Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը

Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը
 
Այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Ա․ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին:  Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունը, ինչպես նաև ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։