Կայացել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մամուլի ասուլիսը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդես է եկել աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Մինչ ԶԼՄ ներկայացուցիչների ու թղթակիցների հարցերին պատասխանելը՝ մարզպետը ներկայացրել է անցած ամիսներին մի շարք բնագավառներում իրականացված աշխատանքների ու ծրագրերի ընդհանրական տեղեկատվություն։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ ասուլիսը հաշվետվողականության մեկ քայլ է՝ հանրային հաշվետվություն․ «100 օրն, իհարկե, շատ քիչ ժամանակ է մեծ անելիքների մասին խոսելու համար, սակայն ընդունված ավանդույթ է ամփոփել աշխատանքային 100 օրերը, հանդես գալ հանրային հաշվետվությամբ, որից ես չեմ հրաժարվում»։
Այնուհետև ըստ ոլորտների ներկայացնելով տեղեկատվություն մարզպետը նշել է, որ 2023-ին քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով մայիսի 1-ի դրությամբ եղած տվյալներով կիրականացվի 22,1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Շուրջ 4,5 մլրդ դրամ կուղղվի կրթական, մշակութային և մարզական 16 օբյեկտների կառուցման և հիմնանորոգման նպատակին, 3 մլրդ դրամ բնակարանաշինությանը, 1 մլրդ դրամի մասնավոր ներդրումներ են կանխատեսվում, 100 մլն դրամի էլ նախագծային աշխատանքներն են։
«Գումարի առյուծի բաժինը ճանապարհաշինությանն է բաժին հասնում՝ 13,5 մլրդ դրամ, որից 10 մլրդը շուրջ 66 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգմանը կուղղվի, կարևոր է նաև Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիրը՝ Տրանշ 3՝ Լանջիկ Գյումրի, 23 կմ երկարությամբ։ Կիրականացվեն շուրջ 3,5 մլրդ դրամի աշխատանքներ», - նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով, որ քաղաքաշինական խնդիրների մեջ առաջնային են համարվում նաև անօթևանության ու վթարայինների հիմնախնդիրները, որոնց լուծման համար քայլեր են մշակվում ՀՀ կառավարության կողմից։
Սուբվենցիոն ծրագրերը պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակ համարելով՝ Շիրակի մարզպետը փաստել է, որ 2023-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ 54 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 5 մլրդ 325 մլն դրամ (53%)։
Մուշեղ Մուրադյանն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համայնքների ու բնակավայրերի առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծման համար, այդ նպատակով է մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ստեղծել աշխատանքային խումբ, գույքագրվել են հիմնախնդիրները, համայնքներին, սուբվենցիոն ծրագրեր մշակելիս, արդեն արված ուսումնասիրությունները ներկայացվում են՝ հիմք ընդունելու և դրանց լուծմանը քայլ-քայլ գնալու նպատակով։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտները մայիսի 1-ի դրությամբ կատարվել են 87,8 տոկոսով նախորդ տարվա 80 տոկոսի փոխարեն։ Նախորդ տարվա համեմատ աճը մարզպետը բավարար չի համարել՝ ընդգծելով, որ անելիքներ այս առումով համայնքների ղեկավարները դեռ ունեն։
Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է համայնքների հետ համագործակցությանն ու համայնքների ղեկավարների ու ավագանիներին գործունեության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը՝ կարևորելով համայնքների բնականոն աշխատանքի ապահովումը։
Խոսելով գյուղատնտեսական հիմնահարցերից՝ Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ մարզում այս պահի դրությամբ կատարվել է շուրջ 12000 հա գարնանացան, 18203 հա էլ աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 5523 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ցորենի մշակությամբ զբաղվող մարզի 6302 շահառուների ապրիլի 27-ի դրությամբ տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 1.145 մլրդ դրամ։
Անդրադարձ է կատարվել քաղաքացիների դիմումներին ու ընդունելության ևս․ «Անցած 4 ամիսներին քաղաքացիներից ստացվել է 910 դիմում, դրանց մեծ մասը՝ 641-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Ինձ համար կարևոր ու առաջնային է եղել քաղաքացիների հետ աշխատանքն ու հանդիպումները, ցանկացած խնդրի արագ արձագանքումը, նրանց լսելն ու հասանելի մնալը։ 5 ընդունելություններին մասնակցել են 67 քաղաքացիներ, սա պաշտոնական կազմակերպված ընդունելությունների մասին եմ խոսում, բնականաբար ամենօրյա հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ, շատ հստակ հաշվարկ իհարկե չենք արել, բայց միջին հաշվարկով 400-ից ավելի քաղաքացիների եմ լսել տարբեր խնդիրներով», - նշել է մարզպետը։
Կրթության բնագավառի ձեռքբերումները Շիրակի մարզպետը ոգևորիչ է համարել՝ ներկայացնելով տարբեր մրցումներում ու օլիմպիադաներում վաստակած պատվոգերի ու մրացնակային տեղերի մասին տեղեկատվություն։ Առանձնակի ոգևորությամբ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է մարզական ձեռբերումներին՝ ընդգծելով, որ մարզական ավանդույթները շարունակվում են բարձր պահել շիրակցի մարզիկները։
«Աշխարհի և Եվրոպայի 9 առաջնություններին ՀՀ հավաքական թիմերի կազմերում մասնակցել են շիրակցի 34 մարզիկներ։ Ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և բռնցքամարտ մարզաձևերում մեր մարզիկները նվաճել են 14 մեդալ, որից 4՝ ոսկի, 4՝ արծաթ և 6՝ բրոնզ։ Տարբեր տարիքային խմբերի ՀՀ պաշտոնական 25 առաջնություններին մասնակցել են 436 մարզիկ–մարզուհիներ։ Նրանք նվաճել են 175 մեդալ, որից 55՝ ոսկի, 56՝ արծաթ և 64՝ բրոնզ», - փաստել է մարզպետը։
Առողջապահության բնագավառն, ըստ Շիրակի մարզպետի, ամենօրյա աշխատանք ու հոգատարություն է պահանջել, քանզի մարդկային առողջության մասին է խոսքը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, դրանց որակի բարելավումն աշխատանքային կարևոր ուղղություններից է եղել։
Իսկ 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 103-ով ավելի ծնունդ է գրանցվել՝ ծնունդների թիվը 809 է եղել։
Այնուհետև մարզպետը պատասխանել է լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվել են մարզպետի աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին, կադրային քաղաքականությանը, ներդրումներին ու առաջիկա անելիքներին։