Միջուկային չափերի մրցակցություն կամ փոքր մոդուլային ռեակտորներ ընդդեմ մեծ հզորության ատոմակայանների

Միջուկային չափերի մրցակցություն կամ փոքր մոդուլային ռեակտորներ ընդդեմ մեծ հզորության ատոմակայանների

Էներգետիկ և կլիմայական ճգնաժամերի, բնապահպանական սահմանափակումների անկանխատեսելի բազմազանության համատեքստում ավելի ու ավելի շատ երկրներ ատոմակայանները դիտարկում են որպես էներգետիկ անվտանգության բարելավման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հիմնական տարբերակներից մեկը։ Ատոմային էներգետիկան հատկապես գրավիչ է սահմանափակ բնական էներգետիկ ռեսուրսներով և արտաքին մատակարարումներից առավել կախում ունեցող երկրների համար:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը տարեկան կազմում է շուրջ 6 մլրդ կվտ/ժ, որից ատոմակայանի միակ էներգաբլոկն արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը, որը լրանում է 2026 թվականի սեպտեմբերին, նախատեսվում է (և հնարավոր է) երկարաձգել ոչ ավելի, քան մինչև 2036 թվականը, հետևաբար, արդիական են դառնում մինչև այդ պահը գործող ատոմակայանի հզորությունները փոխարինող նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցերը։

Էներգահամակարգի հուսալի շահագործման համար կարևոր է դիվերսիֆիկացնել էներգիայի արտադրության տեխնոլոգիաները՝ ապահովելու պլանային վերանորոգման հնարավորությունը և նվազեցնելու ​​տնտեսության կախվածությունը վառելիք և սարքավորումներ մատակարարողներից: Ոչ պակաս կարևոր է տեղադրված էլեկտրական հզորության ռեզերվի ստեղծումը, որը կարող է զերծ պահել էներգահամակարգը անկումից՝ խոշորագույն արտադրողի վթարային խափանումների դեպքում: Նման պաշարի առկայությունը՝ որպես երկրի էներգետիկ ներուժի օբյեկտիվ ցուցանիշ, չափազանց կարևոր է նաև տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։

Հաշվի առնելով այս պայմանները՝ երկրի էներգետիկ ոլորտի զարգացման երկու տարբերակ հնարավոր է.

-փոքր հզորության ատոմակայաններ (ՓՀԱԷԿ), որոնց բազմաբլոկ կառուցվածքը ու ճկունությունը հնարավորություն կտա փոխարինել վառելիքը, վերանորոգել բլոկները կամ իրականացնել տեխնիկական սպասարկում՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության համակարգից գեներացիայի մեծ ծավալներ դուրս բերման։

- էներգետիկ համակարգի ծավալի ավելացում՝ ապահովելով էլեկտրական կապ այլ պետությունների (Իրան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի հետ: Այս տարբերակի տրամաբանական հետևանքը կլինի մեծ հզորության ատոմակայանի (ՄՀ ԱԷԿ) կառուցումը` երկրի տնտեսության զարգացման ներուժ ստեղծելու և ինտեգրված համակարգի պահանջարկը բարելավելու համար։

ՄԱԳԱՏԷ-ն փոքր մոդուլային ռեակտորները սահմանում է որպես ժամանակակից միջուկային ռեակտորներ՝ մեկ միավորի համար մինչև 300 ՄՎտ հզորությամբ, ինչը կազմում է ավանդական միջուկային էներգետիկ ռեակտորների արտադրական հզորության մոտ մեկ երրորդը: Փոքր հզորության կայանների առավելությունների թվում ընդունված է անվանել մոդուլյարությունը և գործարանային սերիական կատարումը, ինչը պետք է հանգեցնի միավորի ծախսերի և ՓՀԱԷԿ-ի արժեքի նվազմանը սովորական ԱԷԿ-ների համեմատ: Փոքր ատոմակայանը կպահանջի նվազագույն սպասարկում և կհանգեցնի գործող անձնակազմի զգալի կրճատման։

ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ ներկայում 19 երկրներում մշակվում է փոքր մոդուլային ռեակտորների ավելի քան 80 նախագիծ: Այդ նախագծերի վրա աշխատում են ինչպես ազգային ատոմային կորպորացիաները, այնպես էլ մասնավոր ընկերությունները:

Ու թեև ամբողջ աշխարհում պետական ​​և մասնավոր ընկերությունները կարծես թե մասնակցում են ոչ պաշտոնական մրցավազքի՝ առաջինը մշակվող տեխնոլոգիան իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, այսօր աշխարհում գործում է փոքր հզորության ընդամենը 2 ատոմակայան։ 2020 թվականի մայիսին շահագործման է հանձնվել եզակի ատոմակայան՝ ցամաքի էլեկտրամատակարարման համար, որը տեղակայված է Ակադեմիկ Լոմոնոսով ոչ ինքնագնաց նավակի վրա։ Այս ամենահյուսիսային ատոմակայանը գտնվում է Ռուսաստանի Չուկոտկայի ինքնավար շրջանի Պևեկ նավահանգստային քաղաքում։ КЛТ-40С ռեակտորային կայանքը, որը մշակվել է միջուկային սառցահատների համար ռեակտորների շահագործման հիման վրա, էլեկտրաէներգիա է մատակարարում Չուկոտկայի ինքնավար շրջանի սպառողների ավելի քան 50%-ին: Իսկ 2021 թվականի դեկտեմբերին Չինաստանը միացրեց ցանցին 200 ՄՎտ հզորությամբ աշխարհի առաջին ցամաքային փոքր մոդուլային ռեակտորը՝ Շիդաո ծովածոցում: Այս կայանքը՝ մոդուլային բարձր ջերմաստիճանով գազով հովացվող գնդիկավոր լցոնմամբ ռեակտոր է, որը ջրի փոխարեն հելիում է տաքացնում՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Ենթադրվում է, որ ՓՀԱԷԿ-ի կառուցման ընթացքում մեկ ռեակտորի համար կապիտալ ծախսերը կնվազեն, սակայն փոքր հզորության ատոմակայանի իրական տնտեսական ցուցանիշները հնարավոր կլինի գնահատել միայն համաշխարհային շուկա դրանց դուրս գալուց հետո, որը տեղի կունենա 2030 թվականից ոչ շուտ։ Եվ ՓՀԱԷԿ-ը միևնույն է  կմնա ատոմակայան՝ նույն բարդ տեխնիկական կառույցը, ինչը և մեծ հզորության ատոմակայանը, և, հետևաբար, այն գործարկելիս պետք է հաշվի առնվեն անվտանգության բոլոր պահանջները, որոնց պահպանումը կազմում է միջուկային օբյեկտի արժեքի մեծ մասը:

Իսկ գործառնական ծախսերի ավելացումը ՓՀԵԿ-ի ակնհայտ թերություններից է։ Ակնկալվում է, որ փոքր ատոմակայանում արտադրված յուրաքանչյուր Կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը կլինի գրեթե երկու անգամ ավելի բարձր, քան խոշոր ռեակտորների պարագայում։

Այսօր Հայաստանի բնակչությունը 1 կՎտ/ժ-ի համար վճարում է 46,48 դրամ ցերեկը, իսկ գիշերը՝ 36,48 դրամ։ Էլեկտրաէներգիայի ինքնարժեքում վերջնական սպառողը վճարում է ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ դրա փոխանցման ծառայությունների համար, այսինքն, էլեկտրական ցանցերի կառուցման և շահագործման ծախսերը: Փոխանցման արժեքը 1 կՎտ/ժ. էլեկտրաէներգիա վերջնական սպառողների և բնակչության համար՝ 21.10 դրամ է։ Հայկական ԱԷԿ-ը հանրապետական ​​էլեկտրացանցին 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում 15,92 դրամով (բոլոր արտադրողների մեջ ամենացածր սակագինը), ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառողական գինը պահել ընդունելի սահմաններում։

Մեծ հզորության ատոմակայանը Հայաստանի համեմատաբար փոքր էներգահամակարգին ինտեգրելու համար անհրաժեշտ է միավորել մի քանի հարևան երկրների էներգետիկ համակարգերը՝ կառուցելով նոր և արդիականացնելով գործող էլեկտրահաղորդման գծերը։ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ համակարգերի միավորման հեռանկարը հնարավորություններ կբացի էլեկտրաէներգիայի արտահանման մեծացման համար։ Այս սցենարում Հայկական ԱԷԿ-ի հզորության ավելացումն անհրաժեշտ է տարածաշրջանային էներգետիկ նախագծերում երկրի՝ որպես կարևոր դերակատարի մասնակցության համար։

Փոքր հզորության կայանի ընտրության դեպքում էլեկտրաէներգիայի արտահանումից լրացուցիչ եկամուտները բաց կթողնվեն։ Այս մասին խոսում է նաև էներգետիկայի փորձագետ Արթուր Ավետիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի մեծ գեներացնող ներուժ՝ որպես կարևոր խաղացող տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցելու համար։ Նրա խոսքով, սեփական կարիքները բավարարելու և որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր ամրապնդվելու համար Հայաստանին անհրաժեշտ է առնվազն երկու անգամ ավելի հզորություն, քան գործող ատոմակայանինն է։

Այսպիսով, Հայաստանում մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցումը ամենաօպտիմալ լուծումն է թվում, որը թույլ կտա բնակչության համար սակագները պահպանել ընդունելի մակարդակում, ավելացնել տնտեսության ներուժը, այդ թվում՝ էներգատար արդյունաբերությունը և արտահանումը։