ԱՆԻՖ-ի տնօրենը զեկույցով հանդես կգա «Global Wealth Conference - Europe 2023» միջոցառմանը

ԱՆԻՖ-ի տնօրենը զեկույցով հանդես կգա «Global Wealth Conference - Europe 2023» միջոցառմանը

Սուվերեն (ինքնիշխան) ֆոնդերի Ինստիտուտը (SWFI) հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը կմասնակցի մայիսի 30-ից հունիսի 1-ը SWFI կազմակերպած Լոնդոնում կայանալիք  «Global Wealth Conference-Europe 2023» կոնֆերանսին: SWFI-ն այս մասին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծել է, որ եռօրյա կոնֆերանսի ընթացքում ելույթի համար ընտրվել են ֆինանսական և հարակից ոլորտների միջազգային առաջատար լիդերներ, և պարոն Փափազյանը նրանցից մեկն է, ով մասնակիցների հետ կկիսվի ֆինանսական ոլորտի վերաբերյալ իր պատկերացումներով ու հեռանկարների մասին իր տեսլականով։

Սուվերեն ֆոնդերին համախմբող խոշոր միջազգային հարթակները, այդ թվում՝ Ինքնիշխան ֆոնդերի Ինստիտուտը համախմբում է այն պետական ինքնիշխան ֆոնդերին, որոնք ձգտում են համապատասխանել ֆինանսական ոլորտում կայուն զարգացման, բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշների բարելավման, հաշվետվողականության խստացող չափանիշներին։ Լոնդոնում կայանալիք ֆորումը կենտրոնանալու է այս խնդիրների վրա։ Պարոն Փափազյանը մասնակցելու է վերականգնվող էներգիայի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերաբերյալ պանելային քննարկմանը։

Հիշեցնենք, որ անցած տարի ԱՆԻՖ-ը դարձել է Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի ասոցացված անդամ։ Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի  ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։