտ և Վայոց Ձորի  տարածաշրջան ֆիլոքսերան չներթափանցեց: Ետխորհրդային տարիներին՝ 2009թ.-ին  Էջմիածնի տարածաշրջանի Գայ համայնքում՝ 3 հա-ի վրա հայտնաբերվեց ֆիլոքսերա վնասատուն: Այն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սրա տարածմանը խոչընդոտելու նպատակով Գայում կարանտին հայտարարեց: Հատկացվեց գումար, որի մի մասը այգիները քանդելու դիմաց տրվեց այգետերերին: 9 միլիոն դրամ էլ տրամադրվեց վնասատուի տարածման վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելուն: Ստեղծվեց ներկայացուցչական հանձնաժողով` գիտնականների ու պատասխանատու պաշտոնյաների ընդգրկմամբ: Կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել ֆիլոքսերայի դեմ պայքարի աշխատանքներով զբաղվող մշտական գործող վճարովի հանձնաժողով` տրամադրելով ոլորտում ֆիլոքսերային վերաբերող վերահսկողական գործառույթներ իրականացնելու լիազորություններ: Ցավոք, անհասկանալիորեն այդքանից հետո ֆիլոքսերայի դեմ պայքարը դադարեցվեց, թողնվելով ինքնահոսի։ 2014-15թթ.-երից հետո հանձնաժողովի գործունեությունն ընդհանրապես դադարեցվեց, չնայած այն հանգամանքին, որ վնասատուն  մեծ արագությամբ տարածվում էր: Այսօր ֆիլոքսերայի մասին արդեն պետական մակարդակով ընդհանրապես չի խոսվում և ոչինչ չի արվում: Այն աստիճանի, որ պարզ էլ չէ, թե ինչ վիճակ է տիրում հանրապետության խաղողի այգիներում սրա տարածվածության առումով: Մինչդեռ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, հանրապետությունում ոլորտի ամենագիտակ մասնագետներից Գառնիկ Պետրոսյանը գտնում է, որ բացի Վայոց Ձորից, ֆիլոքսերան տարածվել է ու կա հանրապետության բոլոր խաղողագործական բնակավայրերում, այգիներում:

Այս պատճառով էլ  «Տնտեսական լրագրողների ակումբը» խնդրի առումով հանրապետությունում ամենատեղեկացված մասնագետներին՝ հրավիրել էր քննարկելու իրավիճակն ու անելիքները Հայաստանի խաղաղագործությունը, հետևաբար և գինեգործությունն ու կոնյակագործությունը փրկելու համար: Գառնիկ Պետրոսյանը, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար  Քրիստինա Մարգարյանը և  ՀՀ ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը իրենց տեսանկյուններից, որոնք միմյանցից շատ չէին տարբերվում,  ներկարացրեցին իրավիճակն և  մտահոգությունները։    

Գառնիկ Պետրոսյանը հարցը ներկայացրեց և՛ որպես մասնագետ և՛ որպես խաղողի այգու սեփականատեր, որը շուրջ 10 տարի է վարակված է ֆիլոքսերայով: Ընդ որում` այգու ֆիլոքսերայով վարակվածությունը հաստատվել է լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքում։ Ինչպես ներկայացվեց, այդ ընթացքում ուսումնասիրման նպատակով այգում եղել են խաղողագործության ոլորտի բազմաթիվ ճանաչված գիտնականներ, այդ թվում և  ֆիլոքսերայի գծով Հայաստան ժամանած  միջազգային փորձագետներ։ Նրանց խորհրդատվությամբ ու պրն Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ կիրառվել են պայքարի ամենատարբեր միջոցառումներ։ Անգամ մովենտոյով (թունաքիմիկատ, որը ինչ-որ չափով ազդում է ֆիլոքսերայի վրա) պայքար է իրականացրել։ Որոշակի դրական արդյունք արձանագրվել է, որը սակայն հարցի լուծում համարել չի կարելի։

Գառնիկ Պետրոսյանի գնահատմամբ Ֆիլոքսերայի ազդեցությունը  պայմանավորված է առաջնահերթ խաղողի սորտով։ Որոշ սորտեր ավելի դիմացկուն են սրա նկատմամբ։ Օրինակ, «ռկածիթելին» ավելի դիմացկուն է քան «կանգունը»։ Ֆիլոքսերայի տարածմանը խոչընդոտող երկրորդ կարևորագույն գործոնը հողի մշակման ագրոտեխնիկան է:  Ագրտեխնիկական միջացառումների  ճիշտ կիրառման շնորհիվ հնարավոր է վնասատուի տարածումը ինչ-որ չափով արգելակել: Հաջորդը ոռոգումն է։ Առատ ոռոգումների դեպքում, այգում լճացումներ ստեղծելու շնորհիվ  վազերը շատ ավելի կենսունակ են լինում և վնասատուի ազդեցությունը շատ ավելի քիչ է լինում։ Կոմպլեքս պարարտացման դեպքում տվյալ այգին ավելի դիմացկանություն է դրսևորում։ Շատ բան է կախված հողի կառուցվածքից։ Սրանք ընդամենը դանդաղեցնում են վնասատուի տարածման ընթացքը։ Մինչդեռ պրն Պետրոսյանի ներկայացմամբ՝ մոտ ապագայում արդեն խաղողագործության ոլորտում լրջագույն խնդիրներ ենք ունենալու։ «Արբատ գյուղում (Մասիսի տարածաշրջան), որտեղ գտնվում է իմ այգին, ավելի քան 40 հա խաղողի այգիներից այլևս արտադրական այգի  չի մնացել։ Այս իրավիճակում խաղողագործները մեծ այլընտրանք չունեն. կամ ընդհանրապես պետք է քանդեն այգին, կամ շարունակեն մշակել, այնպիսի ագրոտեխնիկայի կիրառմամբ, որը որոշակի ժամանակահատված կերկարացնի այգու արդյունավետությունը»։  Գիտնական գյուղատնտեսն իր զարմանքը չի կարողանում թաքցնել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ֆիլոքսերան կործանում է թե խաղողի սեփականատերերի և թե երկրի տնտեսությունը, մինչդեռ և՛ կառավարությունը, և՛ մասնագետները, և՛ խաղողագործները  բացարձակ անտարբեր են խնդրի  նկատմամբ։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար  Քրիստինա Մարգարյանը, ով ոլորտի մասնագետների պնդմամբ անուրանալի ներդրում ունի հայկական ծագման խաղողի սորտերի փորձարկման, անձնագրավորման, պահպանման ու աշխարհին ճանաչելի դարձման առումով, ում անձնական կապերի շնորհիվ հնարավոր է եղել մեր, աբորիգեն սորտերի ուսումնասիրմանն ու պահպանմանն ուղղված մի շարք ծրագրեր իրականացնել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, ներկայացրեց, որ ավելի քան  10 տարի իրենց  ինստիտուտի և իր խմբի հիմնական աշխատանքներն ուղղվել են  Հայաստանում խաղողի ու հատկապես տեղածին սորտերի կենսաբազմազանության նկարագրությանը, անձնագրավորմանն ու պահպանմանը։  «Միաժամանակ ակտիվ աշխատել ենք նաև մի շարք հիվանդությունների, կուլտուրական սորտերի և վայրի խաղողի պոտենցիալի գնահատման ուղղությամբ:  Այս տարիներին աշխատել եմ հիմնականում երջանկահիշատակ Գագիկ Մելյան հետ, ում տիտանական ջանքերի շնորհիվ կարողացանք պահպանված հին այգիներից հավաքագրել հնարավոր ամբողջ կենսաբազմազանությունը և   ի մի բերել ազգային կոլեկցիայում։ Ես կարողացա հասնել նրան, որ բոլոր այն սորտերը, որոնք պահպանվում են մեր կոլեկցիայում, ստանան անձնագրեր։ Մեզ պետք էր նաև հստակ ինվենտարիզացիա իրականացնել, հասկանալու համար իրավիճակը։ Գիտական աղբյուրներում նշվում էր, որ ունեցել ենք 800-850 սորտ, որից 450-500-ը՝  տեղածին, 400-450-ը՝ սելեկցիոն սորտեր։ Մենք փորձում էինք հասկանալ թե դրանցից ինչքա՞նն է պահպանվել և ի՞նչ պոտենցիալ ունենք։  Կոլեկցիայում պահպանվող գենետիկական անձնագրերն էլ  արդեն ունենք։ Մեր գերմանացի գործընկերների շնորհիվ, բացառապես նրանց ջանքերի ներդրմամբ շուրջ 2000 նմուշներ, ներառյալ վայրի խաղողի, որը հավաքագրվել էր Սյունիքից (ցավոք այս պահին այլևս այդ հատվածները մեզ անհասանելի են), Տավուշից, Վայոց Ձորից, Ալավերդուց։ Ուզում եմ հատկապես շեշտել վայրի խաղողի ուսումնասիրությունը, որովհետև մենք  հիմնականում կենտրոնացել էինք վայրի խաղողի վրա։ Սրանում մենք չբացահայտված շատ մեծ պոտենցիալ ունենք, որոնք լուրջ ռեզերվուար ունեն հատկապես մի շարք հիվանդությունների նկատմամբ»։

Գիտնականը խոսեց նաև ՀՀ-ում կենսաբազմազանության օրենքի բացակայության մասին, ինչի «շնորհիվ» շատ են դեպքերը, երբ վրացիք անցնում են սահմանն ու Բագրատաշենից կամ այլ հատվածից հավաքագրում և տեղափոխում են հայկական վայրի խաղողի սորտեր ու տեսակներ։ «Տարբեր նպատակներով գալիս են Հայաստան ու վայրի կտրոններ տանում։ Ու հասկանում ես, որ գործնականում գենետիկական հումքի երկրից դուրս հանելու արգելք մեզանում չկա։ Մեր ամբողջ կոլեկցիան ես ճամպրուկներով տարել եմ Գերմանիա ու սահմանային անցակետում այդպես էլ չհետաքրքրվեցին, թե ի՞նչ եմ տեղափոխում, ի՞նչ իրավունքով։ Մինչդեռ Գերմանիայի կոլեկցիայից ընդամենը մի տերև ՀՀ բերելու թույլտվություն ստանալու համար  առնվազն երկու ամիս շարունակ նամակագրություն եմ ունենում  տարբեր պետական հաստատությունների հետ։ Փաստացի մեզանում չկա գերատեսչություն, որը զբաղվում է մեր կենսաբազմազանության պահպանմամբ։ Մինչդեռ Հայաստանը շատ հարուստ է գենետիկական ռեսուրսներով, մենք այս պահին ունենք այնքան տեղածին սորտեր, որքան ունի Ֆրանսիան։ Հռչակվելով որպես գինեգործության և խաղողագործության օրրան, արդեն մի քանի տարուց չենք կարող դրանով հպարտանալ, որովհետև բացարձակապես ոչինչ չենք անում մեր գենետիկական ռեոսուրսների պահպանման ուղղությամբ։ Մինչդեռ շատ կարևոր է, որ մեր կոլեկցիան ավելի լուրջ ուսումնասիրվի։ Այն պետք է դուբլիկատով պահպանվի։ Ստուգվի սրանում ֆիլոքսերա կա, թե՝ ոչ։ Կարևոր է, որ  պահպանվի հենց ֆիլոքսերադիմացկուն արմատակալների վրա։ Կոլեկցիայում ունենք հետաքրքիր գինեմետ սորտեր, և պետք է զբաղվենք նաև այդ սորտերի գինու պոտենցիալը գնահատելու ուղղությամբ ու դուբլիկացիայով, որովհետև դրանցից շատերից Հայաստանում, հետևաբար և աշխարհում մնացել է ընդամենը մեկ-երկու բույս։ Հետևաբար` եթե մենք իսկապես ուզում ենք շարունակել մնալ գինեգործության և խաղողագործության բնօրրան,   ուրեմն  ժամանակն է, որ դա չարվի անհատների մակարդակով։ Այդտեղ պետք է համակարգ աշխատի»։ Գիտնականը ներկայացրեց նաև, որ Ֆիլոքսերայի հետ կապված մեծ նախագիծ են իրականացրել Չինաստանի ֆինանսավորմամբ և ամփոփումը հոդվածի տեսքով տպագրել են աշխարհի գիտական ամենահեղինակավոր ամսագրերից մեկում, որտեղ ցույց են տվել, որ մեզանում գինեգործությունը  ոչ թե 6 հազար տարվա պատմություն ունի, այլ 11 հազար։  «Եվ մենք իսկապես բնօրրան ենք, որտեղից սկսել է գինեգործությունը և ինչը շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանից միգրացիա բացարձակապես տեղի չի ունեցել։ Այն ռեսուրսը, որ մենք ունենք, շատ ունիկալ է»։ Գիտնականը խոսեց նաև Հայաստանում գիտնական մասնագետների բացակայության մասին ու այն մասին, որ երիտասարդությունը բացարձակապես ցանկություն չի դրսևորում նույնիսկ բարձր վարձատրությամբ  այս ոլորտում աշխատելու։

Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը հարցը ներկայացրեց առավելապես գինեգործության տեսանկյունից, նշելով, որ այն վերջին տարիներին Հայաստանում վերածնունդ է ապրում։ Նրա ներկայացմամբ այս տարիներին տարբեր միջազգային փառատոնների մասնակցելով հասկացել են, որ աշխարհին հետաքրքիր ենք մեր տեղածին սորտերից պատրաստված գինիներով: «Մեր ներուժը մեր տեղածին սորտերն են և այս առումով մեծ աշխատանք պետք է իրականացվի, որպեսզի մենք շարունակենք ներկայացնել հայկական գինիները»։ Տկն Մուրադյանը ևս նշում է, որ մեր գինեգործության սկսած հաղթարշավի ճանապարհին ֆիլոքսերան լուրջ խոչընդոտ է։ Մյուս կողմից էլ նա հարց է բարձրացնում այն առումով, որ մեզանում ֆիլոքսերան արագ չի զարգանում։ «Սա բոլորին է հետաքրքրում։ Պետք է ի վերջո գիտականորեն ճշտվի, հստակեցվի, պատճառա-հետևանքային կապը, թե ինչով է պայմանավորված, որ ֆիլոքսերան մեզանում դանդաղ է զարգանում։ Բայց դա հարցի մի կողմն է։ Վերջին տարիներին հաճախակիացել են դեպքերը, երբ տեսնում ենք, որ տվյալ այգում ֆիլոքսերա կա, ահազանգում ենք, բայց «ուսումնասիրությունը պարզում է», որ դա ցրտահարություն է ու ոչ ֆիլոքսերա, այգին էլ ցրտի հետևանքով է չորացել։ «Ֆիլոքսերան, իսկապես, լուրջ վտանգ է մեզ համար, որին, ցավոք, այնքան էլ լուրջ չենք վերաբերում: Բազում նման հարցեր կան և պետք է խիստ հետևողական աշխատանքներ իրականացվեն, որպեսզի հասկանանք ու գնահատենք մեր ռիսկերը, թե քանի տարուց ինչ խնդրի առաջ կհայտնվենք։ Պետությունը դեռ երեկ, իրականում շատ ավելի շուտ պետք է պատրաստ լիներ այդ մարտահրավերները դիմակայելու։ Ցավոք, մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են, այն աստիճանի, որ թույլ չեն տալիս մեր տեղածին, մաքուր հայկական սորտերը պատվաստել թե ՛ մեր վայրի, թե ՛ ամերիկյան արմատակալների վրա, որպեսզի հասկանանք սրանք ինչպես են դրսևորում իրենց այդ կերպ և ամենակարևորը, որ տեսակը չկորցնենք։

Գալով հայկական գինուն. այն շատ քիչ է, բայց շատ բարձրորակ: Հասկանալիորեն իր եղած քանակներով չի կարող մրցակցել  գինեգործական մեծ  երկրների հետ։ Հետևաբար` պետք է շեշտը դնել որակի վրա։ Իսկ գինու որակը բխում է խաղողի որակից։ Մինչդեռ, եթե այգին մաքրասորտ չէ, ապա չկա երաշխիք, որ միշտ կունենանք նույն որակի գինին։ Այսօր մեր ընկերությունները ներդրումներ են անում, իրենց սեփական այգիներն են հիմնում, որովհետև բախվում ու բախվելու են այդ ու նմանատիպ շատ խնդիրների։ Հսկայական մեծ պահանջարկ կա տնկիների: Բայց սրանք սերտիֆիկացված չեն ու չկա որևէ երաշխիք, որ գնվածը Արենի սորտի է և ոչ թե կլոն։  Բազմաթիվ են դեպքերը, երբ մի սորտի այգի է հիմնվում, բայց բերքից  պարզվում է, որ բոլորովին այլ սորտի է: Սրանք լուրջ խնդիրներ են, որ դեռ չի հաջողվում լուծել։ Հետևաբար` շատերը լուծումը գտնում են դրսում, հաճախակի դրսից ներկրված տնկիներով այգիները հիմնելով։ Հասկանալի է, որ խաղողագործության մեջ չկան կարճաժամկետ ծրագրեր, իսկ երկարաժամկետների համար էլ միջոցներ ու ժամանակ է պետք։ Մեր խիստ սուղ հնարավորությունների շրջանակներում փորձում ենք այդ խնդիրները լուծել։ Ցավով, բայց և  ուրախությամբ պետք է ասեմ, որ այդ խնդիրների մի զգալի մասը լուծվում է Մարգարյան Քրիստինայի անձնական ջանքերի միջոցով, զուտ մարդկային ծանոթությունների ու հարաբերությունների դաշտում։ Ունենք բազմաթիվ հետաքրքիր սորտեր,   որոնք մեր այցեքարտերն են լինելու աշխարհում և դրանց ուղղությամբ պետք է գիտականորեն աշխատենք, որովհետև մենք հետաքրքիր ենք մեր տեղածին սորտերով։ Բայց այդ ամենի համար միջոցներ են պետք, որ չունենք»։

Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացրեց ֆիլոքսերայի անցած ուղին աշխարհի խաղողի այգիներում ու զուգահեռներ անցկացրեց հայկականի հետ։ «Ֆիլոքսերան մեզանում հայտնաբերվելուն պես  գիտնական մասնագետների խումբ կազմվեց, որպեսզի մշակվեր միջոցառումների պլան։ Որոշվեց քանդել և կարանտին սահմանել այդ տարածքում։ Հրավիրեցինք միջազգային փորձագետների։ Ուսումնասիրություններ արվեցին։ Եկանք եզրակացության, որ այգիների քանդելն արդյունավետ չէ։ Ուսումնասիրեցինք նաև այն երկրների փորձը, որ անցել են այդ ճանապարհով։ Մասնավորապես Ֆրանսիան, որ նույնպես փորձել էր այդ մեթոդներով պայքարել։ Այս երկիրը իր պատմության ընթացքում ֆիլոքսերայից ելնելով երկու անգամ ոչնչացրել է իր ամբողջ խաղողի այգիները։ Մի քանի տարի առանց խաղողի են մնացել, որ այդ խնդիրը լուծվի, բայց չի լուծվել։ Ամբողջ Եվրոպայում ֆիլոքսերան տարածված էր ու այդ խնդիրը այդ ճանապարհով հնարավոր չի եղել լուծել։ Մենք չկարողացանք պայքարել ֆիլոքսերայի դեմ, դրա համար սովորեցինք ապրել ֆիլոքսերայի հետ, ասում են ֆրանսիացիք։ Հիմա ֆիլոքսերայի հետ ապրելու հերթը մերն է, ասում է պրն Նիկոյանը։ Քանի որ այլ տարբերակ չկա, մենք էլ պետք է սովորենք ապրել ֆիլոքսերայի հետ։ Պետք է ընդունենք, որ ինքը կա, իր սև գործն անելու է։ Բայց պետք է հասնենք նրան, որ այն մեզ շատ չխանգարի։ Աշխարհը այդ խնդիրը լուծելու համար գնացել է ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներով այգիների հիմնման ճանապարհով։ Այսօր ոչ ոք յուրարմատով այգի չի հիմնում։ Հասկանում են, որ դա ռիսկային է։ Այսօր ֆիլոքսերայի հետ կապված մեր հիմնական ուշադրությունը Վայոց Ձորի մարզին է, որը դեռ ֆիլոքսերազերծ գոտի է։  Եթե կարողանանք դա պահպանել, ապա մեծ հաջողություն է։ Բայց կասկածում եմ, որովհետև երկրի ներսում կարանտին չի գործում, իսկ Արարատյան դաշտում ֆիլոքսերան տարածված է ու սրա Վայոց Ձոր ներթափանցելու վտանգը շատ մեծ է։  Մեզ մնում է սովորել ապրել ֆիլոքսերայի հետ, ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներով պատվաստված տնկիներով այգիների հիմնմամբ։  Պատվաստակալները կլինեն ամերիկյան սորտեր, թե մենք կարող ենք մեզանում գտնել  ֆիլոքսերադիմացկուն վայրի սորտեր, դա հարցի մյուս կողմն է։ Ամեն դեպքում այլընտրանք չունենք։ Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ Ֆիլոքսերայի դեմ պայքարի համար ավելի մեծ արդյունք է տալիս ագրոտեխնիկայի կանոնների ճիշտ կիրառումը, քան քիմիական մշակումը։ Չնայած, ի վերջո գալու է մի պահ, որ ինքը տնտեսապես արդյունավետ չի լինելու։ Բայց խնդիրների լուծման համար գիտական մոտեցումներ են պետք ու ֆինանսական լուրջ ներդրումներ:

Մինչդեռ, այս ուղղությամբ ֆինանսական որևէ ներդրում չի արվում ոչ պետության և ոչ էլ անհատների կողմից։ Ինչն ընդունեցին նաև մասնակիցները։ Նրանք հատուկ շեշտում էին, որ խնդրին ավելի հաճախակի  ու ավելի լուրջ պետք է անդրադառնալ, ելնելով այն հանգամանքից, որ խաղողագործություն-գինեգործություն-կոնյակագործությունը մեր տնտեսության առանցքային ճյուղերից է, որի անկումը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ տնտեսության համար: Մնում է միայն, որ պատկան մարմինների կողմից դրա կարևորությունը ընկալվի։