Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները

Շիրակի և Լոռու մարզերում կավելանան ոռոգվող հողատարածքները

Տեղի է ունեցել «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսը, որը որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։  

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության, ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (Nationally Determined Contributions) իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողա տարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և  պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ 

Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում: 

Միջոցառման մասնակինցներին ողջունել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ 

Իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել  է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կարճաժամկետ, արագ և արդյունքահեն ծրագրերը՝ հիշեցնելով 2022 թվականին մեկնարկած և արդեն ավարտուն փուլում գտնվող ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագիրը։ Ծրագրի իրականացման արդյունքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զինվել է եղանակի կանխատեսնամ նոր ավտոմատացված կայաններով, այն խթան է հանդիսացել, որ ՀՀ Կառավարությունը  միջոցներ հատկացնի և շուտով ամբողջ հանրապետության տարածքում կունենանք կանխատեսումների արդիականացված համակարգ։

Նախարարն անդրադարձել է նաև այսօր մեկնարկող ծրագրի  կողմից առաջարկվող կարևոր լուծումներին և դրա բնապահպանական արդյունքին, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ 
Ծրագրի իրականացման արդյունքում ստացված դրական փորձն ու գիտելիքները  կնպաստեն ոռոգման համակարգերի արդիականացմանը, ներդրումային ծրագրերի ծավալների ավելացմանն ու երկրում խելացի ոռոգման համակարգի ձևավորմանը:

Ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային պետական կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6,000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։

Լոռու և Շիրակի մարզերի թիրախային բնակչության մոտ 65 տոկոսի ապրուստն անմիջապես կախված է գյուղատնտեսությունից: Առանց կլիմայական խելացի գյուղատնտեսական նորարարական պրակտիկաների կիրառման բարձրանում է գյուղական համայնքների աղքատացման վտանգը։ Այս մարզերում ոռոգման բացակայության պատճառով վարելահողերի մոտ 45 տոկոսը մնում է անմշակ, այդ թվում բարձր գյուղատնտեսական ներուժ ունեցող տարածքներում։ Վերոնշյալ պատճառների և ջրի պոմպային ենթակառուցվածքներում ներդրումների բացակայության պատճառով օգտագործվում է նախկինում ոռոգվող վարելահողերի միայն 25 տոկոսը։ 

Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։ Թիրախային խմբերը կունենան  նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (Geographic Information System) վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները։