Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափը կարող է լուրջ հայտ ներկայացնել․ ինչպե՞ս օգտվել աշխարհաքաղաքական զարգացումներից

Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափը կարող է լուրջ հայտ ներկայացնել․ ինչպե՞ս օգտվել աշխարհաքաղաքական զարգացումներից
Ապրիլի 20-ին Երևանում տեղի էին ունեցել Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախադրությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները https://www.mfa.am/hy/press-releases/2023/04/20/Arm.Ir.Ind/11978։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։ Այս հանդիպումից հետո սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը։ Տեղեկությունը, թեև պաշտոնապես չի հաստատվել, սակայն իրանական ու հնդկական մամուլում ևս այս օրերին քննարկման թեմա է դարձել երեք երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունը։
Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը ejc.am–ի հետ զրույցում ասաց, որ ըստ իրանական մամուլի՝ Իրան-Հնդկաստան-Հայաստան հանդիպման հիմանական թեման  կենտրոնացած է առևտրի վրա։ «Հատկապես կոմունիկացիաների հարցն է քննարկման առանցքում՝ Պարսից ծոցը Հայաստանի տարածքով Սև ծովին միացնելու հարցը, որը կհեշտացնի հնդկական ապրանքների մուտքը արևմտյան շուկա։ Հղում անելով հնդկական Economic Times թերթին՝ իրանական աղբյուրները գրում են, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ է համապատասխանում Հնդկաստանի ծրագրերին, քանի որ Նյու Դելին ձգտում է վերացնել և կրճատել Եվրոպա հասնելու լրացուցիչ ուղիները, շրջանցել Սուեզի ջրանցքը և խուսափել Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական ազդեցությունից։ Նույն իրանական աղբյուրները հայտնում են, որ The Economic Times-ը, վկայակոչելով Հայաստանի կառավարության անանուն աղբյուրները, հայտնում է, թե Հայաստանը հնդկական ներդրումներ է փնտրում Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքն ավարտելու համար»,- ասաց Սահակ Շահմուրադյանը։
«Այսպիսով՝ շատ մեծ հնարավորություն է ստեղծվում Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես այլընտրանքային երթուղի Իրանի և Հնդկաստանի համար՝ այս երկու երկրներին կապելով Եվրոպայի հետ, միևնույն ժամանակ կրճատելով Իրանի կախվածությունը Թուրքիայից և մասամբ Ռուսաստանից, որը փորձում է Իրանին ստիպել Ադրբեջանի տարածքով իր առևտրային կապը պահպանել Ռուսաստանի և Միջին Ասիայի տարածաշրջանի երկրների հետ։ Իրանի, Հնդկաստանի և Հայաստանի անդամակցությունը տարածաշրջանային համաձայնագրերին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (SCO), ԵԱՏՄ-ն, Հնդկական օվկիանոսի տարածաշրջանային համագործակցության միությունը և Հարավային Կովկասի հետ կապված անվտանգության ընդհանուր հարցերը, ինչպես նաև Հնդկաստանի և Հայաստանի էներգետիկ ու տրանսպորտային կարիքները պահանջում են Իրանի, Հնդկաստանի և Հայաստանի միջև տնտեսական, տրանսպորտային և անվտանգության հարաբերությունների ընդլայնում»,- հավելում է Սահակ Շահմուրադյանը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե նախարարական ձևաչափով կան հանդիպումներ ու քննարկումներ, և պաշտոնական հաղորդագրություններում խոսվում է առաջին «ռաունդի» մասին, դա նշանակում է, որ գործընթացը տևական է և ենթադրում է խորքային աշխատանք ու լուրջ համաձայնություններ։ «Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս են հեռավոր Արևելքի բեռները հասնելու Եվրոպա ու Ռուսաստան։ Եվ այստեղ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական բարենպաստ է, որովհետև այս պահի դրությամբ Ռուսաստան-Արևմուտք հաղորդակցության բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհները փակ են՝ ցամաքով, օդով, ջրով։ Հայաստանը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար մնում է հաղորդակցության կարևոր ուղու մի մաս։ Այս կտրվածքով Հայաստան-Իրան- Հնդկաստան ձևաչափը կարող է լուրջ հայտ ներկայացնել՝ այս ճգնաժամային իրավիճակում այդ բեռնափոխադրումները Հայաստանով անցկացնելու առումով»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս առումով շատ աշխատանք ունի անելու, մասնավորապես, Սյունիքում, որտեղ լեռնային ու կտրտված լանդշաֆտ է։ «Այնտեղ թունելների համակարգ պետք է կառուցվի, դեռևս 2021 թվականի ամռանը Եվրամիությունն այդ հատկացումն արեց, և մի քանի թունելների շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն ԵՄ ֆինանսավորման շնորհիվ։ Թե ինչ խոչընդոտներ կան, ես չեմ կարող ասել, բայց տեսանելի է, որ աշխատանքը գնում է։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հանգույց»,- հավելեց Սաֆարյանը։