Ավելի քան 1000 քաղաքացի արդեն իսկ օգտվում է Սեզոնային զբաղվածության ծրագրից

Ավելի քան 1000 քաղաքացի արդեն իսկ օգտվում է Սեզոնային զբաղվածության ծրագրից

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրից արդեն իսկ օգտվում է ավելի քան 1000 քաղաքացի․ վերջիններս կարող են մշակել իրենց հողատարածքը՝ պետության աջակցությամբ։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք են և ունեն մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող (կամ սեփականատեր են, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող)։

Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:

Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։  

Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր։

Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։