Արցախում հաշվում են կարկտահարության վնասները

Արցախում հաշվում են կարկտահարության վնասները

Նախորդ երկու օրերին Արցախում  տեղացած կարկուտից տուժած համայնքներում չեն կարողանում հաշվել վնասի չափը, քանի որ կարկուտից հետո էլ հորդառատ անձրևներ են։ «Ռադիոլուրի» զրուցակիցները մոտավոր հաշվարկներ ունեն, ասում են՝ որոշ գյուղերում ամբողջական ցանքատարածություններ են ոչնչացել։  Գյուղ նախարարությունում նույնպես ուսումնասիրում են խնդիրը։ Պատկերը հստակեցնելուց հետո կհասկանան, թե աջակցության ինչ ծրագրերի կարիք ունեն գյուղացիները։

Արցախում  վերջին օրերին տեղացած կարկուտն զգալի վնաս է հասցրել ցանքատարածություններին, պղտատու ծառերին, տնամերձ հողատարածքներին։ Առավել շատ տուժել են Մարտակերտի ու Ասկերանի շրջանները։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքով՝ բացի գյուղոլորտին հասցված վնասից,  կոտրվել են նաև տների ու մեքենաների ապակիներ։ Վնասի ստույգ  չափերը դեռևս  պարզ չեն։  Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ՝հաշվարկները չեն կարողանում ավարտել։

«Բանջարեղենը լրիվ փչացրել է։  Մարտակերտ քաղաքում այգիները լրիվ փչացրել է։  Ներքին Հորաթաղ, Չլդրան, Մոխրաթան այդ գյուղերը լրիվ  ավերել է կարկուտը»։ 

Կարկուտից տուժած Ասկերանում էլ վնասի չափերը չեն հաշվել։ Այստեղ էլ եղանակը թույլ չի տալիս՝ ասում է վարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը։

 «Ընդհանուր առմամբ կարկտահարվել են 280-290 հա գյուղնշանակության հողատարածք,  գարնանացան ու աշնանացան հացահատիկ,  մոտ  4 հա կարտոֆիլ,  45-50  հա տնամերձ հողամասեր»։

Ամենաքիչը 7 համայնք տուժել է կարկտահարությունից։ Կարկուտից բացի՝ գյուղացու աշխատանքին խոչընդոտում են հակառակորդի կողմից անընդհատ իրականացվող սադրանքները։ Ըստ վարչակազմի ղեկավարի տեղակալի՝ դրանց հետևանքով սահմանամերձ համայնքներում նվազել են գյուղատնտեսական աշխատանքների ծավալները։

«Սահմանամերձ համայնքներում ունենք խնդիրներ այգիների մշակության։ Օր կա, կարողանում ենք աշխատել, հաջորդ օրը չթողնեն այգի մտնենք»։

Ասկերանի սահմանամերձ Նախիջևանիկ գյուղում հողատարածքների մեծ մասը  հակառակորդի նշանառության տակ է։  Համայնքապետ Սևակ Պետրոսյանի խոսքով՝ խոսքը մոտ 400 հա հողատարածքի մասին է։  Նրա  նռան այգու վերջին ծառերը հակառակորդի դրոշից ընդամենը 150 մետր են հեռու։  Անվտանգությունից ելնելով՝ այգի այս տարի Սևակ Պետրոսյանը չի մտել։

«Իմ նռան հողատարածքը մոտ 5-6հա , հակառակորդի դիրքից հեռու է  300-350 մետր։ Հարևանների վրա կրակելու դեպքերից հետո չենք մտել այգի»։

Այս խնդիրներին գումարվել են շրջափակման հետևանքները։ Արցախում պարարտանյութի լուրջ խնդիր կա։ Նախկինում հացահատիկային մշակաբույսերի ու բանջարեղենի պարարտացման համար օգտագործվող պարարտանյութը հիմա չի ներկրվում՝ ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը։  Հիմնականում օգտագործում են տերևային սնուցիչներ, որոնց ծախսը մեկ հեկտարի համար քիչ է՝ ասում է։

«Իսկ սածիլների հարցում օգնել է  «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը։ Գյուղում  կան մարդիկ, որոնք զբաղվում են սածիլների արտադրությամբ։  Դրա խնդիրը չունենք։  Սերմերը ժամանակին ներկրվել են։ Ե՛վ  կարտոֆիլի տնկանյութ է բերվել, և՛  գարնանացան մնացած մշակաբույսերի սերմերն են բերվել։  Ցանքսը կատարվել է, հիմա էլ կատարվում են ցանքսերի  խնամքի աշխատանքներ»։

Արցախի գյուղատնտեսության  նախարարությունը նույնպես ուսումնասիրում է անբարենպաստ եղանակի հասցրած վնասները։ Այստեղ էլ հաշվարկները դեռ վերջնական չեն։ Ասում են՝ առաջիկա օրերին կամբողջացնեն պատկերն ու կմտածեն աջակցության ծրագրերի մասին։

Աղբյուրը՝ hy.armradio.am