Արամ Մելքոնյանը և Արմեն Զոհրաբյանը աշխատանքային շրջայցով եղել են Արտաշատ համայնքում

Արամ Մելքոնյանը և Արմեն Զոհրաբյանը աշխատանքային շրջայցով եղել են Արտաշատ համայնքում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խորհրդականներ Արամ Մելքոնյանը և Արմեն Զոհրաբյանը աշխատանքային շրջայցով այսօր եղել են Արտաշատ համայնքում։ Վերջիններս Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ Արտաշատի քաղաքային մարզադաշտում դիտարկել են աթլետիկական վազքուղու կառուցման աշխատանքները:
Մարզադաշտում կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղի, կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:
Համայնքի ղեկավարը նախարարի խորհրդականներին տեղեկացրել է, որ նախորդ տարի իրականացվել են բետոնային աշխատանքները, լուծվել են ջրահեռացման հետ կապված խնդիրները, այնուհետ տեխնոլոգիական անհրաժեշտ դադարներից հետո, մեկնարկել է վազքուղու կառուցումը: Ներկաները շրջել են մարզադպրոցում, քննարկել հետագա աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Համայնքի սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին ծանթանալու նպատակով Ա. Մելքոնյանը և Ա. Զոհրաբյանը եղել են նաև Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:
Հաջորդ կանգառը Արտաշատ քաղաքային համայնքի Աճառյան փողոցում էր, որտեղ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտեցել փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 455 գծամետր երկարությամբ: Փողոցն Արտաշատի թիվ 5 դպրոց տանող ճանապարհն է: Ներկաները հետևել են ընթացող աշխատանքների որակին ու ծավալին, քննարկել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ իրականացվող անելիքները: Պարոն Մկրտչյանը նշել է, որ 2022 թ. սուբվեցիոն ծրագրով միայն Արտաշատ քաղաքային համայնքում ընթանում են 979 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, համայնքում հիմնանորոգվել են միանգամից 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, որոնք տարիներ շարունակ գտնվել են խիստ անմխիթար վիճակում:
Շրջայցի ավարտին նախարարի խորհրդականները եղել են նաև Արտաշատի Քլամարի անվան պուրակում: