Եվրասիական տնտեսական միությունում աշխատում են էլեկտրոնային առևտրի միասնական շուկա ստեղծելու համաձայնագրի վրա

Եվրասիական տնտեսական միությունում աշխատում են էլեկտրոնային առևտրի միասնական շուկա ստեղծելու համաձայնագրի վրա

Եվրասիական տնտեսական միության երկրներն աշխատում են էլեկտրոնային առևտրի վերաբերյալ համաձայնագրի վրա։ Մայիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միության առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։

«Համաձայնագրի նպատակն է այնպես անել, որ ԵԱՏՄ անդամ որևէ երկրում էլեկտրոնային առևտրով զբաղվող խանութները կարողանան ազատորեն ապրանքներ վաճառել Միության մյուս երկրներում։ Ընդհանուր թեզը հասկանալի է, սակայն շատ աշխատանք կա անելու, որպեսզի դա իրագործվի»,- ասաց նա։

Սլեպնյովը հավելել է, որ Միության անդամ երկրներն ավարտում են աշխատանքը օնլայն առևտրի և ծառայությունների համար ԱԱՀ-ի գանձման վերաբերյալ արձանագրության շուրջ։ Նրա խոսքով՝ այս հարցը շատ քննարկումների տեղիք է տվել, քանի որ անհրաժեշտ էր գալ համաձայնության, թե որտեղ գանձել այդ հարկը՝ այն երկրում, որտեղից ապրանքը վաճառվում է, թե երկրում, որտեղ ապրանքը գնվում է։

Նախարարը նաև ասել է, որ անհրաժեշտ էր նաև թվայնացնել հաշիվ-ֆակտուրաները փաստաթղթերի մշակման գործընթացում ժամանակ խնայելու համար։

Աղբյուրը՝   armenpress.am