Համայնքներում մեկնարկել է 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացման նախաձեռնությունը

Համայնքներում մեկնարկել է 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացման նախաձեռնությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման նախաձեռնությունը։
Նպատակն է` բարելավել ՀՀ համայնքների կարողությունները, որպեսզի վերջիններս ակտիվորեն պլանավորեն և առաջնորդեն իրենց համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը՝ 2030 Օրակարգի առանցքային սկզբունքներին և նպատակներին համապատասխան։
Նախաձեռնության իրականացումը հիմնված է երկու առանցքային բաղադրիչների վրա՝
1. Նախաձեռնությունը պետք է համայնքներին հնարավորություն տա կատարելագործել իրենց զարգացման օրակարգի պլանավորումը, հաշվետվողականությունը, առաջնահերթությունների սահմանումը և արդյունքամետությունը՝ իրենց ռազմավարական փաստաթղթերում (ՏԱՊ, հնգամյա զարգացման պլան) ներառելով 2030 Օրակարգի սկզբունքները և ԿԶՆ թիրախներն ու ցուցանիշները։
2. Առկա կարիքների վերլուծության հիման վրա համայնքները հնարավորություն ունեն մշակել ծրագրային առաջարկներ և ընտրվելու դեպքում իրականացնել զարգացման ծրագրեր՝ դրանք հստակորեն բխեցնելով 2030 Օրակարգի դրույթներից և նպաստելով տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Երկրորդ բաղադրիչի շրջանակներում ապրիլի 13-ին հայտարարվել է դրամաշնորհային ծրագրերի հայտ-առաջարկների կանչ՝ միտված աջակցելու ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին՝ առանցքում դնելով կայուն զարգացման 2030 Օրակարգը և ԿԶՆ-ները։
Ծրագրային առաջարկները պետք է առնչվեն 2030 Օրակարգին և ԿԶՆ-ներին առնչվող որևէ ասպեկտի (տնտեսական զարգացում, սոցիալական ինտեգրում, բնապահպանություն կամ 2-3 ոլորտների զուգակցում)՝ հստակորեն ցույց տալով ծրագրի բերած նպաստը համայնքում ԿԶՆ-ների տեղայնացմանը։
Հատկապես խրախուսելի են համայնքներում նորարարությունը խթանող, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող, ինչպես նաև ոչ կենտրոն բնակավայրերում իրականացվող ծրագրերը։
Ծրագրային առաջարկները պետք է հիմնվեն 2030 Օրակարգի առանցքային սկզբունքների վրա։
Հայտ-առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 17-ն է։
Կրկին հիշեցնենք, որ համայնքային նախատեսվող ծրագրերը ներկայացնելու և ծրագրային նոր առաջարկներ հավաքագրելու նպատակով ս/թ մայիսի 5-ին` ժամը 16:00-ին, Սևանի բիզնես կենտրոնում տեղի է ունենալու հանրային քննարկում:
Հրավիրում ենք համայնքի բնակավայրերի ներկայացուցիչներին, բնակիչներին, շահագրգիռ հանրությանը և կազմակերպություններին` ակնկալելով արդյունավետ և կառուցողական քննարկում: