2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ:

2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794):

2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին:

2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է:

2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ:

Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։

2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։

Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։

​2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ: