Սպիտակ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

Սպիտակ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Սպիտակ խոշորացված համայնքում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները:
Ա. Խաչատրյանն այցի ընթացքում ծանոթացավ 2022թ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքների ընթացքին, բնակավայրերում առկա խնդիրներին, զրուցեց բնակիչների հետ:
2022թ. սուբվենցիոն ծրագրերը (ընդհանուր 1 մլրդ 107 մլն դրամ արժողությամբ) ընդգրկել են Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի մեծ մասը՝ առավելապես նպատակ ունենալով բարելավելու ենթակառուցվածքները՝ բնակչության համար կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Օրինակ՝ Սպիտակ բնակավայրի Այգեստան թաղամասի փողոցը դեռևս անցած տարի գրեթե անանցանելի էր, թեև ճանապարհի երկայնքով են տեղակայված դպրոցը, մանկական կենտրոնը, մարզադպրոցը, Թումո տուփը և այլն: Այժմ ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգված է:
Փողոցների բարեկարգման, լուսավորության համակարգերի տեղադրման, ոռոգման և խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներ են իրականացվել բնակավայրերի մեծ մասում:
Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց իրականացվող աշխատանքների ծավալներից՝ նշելով նաև որոշ նկատառումներ որակի հետ կապված և հորդորելով շուտափույթ վերացնել թերությունները:
-Վստահ եմ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքային ներդրումներով կարճ ժամանակ անց մեր համայնքներում ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները հասցնելու ենք նվազագույնի,-ասաց Ա. Խաչատրյանը:
2023թ. ևս համայնքը 7 սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել՝ շուրջ 1 մլրդ 100 մլն դրամ արժեքով, որոնք դարձյալ ուղղված կլինեն բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավմանը:
ՀՀ կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Սպիտակ խոշորոցված համայնքի Սպիտակ, Լուսաղբյուր, Գոգավան Լեռնավան բնակավայրերում կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ: Սպիտակ բնակավայրում մարզի ղեկավարը հետևեց մանկապարտեզի կառուցման ընթացքին. այն շահագործման կհանձնվի արդեն օգոստոսին՝ հնարավորություն ունենալով իր գիրկն առնելու շուրջ 180 երեխայի:
-Հատկապես Սպիտակ խոշորացված համայնքում մանկապարտեզների սակավության խնդիր կա: Խոշոր բնակավայրեր ունենք որտեղ մանկապարտեզ երբևէ չի եղել: Այս ծրագիրը մեծ հնարավորություն է մեր բնակավայրերը մանկապարտեզներով համալրելու, քանի որ կրթության հիմքը հենց մանկապարտեզն է,- նշեց մարզի ղեկավարը:
2022թ. Սպիտակ խոշորացված համայնքում իրականացված ծրագրերն են.
• Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի արցախյան գոյամարտերում անմահացած հերոսների հիշատակի հուշահամալիրի կառուցում և Մեծ Պարնի բնակավայրի նոր բնակատեղիի համայնքային այգու կառուցում (72.702 մլն դրամ),
• Սպիտակ բնակավայրի Այգեստան թաղամասի փողոցի հիմնանորոգում ասֆալտապատումով և ջրահեռացման համակարգով, Շենավան բնակավայրի փողոցների մասնակի ասֆալտապատում, Արևաշող բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, Ծաղկաբեր բնակավայրի 1-ին փողոցի հենապատի կառուցում, Լուսաղբյուր բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում՝ (152, 426 մլն),
• Սպիտակ, Արջահովիտ, Ջրաշեն, Արևաշող, Շենավան, Գեղասար և Խնկոյան բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգերի ընդլայնում( 90․920մլն),
• Սպիտակ բնակավայրի Էստոնական և Տաշիր թաղամասերի գլխավոր ճանապարհների, Ծաղկաբեր բնակավայրի 3-րդ փողոցի, Լեռնանցք բնակավայրի «Նոր գյուղի» կենտրոնական ճանապարհի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում՝ (131․ 313 մլն դրամ),
• Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի 4-րդ փողոցի, Լուսաղբյուր և Խնկոյան բնակավյրերի գերեզմանատուն տանող, Լեռնավան բնակավայրի 2-րդ, Ջրաշեն բնակավայրի 7-րդ, 1-ին փողոցի 5-րդ փակուղու և 6-րդ փողոցի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում (93․407 մլն),
• Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի խողովակաշարի մասնակի վերանորոգում, Գոգարան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Շիրակամուտ բնակավայրի 14, 16 և Կրասնոդարի փողոցների խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում, Հարթագյուղ բնակավայրի խմելու ջրի ջրագծերի և ակունքների վերանորոգում (100․374 մլն),
• Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Արևաշող, Գեղասար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, Սարահարթ բնակավայրի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգերի կառուցում, Լեռնավան բնակավայրի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում (465․320 մլն դրամ):