Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Նոր Ջուղայի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Նոր Ջուղայի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Հոսեյն Քարգարին, Սպահանի պատմամշակութային վարչության ղեկավար Միսամ Բեքթաշյանին և Սպահանի հայկական խորհրդի անդամ Վարուժ Մինասյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կապան այցելելու համար և ներկա իրավիճակում հատկապես կարևորել հայ–իրանական դարավոր հարաբերությունները, որոնք կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա:
Հատկանշելով հայ–իրանական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևորել է նաև համագործակցության ստեղծումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ՝ Սպահանի հետ առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Հոսեյն Քարգարին իր խոսքում ևս վերահաստատել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը՝ հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում, և համայնքի ղեկավարին է փոխանցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմ Զադեի նամակը, որով նա համայնքի ղեկավարին պաշտոնական այցով հրավիրում է Սպահան՝ տեղում քաղաքի հնարավորություններին ծանոթանալու, ինչն էլ իր դրական դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում:
Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն հիմնական ուղղությունները, որոնցով առաջիկայում կխորացվի երկկողմ համագործակցությունը։
Պաշտոնական հանդիպումից հետո, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ճանաչողական այց են կատարել Կապանի երկրագիտական և Արվեստի թանգարաններ՝ ծանոթացել քաղաքի պատմությանն ու մշակույթին։ Օրվա ավարտին հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու Վանաձորի «Հորովել» երգի–պարի անսամբլի տպավորիչ ելույթները։