Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունների հետ։
Հանդիպման առանցքային թեման կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերներն էին, մասնավորապես՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ջրամբարաշինական ծրագրերում գործընկերների մասնակցության հնարավորություններին։
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության հետ իրականացվող ծրագրերի կարևորությունը հատկապես հանրային ներդրումների գնահատման տեսանկյունից։
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի ղեկավար Յասմին Սիդդիքին, անդրադառնալով ջրի տարածաշրջանային խնդիրներին, նշել է, որ բանկը ծրագրեր է իրականացնում 10 երկրներում․ Ուզբեկստանում և Պակիստանում իրականացվող ջրամբարաշինական ծրագրերը դեռ ընթացքի մեջ են։ Այս համատեքստում կարևոր է ուսումնասիրել Հայաստանում առկա հնարավորությունները և մշակել ռազմավարություն նոր ծրագրերի իրականացման համար։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ով հյուրերին է ներկայացրել Հայաստանում առկա 87 ջրամբարների ներկայիս վիճակը, ջրամբարաշինության ընթացքը։
Հանդիպման ավարտին ջրային ոլորտում միջազգային փորձին լավագույնս ծանոթաբալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելություններ կազմակերպել Վրաստան և Ֆրանսիա։