Տնտեսագիտական համալսարանում կկայանա Աշխատանքի տոնավաճառ

Տնտեսագիտական համալսարանում կկայանա Աշխատանքի տոնավաճառ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) մայիսի 5-ին կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ։ Այն կանցկացվի համալսարանի բակում՝ ժամը 11:00-ից մինչև 14:00:

Աշխատանքի տոնավաճառին կմասնակիցեն շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան, Ամերիաբանկը, Ինգո Արմենիան, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, Դը Գուրուսը, Դաբըլ թրի բայ Հիլթն Երևան սիթի սենթրը, Տելեկոմ Արմենիան և այլ խոշոր կազմակերպություններ։

Տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է և  հնարավորություն կընձեռի ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցության հղումը՝ https://bit.ly/41Y7s2s։

Նույն օրը, ժամը 14․30-ին Տնտեսագիտական համալսարանում նաև կկայանա «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։