Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Թոմաս Մյուլմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի):
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ նախագահ Խաչատուրյանը նորանշանակ դեսպանին հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
Իր խոսքում նախագահը նշել է.
«Ավստրիան այն պետություններից է, որը վաղուց է ներկայացված մեր երկրում: Մենք գնահատում ենք այն աջակցությունը, որը Ավստրիան ցուցաբերել է մեզ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և մանավանդ վերջին տարիներին: Համոզված եմ, որ Ձեր աշխատանքն ու դիվանագիտական փորձն իրենց նպաստը կբերեն հայ-ավստրիական համագործակցության զարգացմանը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը շեշտել է, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Ավստրիայի միջև բազմաշերտ փոխգործակցության ակտիվացման գործընթացում: «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այստեղ և կանեմ լավագույնը մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը համար»,- նշել է դեսպան Մյուլմանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար միջանցքի բնականոն գործունեության խոչընդոտումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարումները հումանիտար աղետի սպառնալիք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի 120.000 հազար բնակչության համար: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ քայլերը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացի վրա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին նախագահը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի միջև փոխգործակցության խթանման հնարավորություններին: Այս առումով դեսպան Մյուլմանը հայտնել է, որ Ավստրիական զարգացման գործակալությունը նախատեսում է ընթացիկ տարում գրասենյակ հիմնել Կապանում՝ Գյումրիի և Վանաձորի օրինակով: