Սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տուն կառուցելու հնարավորություն է տրվում

Կառավարությունը հնարավորություն է տալիս սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ կառուցել սեփական տուն: Ծրագրի մեկնարկը տրված է և արդեն Տավուշի ու Սյունիքի մարզերից կան 9 շահառուներ, որոնց համար պետական աջակցությունը հաստատվել է: Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
«Եթե շահառուն 13 տոկոսով 10 տարի ժամկետով բանկից ստանում է 16 մլն դրամ, ապա ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի: Եթե վարկի չափն ավելին է, ապա տարբերության վճարումն իրականացնում է շահառուն: Թեպետ ընդգծեմ, որ գումարը տրվում է մաս-մաս և ընթացքում կատարվում է մոնիթորինգ: Եթե գումարը նպատակային չի իրականացվում, ապա աջակցությունը դադարեցվում է»,-ներկայացրեց նախարարության ներկայացուցիչը:
Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականի ավարտը առնվազն 300 ընտանիք պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում կկառուցի իր տունը: Պետական բյուջեով նախատեսվել է 466 մլն դրամ: Մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվում է, որ շուրջ 550 ընտանիք ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ կկառուցի տուն, պլանավորվում է հատկացնել 1.5 մլրդ դրամ: Խոսքը շուրջ 80 սահմանային գյուղական բնակավայրերի մասին է՝ Սյունիքի, Տավուշի,Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից:
«Անձանց հաշվառման, փաստացի բնակեցման վայրը որևէ ազդեցություն չունի ծրագրում ընդգրկվելու գործընթացի վրա: Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնց ամուսնությունը գրանցված է, ունեն հողամաս համապատասխան շինթույլտվությամբ կամ կիսակառույց տուն, ինչպես նաև ունեն դրական վարկային պատմություն: Ամուսինների տարիքային սահմանափակում նույնպես չկա»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:
Հաշվի առնելով, որ ոչ բոլոր սահմանային հատվածներում է անվտանգային առումով հանգիստ վիճակ, արդյո՞ք բանկերը բոլոր դիմողներին կտան վարկային միջոցներ: Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ եթե բանկերը միացել են ծրագրին, ուրեմն դիմողներին պետք է տրամադրեն վարկային միջոց:
Աղբյուրը՝ armenpress.am