Թուրքիան Քաղավիացիայի կոմիտեին չի տեղեկացրել օդային տարածքը փակելու մասին. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Թուրքիան Քաղավիացիայի կոմիտեին չի տեղեկացրել օդային տարածքը փակելու մասին. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

ՀՀ քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել օդային տարածքի փակման մասին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։ Երեկ էլ՝ մայիսի 2-ին թուրքական արգելիք պատճառով արգելվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի իրականացումը։ Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով այլ երկրներ գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

«Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք պարագլուխների սպանությունները կազմակերպած «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված աղբյուր-հուշակոթողը բացվել է ապրիլի 25-ին, Երեւանի սրտում՝  Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում։

Աղբյուրը՝   news.am