Հանրապետությունում ամենաշատը «վաստակում են» ՏՏ ոլորտն ու Սյունիքի մարզը
2023 թ. հունվարի մեկից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը դարձել է 75.000 դրամ: Բազային աշխատավարձը՝ 83.200 դրամ: Վերջին տարիներին հանրապետությունում աշխատավարձերի մակարդակը շարունակում է աճել, սակայն գնաճային տեմպերն էլ, մեղմ ասած, «համեստ» չեն։
2015թ.-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 171.615 դրամ: Այս ցուցանիշը ավելի քան 8%-ով ավելին էր նախորդ տարվա միջին ամսական անվանական աշխատավարձից: 2018թ.-ին արդեն միջին ամսական անվանական աշխատավարձը 172.727 դրամ էր, որը նախորդ տարվանից բարձր էր 4.0%-ով: 2021թ.-ին՝ 204.048 դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ամբողջ 7.6%-ոց աճ էր:
2022թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235․576 դրամ։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3%-ով և կազմել 186․940 դրամ, մասնավորում՝ աշխատավարձն աճել է 19.0%-ով և կազմել 256․733 դրամ։
Ինչպիսի՞ն է այս տարվա առաջին ամիսների պատկերը։ Եթե 2022թ․-ի հունվարին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը բացարձակ թվով կազմել է 204 հազար 307 դրամ, ապա այս տարի այն հասել է 249 հազար 278 դրամի։ Արձանագրվել է 22%-ոց աճ։ Փետրվարին այդ աճը կազմել է 21%։ Ցուցանիշները վերաբերում են ամբողջ հանրապետությանը։ Ընդ որում` ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների, պետական հատվածում հունվարին արձանագրվել է 9․7%-ոց աճ, ոչ պետականում՝ աճը եղել է ավելի քան 25․7%։ Փետրվարին պետական հատվածում եղել է 7․2%, մասնավորում՝ 25%։
Ոլորտային առումով վերջին տասնամյակում կայուն, բարձր աշխատավարձ է տրվել հիմնականում ՏՏ, կապի և հեռահաղորդակցության, ֆինանսական ապահովագրության և հանքարդյունաբերության ոլորտների աշխատակիցներին։ Նշված ոլորտներից երեքը համեմատաբար ավելի «երիտասարդ» ճյուղեր են, և դրանք հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում։
Ավելի հին ու «ոչ մայրաքաղաքային» ճյուղը հասկանալիորեն հանքարդյունաբերությունն է, որ գալիս է նախասովետական շրջանից։ Այս ոլորտը Հայաստանում հարյուրամյակների պատմություն ունի։ Խորհրդային շրջանում ևս այն կայուն զարգանում էր։ Վերջին երեք տասնամյակներում՝ առավել ևս։