Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը Ռուսաստան

Երևանի կոնյակի գործարանում Մեդիամաքսի աղբյուրները հայտնել են, որ մամուլում տեղ գտած շահարկումներն առ այն, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է ARARAT կոնյակների արտահանումը դեպի Ռուսաստան, չեն համապատասխանում իրականությանը։

Երևանի կոնյակի գործարանը շարունակում է աշխատել կանոնավոր ռեժիմով՝ բոլոր երկրներում կատարելով իր բոլոր պարտավորությունները բոլոր գործընկերների և հազարավոր հայ խաղողագործների առջև, հայտնել են աղբյուրները:

Ավելի վաղ Պեռնո Ռիկար խմբի կողմից ընդունված որոշումը Ռուսաստանում գործունեության դադարեցման վերաբերյալ նշանակում է, որ PR Rouss կազմակերպությունը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է ARARAT-ի գործընկերը Ռուսաստանի Դաշնության տարածքում, կամփոփի իր գործունեությունը մոտակա ամիսների ընթացքում։ Այնուամենայնիվ, Երևանի կոնյակի գործարանը հանձնառու է ապոհովել իր ապրանքների անխափան հասանելիությունն ամենուր։
Աղբյուրը՝   news.am