Անկառավարելիության ուրվականն է շրջում խաղաղ ջրերի վրա

Անկառավարելիության  ուրվականն է շրջում  խաղաղ ջրերի վրա

Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և  տեղումների նվազման հետ: Մեր երկրում օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:  Ընդհանուր առմամբ, Հայաստանի ջրային մակերեսը 7,7 մլրդ մ³ է, կազմում է երկրի տարածքի 4,7%-ը: Ըստ փորձագիտական որոշ գնահատումների, այս պահին օգտագործելի է առավելագույնը 2-2,3 մլրդ մ³ -ը:

Փաստ է, որ առ այսօր վերջնական չի լուծվել ոռոգման և խմելու ջրի խնդիրները: Խմելու ջրին անդրադառնում ենք այն պատճառով, որ ըստ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի, կառավարության որոշման համաձայն բնակավայրերի և առանձին թաղամասեր, որտեղ չկան մակերևութային ջրերի համապատասխան քանակություններ և ոռոգման համակարգ և կան խմելու ջրի բավարար պաշարներ` խմելու ջուրը պայմանագրային հիմունքներով կարող է տրամադրվել ոռոգման նպատակով, 2022թ-ին համաձայն այդ պայմանագրերի տրվել է 342 640մ³ ջուր:

Բացի այդ, 2008թ-ին Աժդահակ լեռան լանջին գտնվող հանրահայտ Յոթ աղբյուրներ խմելու աղբյուրների ջուրը էներգետիկ նկատառումներով տրվել է Հով-Խաչ ընկերությանը` Ձորաղբյուր-1,2,3,4,5 կասկադի համար: Ի դեպ, իսկ ինչքա՞ն պետք է վճարի ընկերությունը ջրի դիմաց, պարզվում է, որ ըստ բնապահպանության նախարարության, 2024թ-ի հունվարի մեկից, համաձայն Հարկային օրենսգրքի, Հով-Խաչ ընկերությունը մեկ մ³ ջրի դիմաց վճարելու է 0,1 դրամ: Ընդամենն այսքանը, 2024թ-ից կվճարեն խմելու ջրի դիմաց, որն արդեն 15 տարի շահագործվում է:

Երբ Հայաստան տարբեր բնակավայրեր այսօր էլ զրկված եմ խմելու մաքուր ջրից, խմում են կամ արտեզյան ջուր, կամ ժամով է ջուրը, կամ էլ ուղղակի մեքենաներից են գնում` խմելու մաքուր ջուրն օգտագործում են ՓՀԷԿ-երը` անվճար:

Սա ջրային ռեսուրսների խնդրի մի կողմը: Մյուս կողմը ոռոգման ջրի խնդիրն է, որն ամեն գարնանը գլուխ է բարձրացնում: Ոռոգման սեզոնը դեռ լիարժեք չի սկսվել, սակայն արդեն ահազանգեր կան` հողմշակներն անհանգստանում են հերթական ջրային գլուխկոտրուկից. անձրև գալիս է` ջուր չկա, ջրամբարները լցվում են` ջուր չկա:

Ոռոգման անհասցե նամակները

Սպառողների աջակցման կենտրոնի ղեկավար Աշոտ Միրզոյանը նշեց, որ վաղ գարնանից իրենց կենտրոնը դժգոհություններ, մտահոգություններ է ստացել ոռոգման ջրի վերաբերյալ, մարդիկ ունենալով նախորդ տարիների դառը փորձը` ուզում են հասկանալ, թե ինչ ոռոգման տարի ու ջուր է սպասվում իրենց այս տարի:

Դիտարկելով ոռոգման ջրի խնդիրները, Աշոտ Միրզոյանը նշեց, որ հիմնական խնդիրը կապված է  ՋՕԸ-երի վատ վարչարարության, անկազմակերպ աշխատանքի, լրացուցիչ անտրամաբանական ջրագանձումների հետ, այդ շարքին են դասվում ոռոգման ջրի վատ հասանելիությունը, ջրբաշխ-բաժանորդ զգայուն կապը և այլն:

Փաստում է, որ ոռոգման ջրի գրեթե բոլոր իրավասություններին տրվել է  ՋՕԸ-երին, որտեղ մասնագետներ գրեթե չկան և կառավարում են ջուրն` ինչպես ցանկանում են և ինչպես կարողանում են: 

որձում են ջրամաբարաշինությամբ ոռոգումը կարգավորել, սակայն ակտուալ է դեռևս ոռոգման ոլորտի խնդիրները,- ասաց նա և փոխանցեց, որ իր տվյալներով անգամ կոյուղատարի ջրով են այգիներն ու բանջարանոցները ոռոգում, քանի որ շատ հաճախ ջրատարներում հայտնվում է անկած կենդանուց մինչև կոյուղաջրեր:

Ըստ նրա, ոռոգման ջրի հիմնական դժգոհությունները ստանում են Արարատի և Արմավիրի մարզերից, սակայն մարդկանց մոտ դեռևս չի ձևավորվել իրենց դժգոհությունը թղթաբանորեն ներկայացնելու մոտեցումը, հաճախ են բանավոր դիմում գյուղապետին, կամ սպառողների իրավունքների պաշտպաններին:

Ա. Միրզոյանն օրինակ է բերում Գեղանիստ գյուղը, որտեղ գյուղի բնակիչները միայն բանավոր են դիմել գյուղապետին, սակայն ոչ մի թղթային ձևով և գտնում է, որ իրավագիտակցության ոչ բարձր մակարդակն է նաև խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում իրենց հարցերին լուծում տալ:

Տարբեր մարզերում խմելաջրով ոռոգելը սովորական պրակտիկա է, մարդիկ դժգոհում են, որ ոռոգման ջուր չկա առուներում, ժամանակին ջուր չեն տալիս, ստիպված խմելու ջուրն են օգտագործում  ոռոգման նպատակով, այն դեպքում, երբ այդ ջրի մեջ քլոր կա:

Գյուղատնտեսության պորտալարը

Ի դեպ, այն, որ անցած տարի գյուղոլորտը անկում էր գրանցել`ի թիվս այլ խնդիրների,անկումը ուղիղ գծով կապված է ոռոգման ջրի անկանոն մատակարարման և շատ հաճախ բացակայության հետ:

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2022 թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գրանցել 0,7 տոկոսային կետով անկում և գյուղոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է՝ կազմելով 10,4 տոկոս։

Իսկ ի՞նչ տատանում է տալիս «ՎԵՈԼԻԱ ՋՐԻ» ջրօգտագործումը սեզոնայնորեն

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունից փոխանցեցին, որ ջրօգտագործման թույլտվությամբ ընկերությանը տրված ջրաքանակը սահմանված է 26 779 լիտր վայրկյան, ջրակորուստը կազմում է 64.4 տոկոս:

Խմելու ջրի ծախսը ձմռան ամիսներին կազմում է 16 090 լիտր վայրկյան, ամռան ամիսներին` 19 560 լ/վ: Եթե հաշվարկենք, որ 64.4 տոկոս կորուստ կա և օրինական ոռոգման համար ջուր է տրվում, ապա սեզոնային տատանումը խոսում է այն մասին, որ ամռանը խմելու ջուրն օգտագործվում է նաև որպես ոռոգման ջուր: