ԱՄՆ ստորին պալատի հանձնաժողովն աջակցություն է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծին

ԱՄՆ ստորին պալատի հանձնաժողովն աջակցություն է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև նախարարների և կառավարության այլ պաշտոնյաների դեմ «մարդու իրավունքները խախտելու և ահաբեկչությանն աջակցելու համար» պատժամիջոցների օրինագծին, հայտնում է ТАСС-ը:

Այժմ օրինագիծը պետք է քվեարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

Այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ, ըստ կոնգրեսականների, պետք է պատժամիջոցներ սահմանվեն, ներառված են Իրանի գերագույն առաջնորդը, ինչպես նաև նրա գրասենյակի աշխատակիցները։ Բացի այդ, ակնկալվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի նախագահի և նրա գրասենյակի ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ նախարարների և փոխնախագահների նկատմամբ:

Պատժամիջոցները կարող են կիրառվել ցանկացած իրավաբանական անձի, ներառյալ հիմնադրամների և տնտեսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք գտնվում են «Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի հսկողության ներքո» և, ըստ ԱՄՆ-ի, «ներգրավվածություն ունեն մարդու իրավունքների խախտման ֆինանսավորմանը կամ կատարմանը, ահաբեկչության աջակցմանը»:

Սահմանափակումներ կարող են կիրառվել նաև ֆիզիկական անձանց նկատմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կամ պետքարտուղարության խորհրդով: