Ուղղությունը՝ դեպի Երևան․ ուսապարկով ճամփորդողները նախընտրում են Հայաստանը

Ուղղությունը՝ դեպի Երևան․ ուսապարկով ճամփորդողները նախընտրում են Հայաստանը

«Ուսապարկավորների դրախտ»․ ինքնուրույն ճամփորդել սիրողների համար, ավիատոմսի արժեքը հաշվի չառնելու դեպքում, Երևանը 2023 թվականի առաջատար ուղղություններից է ։ Cotswold Outdoor հարթակը վարկանիշային ցանկը կազմելու համար համեմատել է աշխարհի 80 քաղաքներ։ Զբոսաշրջային ոլորտի մասնագետները , որոշ վերապահումներով, համաձայն են գնահատականին։

Ուսապարկավորները՝ միջազգային տերմինաբանությամբ «բեքփեքերները», «թեյնիկից մինչև քնապարկ» սեփական պայուսակում տեղավորողներն  ու ճամփա ընկնողներն են։ Նրանց համար Երևանն այս տարվա  առաջատար ուղղություններից  մեկն է։ Գնահատականի հեղինակը բրիտանական Cotswold Outdoor հարթակն է։

Զբոսաշրջային մասնագետ Յաշա Սոլոմոնյանը, որոշ բացառություններով, համաձայն է գնահատականի հետ։

Նման զբոսաշրջիկները տնտեսությունում փոքր ներդրում են ունենում, բայց նպաստում են երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ ասում է նա։

«Ուսապարկով զբոսաշրջիկները տարբերվում են մեր բնակիչներին ծանոթ խմբային տուրիստներից։ Իրենք շատ հարուստ զբոսաշրջիկներ չեն և նախընտրում են փոխադրամիջոցների, գիշերակացի և սննդի ավելի մատչելի տարբերակ։

Առավելությունն այն է, որ իրենց ակտիվությունը ստիպում է, որ ենթակառուցվածքները զարգանան՝ դիցուք միջքաղաքային տրանսպորտը։ Ուսապարկով զբոսաշրջիկը նախընտրում է հենց նման փոխադրամիջոցով ճամփորդել երկրի ներսում»։

Զբոսաշրջային կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը հավելում է՝ ինքնուրույն ճամփորդող օտարերկրացիների թվի աճից կարող են շահել տնային տնտեսությունները։

«Աստիճանաբար, երբ բեքփեքերների հոսքը մեծանա, արահետներով ավելի շատ կքայլեն, բնակչությունը կգիտակցի, որ թեկուզ թեթև սուրճ, թեյ կամ մատչելի ուտեստներ վաճառելով կկարողանան և՛ զբոսաշրջիկի կարիքը հոգալ, և՛ գումար վաստակել։

Մեր ոչ քաղաքային բնակավայրերը աստիճանաբար սովորում են զբոսաշրջիկին ընդունելու այդ մշակույթը»։

Օդանավի տոմսի գինը հաշվի չառնելու դեպքում Երևանն ուսապարկով շրջագայողների այս տարվա ամենացանկալի ուղղություն ճանաչած Cotswold Outdoor հարթակը վարկանիշային ցանկը կազմելու համար համեմատել է աշխարհի 80 քաղաքներ։

Նույն կատեգորիայում 2–րդ տեղում Բաքուն է, 3–րդում՝ աշխարհի զբոսաշրջային քարտեզի գերպահանջված ուղղություն Բանգկոկը, հետո Հանոյը, Սեուլը, 6–րդ տեղում՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը։

Թեև Բաքու «արշավելու» ծախսը՝ 3 գիշերակաց և 10 անգամ հանրային տրանսպորտից օգտվել, կազմում է 28.8 դոլար, իսկ նույն ծախսերը  Երևանի համար ավելի բարձր՝ 44.5 դոլար արժեք ունեն, մեր երկրի մայրաքաղաքը միևնույն է թոփ առաջատարն է։

Դրան նպաստել  է անվտանգության մասով բարձր գնահատականը և տուրիստների համար անվճար տեսարժան վայրերի առատությունը։ Զբոսավար Յաշա Սոլոմոնյանը նկատում է՝ անվտանգության բարձր գնահատականը վերաբերում է ներերկրյա շրջագայությանը, ուստի այն օբյեկտիվ է։

«Երևանը ինչով է նախևառաջ գրավում զբոսաշրջիկին՝ ապահով քաղաք է, կարևոր ցուցանիշ է ուսապարկով զբոսաշրջիկի համար ապահովության զգացումը։ Ենթակառուցվածքները՝ Երևանը 24/7 աշխատող քաղաք է։ Այսինքն էստեղ դու օրը 24 ժամ ունես հնարավորություն օգտվելու տարատեսակ ծառայություններից, առաքումներից, խանութներից, ժամանցի վայրերից և գումարած դրան՝ մեր համաքաղաքացիները՝ ճնշող մեծամասնությունը, շատ բարեհամբույր են հյուրերի նկատմամբ և նրանք իրենց շա՜տ հարմար են զգում»։

Հայաստանում անվճար տեսարժան վայրերի առատության հանգամանքը, բացի Cotswold Outdoor–ի վարկանիշը կազմողներից, շեշտում է նաև Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը։

«Հայաստանում, եթե չեմ սխալվում ընդամենը 13 պատմամշակութային վայր է, որի մուտքը վճարովի է։ Դրանք պատմահնագիտական արգելոց–թանգարաններն են։ Օրինակ՝ Գառնին, Մեծամորը, Լոռի բերդը, Ամբերդը, Զվարթնոցը և այլն։ Դրանք ունեն կանոնակարգված մուտք և մուտքավճար։ Իսկ մեր մնացած մյուս հարյուրավոր, հազարավոր պատմամշակութային վայրերը՝ բոլորի մուտքն անվճար է»։

Յաշա Սոլոմոնյանը, վարկանիշում նշված կետերից զատ, Հայաստանում ուսապարկով քայլողների համար ևս մեկ առավելություն է առանձնացնում։ Ըստ նրա՝ բեքփեքերներին՝ հատկապես եվրոպական երկրներից, գրավում է երթուղիների «ոչ արհեստական» լինելը։

«Մեր հաղթաթուղթն է, որ շատ կարճ դիստանցիաների վրա մարդիկ կարողանում են նախ բնապատկերների ահռելի տարբերություն վայելել, գումարած դրան, մի քիչ կուսականություն կա մեր բնության մեջ։ Ի տարբերություն եվրոպական քայլարշավային ուղիների, որտեղ ամեն ինչ շատ ստերիլացված է, մեզ մոտ կա վայրի բնության մեջ լինելու զգացողությունը»։

Եթե ուսապարկով զբոսաշրջիկը ծրագրում ներառում է նաև Երևանը, նա Հայաստան է գալիս ավելի քան 10 օրով։

Հաճախ նրանք տրանսկովկասյան արահետով քայլարշավորդներն են։ Հայաստանում այն հյուսիսից հարավ ձգվում է մոտ 800 կիլոմետր։ Արահետն անցնում է բազմաթիվ գյուղական համայնքներով, տեղ–տեղ կահավորված է, ունի ցուցանակներ։

Քայլարշավորդների մյուս խումբը Հայաստան է գալիս ավելի կարճ ժամանակով՝ Վրաստանից։ Նրանք տարածաշրջանային փաթեթներ նախընտրողներն են։ Օրերի սակավության պատճառով այդ խմբի զբոսաշրջիկները չեն հասնում կենտրոնական մարզեր, ծանոթանում են  Լոռու, Շիրակի և  Տավուշի տեսարժան վայրերին ու մատչելի թռիչքի համար վերադառնում Վրաստան։

Աղբյուրը՝ hy.armradio.am