Մեծամորը հռչակվեց ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Մեծամորի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին հանձնեցին խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:
Միջոցառմանը մասնակցել են Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծամորի համայնքապետարանի ողջ անձնակազմը, վարչական ղեկավարները, ենթակառուցվածքների աշխատակիցները, Մեծամորի երիտասարդները և բնակիչներ։
Համայնքի ղեկավարն ընդունեց շնորհավորանքները և հավելեց, որ այս տիտղոսը պատվաբեր է Արմավիրի մարզի և իհարկե Մեծամոր համայնքի համար, շնորհակալություն հայտնեց Մեծամորին վստահելու, հավատալու և նման մեծ հնարավորություն ընձեռելու համար: Հավելեց նաև, որ այս մեկ տարվա ընթացքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, որոնց շարժիչ ուժն են լինելու երիտասարդները:
Համայնքի ղեկավարը լիահույս է, որ մեկ տարի անց նույն ամբիոնից կներկայացնի համայնքի երիտասարդների ունեցած հաջողությունները, որոնք մեծ ներդրում կունենան համայնքի զարգացման մեջ:
Ներկաներին ողջունեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարարության և Մեծամորի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Մեծամոր համայնքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը, որը սկսվել է Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել տեղական և միջազգային մշակութային մրցույթներում մասնակցած մեծամորցի երիտասարդները։ Համերգային ծրագրի հատուկ հյուրն էր Սրբուհի Սարգսյանը։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացել նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։