Ռուսաստանը և Հնդկաստանը դադարեցրել են ռուփիով առևտրի անցնելու շուրջ բանակցությունները․ Reuters

Ռուսաստանը և Հնդկաստանը դադարեցրել են ռուփիով առևտրի անցնելու շուրջ բանակցությունները․ Reuters

Հնդկաստանը և Ռուսաստանը դադարեցրել են ռուփիով երկկողմ առևտրի շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Գործակալության զրուցակիցների կարծիքով՝ ստիպված են եղել հրաժարվել հնդկական ազգային արժույթով հաշվարկային մեխանիզմից, քանի որ դա ձեռնտու չէր Ռուսաստանին․ երկու երկրների միջև առևտուրն առայժմ շարունակվում է դոլարով։

«Մենք այլևս չենք ուզում պնդել ռուփիով վճարումների հարցում, պարզապես այս մեխանիզմը չի գործում։ Հնդկաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այն գործի, բայց դա չաշխատեց»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ամիսներ տևած բանակցություններից հետո ռուփիով հաշվարկային մեխանիզմի դադարեցումը լուրջ խնդիր է դարձել ռուսական նավթի և ածխի հնդիկ ներկրողների համար, որոնք հույս ունեին օգտագործել այն արժույթի փոխարկման ծախսերը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը:

Հնդկաստանն ու Ռուսաստանը սկսել էին ուսումնասիրել ռուփիով հաշվարկների մեխանիզմը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած Արևմուտքի պատժամիջոցներից հետո։ Գործակալության զրուցակիցը, սակայն, նշում է, որ Ռուսաստանի համար անհարմար է օգտագործել հնդկական ազգային արժույթը։ Ռուսական կողմը ցանկանում է վճարել այլ արժույթներով, այդ թվում՝ չինական յուանով։

Աղբյուրը՝  factor.am