Գործարարն ահազանգում է․ ԵԱՏՄ մաքսազերծման կարգի փոփոխությունը սպառնալիք է փոքր ու միջին բիզնեսների համար

Օրեր առաջ Note.am ընկերության հիմնադիր Ներսես Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր․ «Մի քանի օր անդադար ՀՀ մաքսատները թույլ չեն տալիս օրինական մաքսազերծել 20-ից ավել ներկրողների ապրանքներ, օբյեկտիվ բացատրություն չկա։ ԵԱՏՄ մաքսազերծման կարգ է փոխվել, որին մեր տնտեսությունը պատրաստ չԷ, շատերը կսնանկանան»։
Մեզ հետ զրույցում Ավդալյանն ասաց, որ գործընթացն, իհարկե, առաջ գնացել է, բայց հարցի լուծումն այնպիսին չէ, որ հուսադրող լինի։ «Խնդիրը լուծվել է, այսպես ասած, բարի կամքի դրսևորմամբ։ Սակայն ցանկացած պահի ունենք ռիսկ, որ այդ խնդրի առաջ որևէ այլ ընկերություն կկանգնի։ Բանն այն է, որ այս խնդրին ոչ Հայաստանում, ոչ ԵԱՏՄ-ում օրենսդրական լուծում չի տրված»։
Նա պարզաբանեց, որ ԵԱՏՄ կանոններից մեկի համաձայն, որը վերաբերում է IFC սերտիֆիկացիային, բրենդային ապրանքները ներկրվելուց պետք է անցնեն որակի սերտիֆիկացում։ Այս պահանջը պարտադրում է ընկերություններին յուրաքանչյուր ներկրված ապրանքից մեկ օրինակ թողնել սերտիֆիկացնող կազմակերպության մոտ և սպասել 30-60 օր՝ մինչև ապրանքն անցնի սերտիֆիկացման ողջ պրոցեսը։
«ԵԱՏՄ մաքսային կանոններն առավելապես նախատեսված և ադապտացված են Ռուսաստանի, ինչ-որ չափով՝ նաև ղազախական ընկերությունների համար։ Փաստացի, Ռուսաստանը ԵԱՏՄ ամենամեծ տնտեսությունն է, հետևաբար, բնական է, որ ամենամեծ բեռն իր վրա վերցնողը պետք է նաև ամենաքաղցր կտորներն իրեն վերցնի։ Բայց Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների շրջանառությունների ծավալներն անհամադրելի են, դրանք 100, 200, անգամ 1000 անգամ տարբերվում են։ Օրինակ, Հայաստան ներկրվում է տարեկան 20 հազար նոթբուք, իսկ Ռուսաստան՝ 3 մլն, Հայաստան տարեկան ներկրվում է, օրինակ, 50 000 լվացքի մեքենա, իսկ Ռռուսաստան՝ դրանից 5000 անգամ ավելի։
Հայաստանում կան ընկերություններ, որոնք տարեկան ներկրում են 30 սմարթֆոն, ընդ որում՝ դրանք միշտ չէ, որ միևնույն մոդելի են, այսինքն, կարող է, օրինակ, 3 տարբեր մոդելների սմարթֆոններ լինել։ Այդ դեպքում՝ ընկերությունը յուրաքանչյուր մոդելից մեկական պետք է թողնի սերտիֆիկացնող կազմակերպությանը, սպասի 30 օր, մինչև սերտիֆիկատը կտրվի, ու այսպես յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Պատկերացրեք, թե հայ գնորդի համար այդ դեպքում, որքան կավելանա ապրանքի արժեքը, դրա արդյունքում քանի կազմակերպություն պարզապես կփակվի ու մի քանի 100 աշխատող գործազուրկ կդառնա»,-ասաց Ավդալյանն՝ ընդգծելով, որ այս կանոնը փոքր տնտեսությունների համար ադապտացված չէ։
Նա նշեց, որ սրա առավելությունն այն է, որ ընկերությունները Եվրոպայից արդեն բերում են սերտիֆիկացված ապրանքներ։ Մեկ այլ խնդիր է նաև այն, որ շատ թեստավորումներ Հայաստանում ի վիճակի էլ չեն իրականացնել։ Խոսքը, մասնավորապես, ճառագայթման հետ կապված չափորոշիչների ստուգումներին է վերաբերում։
«Սա Հայաստանում գրեթե անհնարին է անել։ Մեկ-երկու կազմակերպություն ունի դրա հնարավորությունը, սակայն դրանք մոբայլ օպերատորներն են, որոնք ամենևին չեն զբաղվում սերտիֆիկացման գործով։
Այսինքն, սմարթֆոնի համար իրական որակով սերտիֆիկատ ստանալը գրեթե անհնարին է դառնում, արդյունքում, հայկական ներկրողը սկսում է կախվածություն ունենալ ԵԱՏՄ-ի մեծ դիստրիբյուտորներից։ Սա ևս թանկացնում է ապրանքի գինը հայ գնորդի համար՝ ստեղծելով անելանելի իրավիճակ փոքր և միջին կազմակերպությունների համար։
Ստացվում է՝ հայկական տնտեսությունը ռիսկային ազդակներ է ստանում։ Բնականաբար, սրանից շահում են «մեծ ձկները», որոնք աշխատում են Ռուսաստանում, Բելառուսում, և ներկրում են ոչ թե 30 հատ 3 տարբեր մոդելների սմարթֆոններ, այլ 3000 հատ և ավելի սմարթֆոններ՝ 10 մոդելի։ Նրանց համար սերտիֆիկացումն ավելի էժան լինում։ Ի վերջո, հարցը միայն այն չէ, որ տնտեսվարողը 30-60 օր ստիպված է սպասել, այլ նաև այն, որ յուրաքանչյուր 1 անուն ապրանքի սերտիֆիկացումն արժե 200 000 դրամ։ Հիմա պատկերացրեք ՝ բերել եք 100 հազար դրամանոց սմարթֆոն, որի սերտիֆիկացման համար 200 հազար դրամ պետք է վճարեք։
Բացի այդ՝ լինում են դեպքեր, երբ գնորդն իր համար մեկ հատ GOOGLE սմարթֆոն է պատվիրում, որը մենք բերում ենք Գերմանիայից, այն արժե 260 հազար դրամ, գնորդը կհամաձայնի՞ ևս 200 հազար դրամ վճարել դրա սերտիֆիկացման համար»։
Ավդալյանն ընդգծեց, որ խոսքը միայն սմարթֆոններին չի վերաբերում, այս անգամ սա «կպել» էր համակարգչային և կենցաղային տեխնիկաներին, դետալների արտադրությանը։ «Օրինակ, մենք արհեստական բանականության սերվերներ ենք արտադրում և դրա մեջ օգտագործվում են դետալներ, որոնցով մենք ծառայություն ենք մատուցում արտերկրի կազմակերպություններին ու փող ենք բերում Հայաստան։ Դրանք ևս պետք է սերտիֆիկացվեն»։
Գործարարը նշեց, որ խնդրի շուրջ քննարկում ծավալելու համար նամակներ ու գրություններ են ուղարկել մի շարք գերատեսչությունների, հանդիպումների և քննարկումների համար արդեն որոշակի պայմանավորվածություններ կան։
«Մենք կարծում ենք, որ սա պետք է ճանաչվի հակամրցակցային ուզում ենք օգտվել ազատ մրցակցության լծակից և ունենալ կառավարության որոշում, որը մեզ կանաչ լույս կտա, որպեսզի մենք և մեր նման կազմակերպություններն իրենց հարյուր կամ հազարավոր աշխատակիցներով շարունակեն ազատ մրցակցել Հայաստանի ներսում։ Ի վերջո, թեև այս անգամ խնդիրը լուծվել է, սակայն չկա որևէ երաշխիք, որ մի օր էլ այն չի դիպչի Հայաստանի տնտեսության համար ավելի էական ոլորտերի»։
Ավդալյանը նշեց, որ գործընթացը դեռ նախնական փուլում է, սակայն օր-օրի ավելի շատ տնտեսվարողներ են միանում պրոցեսին, ընդ որում ՝ խոսքը միայն տեխնոլոգիական ոլորտում աշխատող տնտեսվարողների մասին չէ, խնդիրը կարող է վերաբերել է բոլոր ոլորտներին, ընդհուպ՝ սննդի ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառների։