Արդարացի գնագոյացո՞ւմ, թե՞ գործընթացի բարդացում․ ինչու՞ է թանկացել նոր բաժանորդ դառնալու վճարը

Արդարացի գնագոյացո՞ւմ, թե՞ գործընթացի բարդացում․ ինչու՞ է թանկացել նոր բաժանորդ դառնալու վճարը
Ապրիլի 1–ից ՀԷՑ-ի նոր բաժանորդները ցանցին միանալու համար նախկինից 2-3 անգամ ավելի շատ են վճարում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում հիշեցնում է, որ միացան վճարի մեխանիզմը գործում է 2008 թվականից։ Բաժանորդը վճարում է ՀԷՑ–ին, ընկերությունն էլ կատարում էր  այդ աշխատանքները։ Արդյունքում ՀԷՑ–ը դառնում է սեփականատերն ու պատասխանատուն։  Հաշվարկները կատարվել էին այդ ընթացքում։ Բացի այդ, միացման նոր բաժանորդ դառնալ ցանկացողներն են ավելացել։ «Մինչև  2015 թվականը տարեկան  մոտ   3–5 հազար նոր  սպառող էր լինում, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակում արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 12 հազար դիմում է ստացել»։ Վիճակագրությունը փաստում է՝  նոր բաժանորդները միանում են ցանցին, բայց հոսանք չեն սպառում։ Աղինյանի խոսքով՝  նոր միացած բաժանորդների մոտ 38 տոկոսը հոսանքը չի սպառում։  «Դա միացման գործընթացի մատչելի ու պարզեցված լինելու ազդակ էր»,– փաստում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ու նշում, որ  մարդիկ դեռևս որևէ պլան չունենալով իրենց հողատարածքի նկատմամբ, պարզապես  ստանում են էլեկտրական ցանցի միացումը, բայց որևէ բան չեն կառուցում, գործունեություն չեն ծավալում։ Այժմ, ըստ հանձնաժողովի անդամի՝  փորձել են գները արդիականացնել՝ հիմքում ներդնելով՝ բաժանորդն է կրում իր միացման ծախսը մոդելը։ 
Որտեղ որքան կվճարեն 
Սերգեյ Աղինյանը մանրամասնում է՝ մարզերի ու Երևանի բաժանորդների համար տարբերակված մոտեցում են ցուցաբերվել։ Մարզում առանձնատուն կառուցողը ՀԷՑ բաժանորդ դառնալու  համար  նախկինում 53 հազար դրամ էր վճարում, այժմ՝ 234 հազար դրամ, Երևանում՝  65 հազար դրամի փոխարեն՝ 282 հազար դրամ։  Նախկինում այդ ծախսը ներառվում էր սակագում, վճարում էինք բոլորս, այժմ նոր միացվող բաժանորդը կվճարի իր համար»,– հստակեցում է։  Խոստովանում է՝  բարձրացումների հետ կապված դժգոհություններ կան, բայց   30 կամ 40 մլն դրամ արժեքով առանձնատուն կառուցելիս  250 հազար դրամ վճարելը թանկ չէ՝ ասում է։ 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը նաև տեղեկացնում է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները չպետք է վճարեն, գրեթե բոլորի պայմանագրերում հիմնականում նշված է, որ ստանում են բնակարանը՝ ենթակառուցվածքներով, իրենց փոխարեն կառուցապատողներն են կրում ծախսերը։ 
Կառուցապատողներն  անակնկալի են եկել ՀԾԿՀ–ի որոշումից 
Կառուցապատողները, սակայն առարկություններ ու անհամաձայնություններ ունեն։ Նրանք դրանք առաջիկայում կներկայացնեն պատկան կառույցներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ քննարկումների մասին տեղյակ չեն եղել, որոշումն անսպասելի էր, իսկ սա անկանխատեսելի վարքագիծ էր բիզնեսի համար։ Հիշեցնում է՝ կառուցապատումը տևական, երկարաժամկետ ներդրումային ծրագիր է՝  30, 36 կամ 40 ամիս տևողությամբ։ Մինչև շինարարական փուլին անցնելը կառուցապատողները բիզնես պլանավորում են անում,  որոշում են գները, շինթույլտվություն ստանալուց հետո սկսում են կառուցվող շենքում անշարժ գույքի նախնական վաճառքը։  Որևէ մեկը չէր կանխատեսում, որ  նման բարձրացում է լինելու՝ ասում է Գրիգորյանը։ Կառուցապատողները, որոնք արդեն քաղաքաշինական փաստաթղթեր ու  թույլտվություններ ունեն, խնդրի առաջ են կանգել․  «Նրանք միայն վերջերս են հնարավորություն ունեցել միացման համար դիմելու, պարզում են, որ գները մի քանի անգամ բարձրացել են։ Սա շոկային ազդեցություն կարող է ունենալ  կառուցապատողների համար․ընդհուպ մինչև անվճարունակության առջև կանգնել»։  
Որոշումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմ 
Սպառողների աջակցման կենտրոնի նախագահ Աշոտ Միրզոյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում նշում  է՝ նման որոշումները միշտ էլ քաղաքական ենթատեքստ են ունեցել։ Սա էլ բացառություն չէ, բայց և նկատում է՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մեջ և դրական, և բացասական տարրեր կան։ Բացատրում է՝ Հայաստանում էլեկտրաէներգիան չհիմնավորված բարձր գին ունի․ «Մենք միշտ առաջարկել ենք տարբերակված որոշում կիրառել։ Այստեղ չներառել միայն սոցիալապես անապահովներին։ Գուցե խմբավորեին ու շահառուների այս խմբի համար հոսանքի գնի վերանայում լիներ»։  Միրզոյանի խոսքով՝ դրականն այն է, որ նոր բաժանորդ դառնալու  ծախսը ընդհանուր սպառողների վրայից հանում են, բացասականն այն է, որ սպառողների տարանջատում չկա։ Որոշումը լրամշակման կարիք ունի՝ եզրափակում է Սպառողների աջակցման կենտրոնի նախագահը։