Ամփոփվում են բնակարաններով ապահովման ծրագրին դիմած շուրջ 5000 հանրային ծառայողների հայտերը. Քաղաքաշինության կոմիտե

Ամփոփվում են բնակարաններով ապահովման ծրագրին դիմած շուրջ 5000 հանրային ծառայողների հայտերը. Քաղաքաշինության կոմիտե

Հանրային շուրջ 5000 ծառայող բնակարաններով ապահովման պետական ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել: Պետական համակարգի 43 մարմնից Քաղաքաշինության կոմիտե ներկայացված դիմումների քանակը կրկնակի ավելի է «Կոմիտաս պարկ» թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի առաջին փուլով ստացված դիմումներից:

Ներկայումս դիմում-հայտերի գրանցման փուլն է: Քաղաքաշինության կոմիտեն աստիճանաբար բոլոր դիմումատուներին էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանուն և գաղտնաբառ է տրամադրում՝ հաջորդիվ կիրառելու համար: Ստուգվում է դիմումների համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին, օրինակ՝ արդյոք նախկինում դիմումատուն կամ նրա ամուսինը կնքել է պայմանագիր Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված պետական ծրագրերից որևէ մեկի շրջանակում, կամ տեղափոխվել է պետական համակարգից դուրս աշխատանքի և այլևս հանրային ծառայող չէ, կամ գուցե աշխատավայրը Երևան քաղաքում չէ:

Բոլոր ճշգրտումները, դիմումների գրանցումներն ավարտելուց հետո ծրագրի հավակնորդների ցանկը կհաստատվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով և կտեղադրվի կոմիտեի www.minurban.am պաշտոնական կայքում ու www.statemultiapartment.am հարթակում: Այդ մասին դիմումատուները կտեղեկանան նաև՝ իրենց էլեկտրոնային հասցեին ծանուցում ստանալով:

Այնուհետև նախապատրաստվելու է վիճակահանության փուլը, որին մասնակցելու համար որոշմամբ սահմանված կարգով նախատեսված է համապատասխան վճար:

Դիմում ներկայացրած հանրային ծառայողներն իրավունք ունեն նախքան վիճակահանությունը հրաժարվել ծրագրի մասնակցությունից: Կարևոր է նախքան վճարման փուլի մեկնարկը դիմել ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար: Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում (www.statemultiapartment.am/documents):

Ծրագրի շրջանակում բաշխվելու է 348 բնակարան և նույնքան ավտոկայանատեղի Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս պարկ» թաղամասի բազմաբնակարան շենքային համալիրի 5 մասնաշենքից: Ծրագրով նախատեսված է արտոնություն հանրային այն ծառայողների համար, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում. նրանց նախընտրած բնակարանը կտրվի առանց վիճակահանության:

Հետագա բոլոր քայլերի մասին ծրագրին դիմողները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հիշեցնենք, որ ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: