Կապանում բացվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով - ցուցահանդեսը

Կապանում բացվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով - ցուցահանդեսը
Մայիսի 1-ին Կապանում ԻԻՀ հյուպատոսության, Կապանի քաղաքապետարանի և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու նախաձեռնությամբ Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով – ցուցահանդեսը, որի շրջանակներում կայացել է նաև երկօրյա համաժողով՝ նվիրված ՀՀ Սյունիքի մարզի ներդրումային հնարավորություններին։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
«Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը»,- իր խոսքում ասել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ցուցահանդեսում ներկայացված էին ձեռագործ աշխատանքներ և «Արաս» ազատ տնտեսական գոտու 20 ընկերությունների արտադրանքը։
Ցուցահանդեսը գործելու է նաև մայիսի 2-ին, որի ընթացքում տեղի է ունենալու համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։