Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը):

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը: Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները։

Նախարարը զեկուցել է, որ ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառումը:

Այս առումով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմները, ներդրումային գրավչության խթանման քայլերը և այլն: Փաստաթուղթն ունեցել է լայն հանրային քննարկում՝ 22 բանավոր հանդիպում, շուրջ 1000 առաջարկ և մեկնաբանություն, համաձայնեցվել է տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների, միջազգային գործընկերների հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նշանակությունը՝ անդրադառնալով դրանով նախանշված առաջնահերթություններին. «Իսկապես շատ կարևոր փաստաթուղթ է, և ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր ուղղությունները կամ ռազմավարական խնդիրները, որոնք մենք մեր առաջ դնում ենք:

Առաջինը՝ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ, ընդ որում, ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները:

Երկրորդը՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացը և այդպես շարունակ:

Եվ երրորդը՝ հանքարդյունաբերությունն օր առաջ պետք է հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանդարտներին: Այս առումով նաև ոլորտի կրթությունը մեր հանրապետությունում պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներ մեր երկրում աշխատեն, որպեսզի կարողանան շահագործել մեր սահմանած ստանդարտներին համապատասխան: Այս առումով, կարծում եմ, նաև կոնկրետ օրինակներով արդեն կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին. «Գիտեք նաև, որ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Եվ 2021թ., նախընտրական մեր խոստման համաձայն, ժողովուրդը, ի դեմս Կառավարության, փայաբաժին է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ որպես առաջնային արդյունք՝ ուզում եմ արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022թ. վճարել է ռեկորդային ծավալի հարկեր՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամի: Խնդրում եմ թիվը հիշեք՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամ: Օրինակ, 2016թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ: 7,8 մլրդ ՀՀ դրամ և 145 մլրդ ՀՀ դրամ: 2023թ. առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 14 մլրդ ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում երկու անգամ ավելի շատ հարկ, քան ամբողջ 2016թ. միասին վերցրած:

Իհարկե, պետք է հիշել, որ այս վիճակագրության մեջ պղնձի միջազգային գները, իհարկե, ունեն որոշակի դերակատարում, և դրա համար մենք խոշորացված որոշակի պատկերներ նաև կստանանք: Տեսեք՝ ինչ հետաքրքիր դինամիկա ունենք. ինչպես ասացի, 2016թ. ԶՊՄԿ-ն վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2017թ.՝ 18,6 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2018թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը դարձել են 50,2 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 3 անգամ աճ են արձանագրել: Հետաքրքիր է, որ 2019թ. և 2020թ. ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ կապված կարող է սա լինել. երբ հիմա հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ. իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իհարկե, 2019թ. այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչին ազատել ենք իր պաշտոնից և 2020թ. ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու՝ քովիդի և պատերազմի պատճառով այդ թեմայով: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն: Հետո՝ 2021թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով, այսինքն՝ 2020թ. նկատմամբ աճը՝ 43 տոկոս, իսկ 2022թ. բացարձակ ռեկորդ՝ 145 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցրած, դեռ գումարած նաև 2020թ. վճարած հարկերը: Այսինքն՝ մեկ տարում գործնականում վեց տարվա չափ հարկ է վճարել, բայց քանի որ գներն որոշակի դերակատարում ունեն, էական են նաև որոշակի խոշորացված տվյալներ ներկայացնելը: 2013-2017թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 105 մլրդ ՀՀ դրամի հարկ, 2018-2022թթ.՝ 345 մլրդ ՀՀ դրամի հարկ: Այսինքն՝ աճը կազմել է 228 տոկոս: Իհարկե, խնդրում եմ միշտ հիշեք, որ այս վիճակագրության մեջ կա պղնձի միջազգային գների գործոնը, որոնք որոշակի, իհարկե, տատանումներ ունեցել են, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, այս դիագրամները կամ թվերը որոշակի պատկերացում տալիս են»:

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների վրա՝ նշելով. «Քանի որ հարկային եկամուտների հետաքրքիր վիճակագրությանն անդրադարձա ԶՊՄԿ-ի մասով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մեկ հետաքրքիր փաստի վրա: Վիճակագրության կոմիտեն վերջերս՝ օրերս, տվյալներ է հրապարակել պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ: Արդեն ասել ենք, որ ապրիլ ամսին մենք ունենք ռեկորդային հարկային հավաքագրում՝ հավաքագրել ենք մոտ 297 մլրդ ՀՀ դրամ: Բայց շատ հետաքրքիր է հետևյալ տվյալը, որ ապրիլին մեր հավաքագրած մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000թ. ամբողջ տարեկան բյուջեն, 2001թ., արդեն առանձին-առանձին, ոչ թե միասին վերցրած, այսինքն՝ ապրիլին հավաքածն ավելին է, քան 2000թ. առանձին վերցրած, 2001թ., 2002թ., 2003թ., 2004թ. տարեկան բյուջեները: Այսինքն՝ մենք մեկ ամսում հավաքագրել ենք ավելի շատ գումար, ընդ որում՝ որոշ դեպքերում էականորեն, քան այս հիշատակված թվականների տարեկան բյուջեն և մոտավորապես այնքան, ինչքան 2005թ. տարեկան բյուջեն:

Իսկ եթե հաշվի առնենք առաջին 4 ամսվա հարկային եկամուտները, 4 ամսվա ընթացքում մենք ավելի շատ գումար ենք հավաքագրել պետական բյուջե, քան 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների տարեկան բյուջեները: Կրկին եմ ասում՝ ոչ թե բոլորը միասին, այլ առանձին-առանձին վերցրած: 4 ամսում մենք 10 տարվա ամեն տարվա տարեկան բյուջեից ավելի շատ գումար ենք հավաքել, իսկ 2011թ.՝ տարեկան բյուջեից մի փոքր ավելի կամ համեմատելի գումար ենք հավաքել որպես պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ առաջին 4 ամսում հավաքել ենք 758.1 մլրդ ՀՀ դրամ: Դա նշանակում է, որ 2011 և նախորդող արդեն բնականաբար անկախության ողջ շրջանի պետական տարեկան բյուջեները եղել են սրանից պակաս: Սրանք, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք ուղղակի որպես վիճակագրություն հետաքրքիր են, և շնորհակալ ենք Վիճակագրության կոմիտեին՝ նման տվյալների վրա մեր ուշադրությունը հրավիրելու համար:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունն իսկապես շատ ծավալուն փաստաթուղթ է, շատ մանրամասն քննարկված: Ես ուզում եմ ևս մեկ նրբության անդրադառնալ, որին, կարծում եմ, վերջին խորհրդակցությունից հետո անդրադարձ կատարել ենք: Դրա մասին, իհարկե, նոր չի խոսվում, բայց նաև պոչամբարների վերամշակման թեմային պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև, գիտեք, ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան օգտակար նյութի կորզման տոկոսը մեծանում է: Բայց նաև այդ պոչամբարներում կուտակվում են երկար տարիներ շահագործված հանքանյութեր, որոնց կորզումը հին տեխնոլոգիաներով է տեղի ունենում, և պոչամբարներում երբեմն լինում է որոշակի օգտակար նյութ, որի վերամշակումը տնտեսապես կարող է ձեռնտու լինել: Մենք այս թեմային նույնպես հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմավարության մեջ: Փաստաթուղթը հրապարակային է լինելու, և հետաքրքրվողները, մեկնաբանները, փորձագետները կարող են օգտվել»: