Վանաձորում շինարարական եռուզեռ է. մարզի ղեկավարը հետևում է աշխատանքների ընթացքին

Վանաձորում շինարարական եռուզեռ է. մարզի ղեկավարը հետևում է աշխատանքների ընթացքին
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ավագանու անդամների ուղեկցությամբ աշխատանքային օրն անցկացրեց #Վանաձորի շինհրապարակներում՝ հետևելով սուբվեցնիոն ծրագրերով և պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:
Ինչպես հայտնի է, ավագանու նիստեր չգումարվելու պատճառով, 2022թ. սուբվենցիոն ծրագրերը հնարավոր եղավ մեկնարկել միայն այս տարի՝ 16 ծրագիր՝ ավելի քան 2 մլրդ 80 մլն դրամ արժողությամբ: 2023թ. համար համայնքը ներկայացրել է ևս 3 ծրագիր՝ շուրջ 600 մլն դրամ արժողությամբ:
Աշխատանքների մեծ մասի մեկնարկն արդեն իսկ տրված է, մյուսները կսկսվեն հաշված օրերի ընթացքում:
Մեր սիրելի Վանաձորը և խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը վերածվել են մեծ շինհրապարակի. նախատեսվում է կառուցել և բարեկարգել ճանապարհներ, բակեր, բարելավել ենթակառուցվածքները, կառուցել մանկապարտեզներ, մշակութային և սպորտային հաստատություններ և այլն: Աշխատանքների մի մասն արդեն ավարտին կհասցվի այս ամռան ընթացքում, մի մասն էլ՝ մինչև տարեվերջ, ունենք նաև ծրագրեր, որոնք երկու փուլով կիրականացվեն՝ այս և հաջորդ տարի,- ասաց մարզի ղեկավարը և վերահաստատեց. խստագույն կերպով, ամենօրյա ռեժիմով հետևելու են աշխատանքների որակին և ժամկետներին:
Այցի առաջին կանգառը՝ #Գուգարք համայնքում էր: Այստեղ կհիմնանորոգվեն Էներգետիկների 5-րդ փողոցը և Քոթեջային 1,2,3,4,9-րդ փողոցները, 14-րդ փողոցում կկառուցվի սելավատար՝ ընդհանուր մոտ 108 մլն 803 հազար դրամ արժողությամբ:
 Նախատեսվում է երկու փուլով Գուգարք բնակավայրում նաև մանկապարտեզ կառուցել (առաջին փուլ՝ 90 մլն 213 հազար դրամ, երկրորդ փուլ՝ 210 մլն դրամ ): Ի դեպ,երկրաշարժից հետո, բնակավայրի մանկապարտեզը գործել է տնակային պայմաններում: Շուրջ 130 երեխայի համար կառուցվող մանկապարտեզը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը և ժամանցը պատշաճ կազմակերպելու համար:
Այցի ընթացքում մարզի ղեկավարը շրջեց նաև հիմնանորոգվող Գ.#Նժդեհ (368 մլն 103 հազար դրամ), Հր. #Ներսիսյան (388 մլն 640 հազար), Հ. #Զաքարյան (248 մլն 195 հազար դրամ), Ավ. #Իսահակյան (135 մլն 803 հազար դրամ) փողոցներում, որտեղ աշխատանքային եռուզեռ էր, և շինարարության պատասխանատուները վստահեցրեցին, որ ճանապարհները շահագործման կհանձնեն մինչև հուլիս, օգոստոս ամիսներ:
Այցելություն կատարվեց նաև #Շահումյան և #Դարպաս բնակավայրեր: Շահումյանում կհիմնանորոգվեն 1,2,4,5,6,9 փողոցները (ծրագրի արժեքը՝ 179 մլն 627 հազար դրամ), իսկ Դարպասում՝ 3-րդ և 4-րդ փողոցները՝ 68 մլն 962 հազար դրամ արժեքով:
Վանաձոր խոշորացված համայնքում, այսպիսով, սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի և կասֆալտապատվի 10 կմ ճանապարհ:
Արամ Խաչատրյանը ուղեկցող պաշտոնյաների հետ հետևեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության պատվիրատվությամբ և ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով Վանաձորում իրականացվող Խորենացի, Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցների, Կոմիտաս Վարդապետի հրապարակից մինչև Նարեկացի փողոց տանող էստակադայի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին (ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 2 մլրդ 320 մլն դրամ), որը ևս կկազմի 10 կմ: Այստեղ շինարարները նշեցին, որ ճանապարհներն ամբողջությամբ կշահագործվեն մինչև նոյեմբեր: Մարզի ղեկավարի հարցին ի պատասխան՝ նրանք տեղեկացրեցին, որ շինաշխատանքները մեծ մասամբ իրականացնում են տեղի բնակիչները, ինչը նաև զբաղվածության խնդիրն է լուծում:
- Վանաձորի սրտում տեղակայված այս փողոցներում գրեթե կես դար նման մասշտաբային հիմնանորոգում չի եղել և ես վստահ եմ, որ աշխատանքները կիրականացվեն այնքան որակով, որ առաջիկա տասնամյակներին այս փողոցները լիարժեքորեն կծառայեն մարզկենտրոնի բնակիչներին և կգեղեցկացնեն քաղաքը:
📍Ի դեպ, դարձյալ ամբողջությամբ պետբյուջեի միջոցնեով կիրականացվի նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ, Տիգրան Մեծ պողոտայի՝ Հայքի հրապարակից մինչը Շիրակացի փողոց տանող ճանապարհների հիմնանորոգումը: Ծրագիրը նախահաշվային փուլում է, սակայն պատասխանատուները վստահ են, որ այս աշխատանքները ևս կմեկնարկեն այս տարի: