Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մայիսին 3-ին ընդունել է Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին։
Այս մասին տեղեկացրել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից (ՀԱԳՄ)։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրել է Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։
«ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության փորձ, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ Միասնական հարթակի շրջանակներում կհաջողվի առավել արդյունավետ կերպով վեր հանել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը, իրականացնել համատեղ քննարկումներ, ձևավորել միասնական լուծումներ և ներկայացնել կառավարական պատկան մարմիններին», - նշել է Արսեն Ղազարյանը։
Հարթակը, որին այս պահին միացել է տասնմեկ տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպություն, բաց է, ուստի ակնկալվում է, որ առաջիկայում այլ կառույցներ ևս կմիանան։ ՀԱԳՄ նախագահը վստահություն է հայտնել, որ այն թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, քննարկել, ձևավորել հիմնավոր ընդհանուր մոտեցումներ, նոր ձևաչափով իրականացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին և գործակցության նոր ձևաչափի նախաձեռնությունը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետագա լայն համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Անդրադառնալով տնտեսական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի նախկին փորձին, նա ընդգծել է, որ նոր ձևաչափը չի փոխարինելու մինչ այս եղածներին, այլ լրացնելու, հարստացնելու է այդ զինանոցը։ ՀՀ փոխվարչապետը կարևորել է տնտեսական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, հրատապ խնդիրներին գործարար շրջանակների կողմից ժամանակին, հիմնավոր և միասնական մշակված հավաքական կարծիքների ձևավորումն ու ներկայացումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է գործադիր-Միասնական հարթակ արդյունավետ կապի աշխատակարգի սահմանման, համատեղ քննարկվելիք հիմնահարցերի օրակարգի ձևավորման հստակեցման անհրաժեշտությունը։
Մասնակից կառույցների ղեկավարները ևս ներկայացրել են Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ ՀՀ փոխվարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Որոշվել է փոխգործակցության աշխատակարգի մշակումից հետո սահմանել համանման հանդիպումների պարբերականությունն ու քննարկվելիք հարցերի հավաքագրման և ներկայացման եղանակները։