Նոր ընկերություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ հանքարդյունահանողներից առաջին տասնյակում միայն ԶՊՄԿ–ն է

Նոր ընկերություններ՝   խոշոր հարկատուների ցանկում․ հանքարդյունահանողներից  առաջին տասնյակում միայն ԶՊՄԿ–ն  է

«Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»,  «Գրանդ Տոբակո»․ այս տարվա առաջին եռամսյակում ամենաշատը պետական գանձարան գումար փոխանցած առաջին երեք ընկերություններն են։  Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2023թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.3 %-ով՝ կազմելով 381.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 309 մլրդ դրամի փոխարեն:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումներն ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամի չափով է։

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետական բյուջե է վճարել  20.92 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 4.2%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 20.1 մլրդ դրամ):  Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Վերջինը հունվար-մարտ ամիսներին վճարել է 15.49 մլրդ դրամ հարկ, ինչը ցածր է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 56.3%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 35.45 մլրդ դրամ): Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գրանդ Տոբակոն» է՝ 11.66 մլրդ դրամ հարկերի ծավալով: Կազմակերպության կողմից վճարած հարկերը ավելացել են 48.2%-ով:

Հատկանշական է, որ այս տարի առաջին տասնյակում ԶՊՄԿ–ից բացի  առաջին հորիզոնականներում այլ հանքարդյունաբերական ընկերություններ ներառված չեն։ Տարիներ շարունակ առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում 92–րդ տեղում է։

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, ejc.am–ի թղթակցի հետ զրույցում վերլուծելով  հանքարդյունաբերական ընկերություններում ստեղծված իրավիճակն ու  վճարած հարկերի ծավալն, արձանագրում է՝ այս պահին ոլորտում նվազում է  արձանագրվում։ Այստեղ  տնտեսագետը տարբեր պատճառներ է մատնանշում․ նախ՝  մասնավորապես ԶՊՄԿ-ի կողմից անցած տարի կատարած  բարձր հարկային վճարումներում  շուրջ 15 միլիարդ դրամը  նախկինում չկատարած  պարտավորությունների  վերականգնված գումարն էր։  Ա․ Քթոյանի դիտարկմամբ՝ այս տարի աշխարհաքաղաքական իրողություններն  իրենց ազդեցությունն են թողել ոլորտի ընկերությունների վրա։ «Մեկ տարվա ընթացքում պղնձի համաշխարհային գներն անկում են գրանցել՝ մոտ երկու հազար դոլարով։ Եթե անցած տարվա այս ժամանակահատվածում մոտ 10 հազար դոլար էր,  ապա այժմ՝ 8 հազարի շրջանակներում է»,– ասում է նա ու նշում, որ այստեղ գործընթացներ կան, որոնք իրավիճակին նպաստում են։ Մոտ 20–25 տոկոս գնանկում է արձանագրվել, բնականաբար հասույթն ավելի քիչ է ապահովվել։  Վճարած հարկերի նվազման փորձագիտական հիմնավորումները ԶՊՄԿ-ում հաստատեցին և  հավելեցին,  մյուս գործոնը՝ դրամի շուրջ 20 տոկոս արժևորումն էր, որը ևս վնաս է հասցրել ոլորտին, քանի որ  բոլոր կազմակերպություններն էլ արտահանող են և դրանց ծախսային մասը հիմնականում դրամային է, իսկ հասույթը՝ արտարժույթով։

Սոթքի հանքավայրը շահագործող  «Գեոպրոմայնինգ» ընկերությունն էլ իր    արտադրական հզորություններից զրկվել է  44–օրյա պատերազմից հետո, երբ թշնամուն մնաց հանքավայրի մեծ մասը։ Սա Արմեն Քթոյանի դիտարկմամբ,  արտադրական ներուժի նվազում է ենթադրում։

 Տնտեսության լոկոմոտիվը փոխվո՞ւմ է

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը ծառայությունների, առևտրի ու շինարարության ոլորտներն են։ Տնտեսությունը նոր ռեժիմի մեջ է աշխատում՝ արձանագրում է տնտեսագետը՝ նշելով, որ այստեղ  առանցքայինը ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված այցելուների աննախադեպ ներհոսք է Հայաստան։ Հենց սրանով էլ պայմանավորված վերջին տարիներին, թերևս, առաջին անգամ խոշոր հարկատուների առաջին տասնյակում  նաև առևտրային բանկերից է ներառվել։ «Այս տրամաբանության մեջ  հանքարդյունաբերությունը չի տեղավորվում»,– ասում է։ Արմեն Քթոյանը  և ընդգծում, որ անցած տարի բանկերի չբաշխված շահույթի աննախադեպ մակարդակ է արձանագրվել՝ կրկին ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված։

Ընդհանուր առմամբ, հազար խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ավելացումն արտացոլում է տնտեսությունում տեղի ունեցող իրողությունները։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ զգալի աճ են ապահովել հատկապես ցանկի վերջին տեղերում գտնվող ընկերությունները։

«Վերջին հարյուրյակում ներառված ընկերությունների կողմից վճարած հարկերը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 50 տոկոսով աճել են այն դեպքում, երբ առաջին հարյուրյակի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 12 տոկոսով։ Ընդ որում` առաջին տասնյակը նույն ծավալով է վճարել հարկ՝ 90 մլրդ դրամի չափով»,- վերլուծում է տնտեսագետն ու արձանագրում,որ հարկ վճարման մշակույթի, հարկային վարչարարության  բարելավում է նկատվում։ «Եթե 2022-ի առաջին եռամսյակում  50 մլն դրամ հարկ վճարած տնտեսվարողները ներառված էին խոշոր հարկատուների ցանկում, ապա այս տարի նրանք ցանկից դուրս են մնացել։ Փոխարենը ներառվել են  առնվազն 75 մլն դրամ հարկ վճարածները։ Սա նշանակում է, որ ցանկում ընդգրկված հարկատուների խոշորացում է նկատվում, իսկ ցանկից դուրս մնացածներն այնքան էլ փոքր ընկերություններ չեն»,– արձանագրում է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։