Զգուշացում.ջուր չի լինելու… բա հետո՞

Զգուշացում.ջուր չի լինելու… բա հետո՞

«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ,  ջուրն անընդհատ պակասելու է։ Կանխատեսումներ են արված, որ ամեն տարի ջուրը պակասելու է։ Ոչ մի դեպքում էլ ջրի քանակը չի ավելանալու։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամենուր, ձկնարդյունաբերության մեջ էլ, գյուղատնտեսության մեջ էլ»։ Հաջորդիվ Արմավիրում դիմելով գյուղացիներին վարչապետն ասաց, «չեք փոխվում, ժողովուրդ, պիտի փոխվեք, ջուրը շատ չի լինելու»։ Նույն օրերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին հայտարարեց, որ մինչեւ 2023թ. վերջ Հայաստանի մարզերում 22 փոքր ջրամբարների նախագծեր կկազմվեն։

Տրամաբանական է, որ վարչապետին ու կառավարությանն անհանգստացնում է ջրի սակավության խնդիրը և ծրագրվում է այդ ուղղությամբ լուծումներ գտնել։ Հասկանալիորեն առաջին ամենակարևոր ու, թերևս, ամենահեշտ լուծումը ջրի խնայողաբար օգտագործումն է։ «Եթե ոռոգման ու ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդրվենմենք ունենալու ենք նոր խնդիրներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են»,-զգուշացրել է  վարչապետը։

 Ինչ վիճակ է …

Քաղցրահամ ջրի խնդիրն այսօր աշխարհի առաջ հառնած ամենալուրջ խնդիրն է։ Բայց գանք Հայաստանին ու տարածաշրջանին։ ԱՊՀ երկրների մեկ շնչին ընկնող ջրի տարեկան միջին քանակը կազմում է 18 հազ. խմ, Վրաստանում այն կազմում է 11.4 հազ. խմ, Հայաստանում՝ 2.6 հազար։ Մի շարք երկրների հետ համեմատած, Հայաստանում հողագործությամբ կարելի է զբաղվել միայն ոռոգման միջոցով, որի արդյունքում ջրօգտագործման պահանջարկը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում:

Պրն Սանոսյանն անդրադառնալով ջրամբարների թեմային նշում է, որ կառավարությունը շարունակում է նաեւ խոշոր ոռոգման ջրամբարների շինարարությունը։ Վեդիում, օրինակ` ավարտվում է ջրամբարտակի կառուցումը։ 85 մետրից արդեն պատրաստ է 70-ը։ Առաջիկայում պետք է սկսվեն Կապսի ջրամբարի շինաշխատանքները։ Այն գտնվում է Թուրքիայի հետ սահմանին։ Շինարարության պայմանագիրը կկնքվի առաջիկա օրերին։   Իսկ թե ինչու՞ է Հայաստանում տարեցտարի սրվում ոռոգման ջրի խնդիրը, «կապված է հիմնականում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման եւ օգտագործման հետ»,- բացատրում են մասնագետները:

 Ջուր չի լինելու, որովհետև…

«Այսօր շատ կարևոր է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել և  20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարներ կառուցելու համար: Արդեն մոտ ապագայում լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված։ Գոյություն ունի սահմանային ջրերի օգտագործման միջազգային կոնվենցիա, որը սակայն, չի հարգվում մեր հարևանի կողմից: Կոնվենցիայով սահմանված նորմերը չեն գործում և հաշվի չառնելով ջրային պաշարների, հատկապես բնապահպանական միջոցառումների հետ կապված խնդիրները, թուրքերը գործնական լուրջ քայլեր են արել ու անում Հայաստանի տարածք մտնող ջրային հոսքերի «դեմն առնելու», դրանց հոսքը ՀՀ փակելու ուղղությամբ»,-2017թ-ին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հասկանալիորեն դա արվում է միտումնավոր, խիստ որոշակի նպատակներով: Էրդողանի կառավարությունն ամեն ինչ անում է Արարատյան դաշտում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի ջրերի առաջը փակելու համար»:

Այդ երկրում նոր ջրամբարներ են կառուցվում, սանձելու այն ջրերը, որ պետք է լցվեին Ախուրյանի ջրամբարը, որը հետո պետք է հավասարապես կիսվեր մեր և թուրքերի միջև: Դրան զուգահեռ Թուրքիան ամեն ինչ անում է յուրացնելու Արաքսի ջրերի կեսից ավելին, ինչն առաջիկայում էլ ավելի լուրջ խնդիրներ է ստեղծելու մեզ համար։ Թուրքերի կողմից իրականացված ու իրականացվող այս միջոցառումների արդյունքում արդեն իսկ ոռոգման հետ կապված խնդիրներ ունենք, ինչի մասին բարձրաձայնում է գործող վարչապետը։ Հարցը նրանում է, որ Թուրքիան վերջին տասնամյակներում Սիրիային ու Իրաքին ջրազրկելու հստակ քաղաքականություն է իրականացրել ու իրականացնում: Հիմա նույնն անում է մեր հանդեպ: Այդ քաղաքականության ծիրում Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը, որի ջուրն օգտագործվում է հսկայական տարածքներ ոռոգելու համար, վերջին տարիներին հայտնվել է ծավալների նվազման լուրջ վտանգի առաջ:

 Ի՞նչ ունենք, ու ի՞նչ է սպասվում մեզ

Վերջին մի քանի տասնամյակում հանրապետությունում տարեկան տեղումների միջին քանակը 17-18 մլն խմ է, որի հիմնական մասը գոլորշիանում է: Մասնագետների հաշվարկներով մինչև 2050թհանրապետության տարածքում միջին ջերմաստիճանը կաճի 1.5-2 աստիճանովտեղումները կնվազեն  10-15%-ով:  Դա  էլ  կբերի  նրան, որ  մի կողմից քաղցրահամ ջրի քանակը կպակասիմյուս կողմիցոռոգման ջրի պահանջարկը կմեծանա:

Հայաստանի   տարածքով  ջրերի   հոսքը գետերի եւ ստորերկրյա ջրերի միջոցով կազմում է 7.4 մլրդ խմ, ջրառատ տարիներին մինչեւ 8-8.5 մլրդ խմ (որոշ տվյալներով մինչև 10.5 մլրդ խմ), սակավաջուր ժամանակ` 5-6 մլրդ խմ:

Մինչև անկախացումը նշյալ 7.5 մլրդ խմ-ից շուրջ  4.5 մլրդը օգտագործվում էր տնտեսության մեջ (գյուղատնտեսության, կոմունալ տնտեսության և արդյունաբերության): Մնացած 3 մլրդ խմ-ից 1 մլրդը անօգտագործելի էր և շարունակում  է լինել: Դրանք գարնանային մանր առվակների ջրեր են, որոնք ամբարելն ու պահելը տնտեսապես ձեռնտու չէ: Սկսած 1990-ականների սկզբներից 4 մլրդ խմ-ի փոխարեն օգտագործում ենք ընդամենը 2.5-2.6 մլրդ խմ, եղած ջրային ռեսուրսների շուրջ երրորդ մասը: Մեկ-երկու տասնամյակում  իրավիճակը չփոխելու դեպքում ջրօգտագործման ծավալները միայն ջերմաստիճանի բարձրացման հետևանքով նվազելու են ևս 10-15%-ով։ Ոռոգման համակարգի մաշվածությունը բերելու է ջրի կորուստների մեծացման ու էլ ավելի քիչ օգտագործման։  Սա էլ մասնագետների գնահատականն է բնականից մեր ունեցած ջրային պաշարների ու սրանց տնօրինման վերաբերյալ, որից պարզ է դառնում, որ ջրոլորտում, հետևաբար և գյուղատնտեսության ոլորտում, հենց միայն ոռոգման առումով վիճակն արդեն վտանգավորության առաջին աստիճանին է մոտեցել։

Ի՞նչ են ասում մասնագետները

«Եղած ջրային պաշարների խնայողաբար ու ճիշտ օգտագործումն ամենից առաջ պայմանավորված է ոլորտի արդյունավետ կառավարմամբ: Մի բան, որ վերջին 20 տարիներին բավական լուրջ ներդրումներով հանդերձ, ապահովում են աննշան արդյունքներ: Հայաստանի ջրային պաշարների հետագա ավելացման, դրանով իսկ տնտեսության անվտանգության բարձրացման համար, ճիշտ կառավարումից զատ, անհրաժեշտ է մեծ թվով նոր, փոքր ջրամբարների կառուցում: Դա Հայաստանի համար պարզապես հրամայական է: Հարցն այն է, որ ՀՀ տարածքի միջին բարձրությունը ծովի մակերևույթից գրեթե 1820 մետր է, ՀՀ տարածքի 75%-ը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա (սա այն դեպքում, երբ աշխարհի բնակչության հազիվ 5%-ն է բնակվում ծովի մակերևույթից 1000 մետր ու ավելի բարձրության վրա) եւ հանրապետության տարածքում եղած ջրերը չամբարվելու պարագայում հոսելով նրանից դուրս,  Արաքսի ու Կուրի ավազաններին պատկանող մեր գետերի ջրերը վերջնարդյունքում հայտնվում են Ադրբեջանի տարածքում: Հարևան երկրներից և ոչ մի գետ չի հոսում դեպի Հայաստան: Հետևաբար` ջրային ռեսուրսների տնօրինման առումով մենք բնականից կորցնողի դերում ենք, ինչից էլ ելնելով առաջնահերթ պետք է մտածենք այդ ջրերը երկրի ներսում պահելու ուղղությամբ։ Ամենակարևոր խնայողությունը սկսվում է այդտեղից; Հասկանալի է, որ սա ծախսատար ու ժամանակատար գործընթաց է։ Բայց 25 տարի առաջ այս խնդրի առնչությամբ  կառավարությունը բառացիորեն նույնն է ասել․« ծախսատար գործընթաց է, առայժմ միջոցներ չունենք»։  15 տարի առաջ էլ մերժումը նույն պատճառաբանությամբ է հիմնավորվել։

2008թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում էր 5 նոր ջրամբարների կառուցում և 2 վթարային/անավարտ ջրամբարների վերականգնում, ինչը սակայն քաղաքական դրդապատճառներով չիրականացվեց: Այլ միջոցներ էլ չգտնվեցին ծրագրերը առաջ մղելու համար։ Բացարձակապես նույն մոտեցումն է  այսօր՝ միջոցներ չկան։ «Դարի շինություն» դարձած Վեդու ջրամբարը, որն 2020թ-ին պետք է մասնակի, իսկ 2022թ-ին ամբողջական ոռոգում ապահովեր, 2023թ-ի կեսերին 85 մետրանոց ջրամբարտակից 70-նն է պատրաստ։

«Որքան էլ ջրամբարն իր արժեքով թանկ լինի, միևնույնն է «նորմատիվային հետգնումը» հիդրոտեխնիկական կառույցների համար 8 տարի է: 9-րդ տարուց սկսած ջրամբարը զուտ շահույթ է ապահովում: Հետևաբար` ջրամբարի վրա կատարված ցանկացած ներդրում 8-9 տարվա ընթացքում ետգնումն ապահովում է։ Եթե չունենք անհրաժեշտ տարողության ջրամբարներ, մնալով բնության հույսին, ունենալու ենք ջրային պաշարների մշտական խնդիրներ, հատկապես, որ ընթացող գլոբալ տաքացումն ու տարածաշրջանային քաղաքական զարգացումները շատ արագ բերելու են մեծ ու ոչնչով չհիմնավորված վտանգավորության աստիճանի ռիսկերի»,-ասում են ոլորտի հեղինակավոր մասնագետները։

Խորհրդային Հայաստանում  այն համարվել է գերակա ուղղություն: Անցած դարի 70-ականների վերջերին, եղած, գործող 80 ջրամբարներից զատ  այս ոլորտի ճանաչված ճարտարագետների կողմից մշակվել է հանրապետությունում ևս 108 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր, որն այսօր էլ այժմեական է: Վերոնշյալ նախագծերի կյանքի կոչման դեպքում  Հայաստանի արհեստական ջրավազանների ծավալը կավելանար  մինչև 1 մլրդ խմ-ով, հասնելով 2,5 մլրդ խմ-ի: ՀՀ-ում, բացի  կառուցված, գործող ջրամբարներից կան նաև կիսակառույց, նախագծված, ուսումնասիրված ու չուսումնասիրված ջրամբարներ: Ոչ վաղ անցյալում հաշվարկվում էր 18 ջրամբար, որոնց շինարարությունն առաջնային է: Դեռ 2013թ.-ին խոսվում էր Վեդիի, Քաղսիի, Եղվարդի ջրամբարների արագ շինարարության և մինչև 2018թ.-ը դրանց ավարտի մասին: 2023թ.-նն է ու թե ինչն ինչքանո՞վ են ավարտել, տեսնում ենք։

Իհարկե, միայն ջրամբարաշինությամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցը չի լուծվի, հանրապետությունում ոռոգման ջրի ապահովման մյուս խնդիրներին կանդրադառնանք հաջորդիվ։