2022-ի բյուջեի մուտքեր․ սանկցիաներից որտե՞ղ տուժեցինք, որտե՞ղ շահեցինք
Պետական բյուջեի եկամուտները 2022-ին կազմել են 2 տրիլիոն 63.1 միլիարդ դրամ՝ 2021թ․-ի նկատմամբ աճելով 22,5%-ով։ Այդ մասին նշված է անցած տարվա բյուջեի կատարողականում, որն այս շաբաթ քննարկվում է Ազգային ժողովում։
ԱԱՀ-ի մուտքերն աճել են 20%-ից ավելի (22,2%-ով)՝ կազմելով 679,6 միլիարդ դրամ, նույնիսկ այն դեպքում, երբ 45%-ով աճել է ԱԱՀ-ի գերավճարների վերադարձը (բացարձակ թվով այն արդեն ԱԱՀ-ի մուտքերի 30%-ից ավելին է՝ մոտ 213 միլիարդ դրամ)։ Առևտրի և ծառայությունների սպառումը (այդ թվում՝ ԱԱՀ-ով հարկվող) աճել է՝ հիմնականում Ռուսաստանից (ինչպես նաև՝ Ուկրաինայից ու Բելառուսից) ժամանած քաղաքացիների սպառման, ինչպես նաև՝ տեղական աշխատաշուկայում աշխատավարձերի աճի հաշվին (որն առաջացրել է լրացուցիչ սպառում)։
Թեմայից փոքր-ինչ շեղվելով՝ նշենք, որ տեղական աշխատաշուկայում աշխատավարձերն աճել են՝ ի հետևանք այս ակտիվության, սակայն աճն ավելի արագ էր եղել ոչ արդյունաբերական ոլորտներում (հյուրանոցային տնտեսություններում ու հանրային սննդում, շինարարությունում, ՏՏ-ում ու ֆինանսական ոլորտում) և չի ուղեկցվել արտադրողականության բարձրացմամբ, ինչն էլ «տաքացնում» է գնաճը։
Նշենք, որ ապրանքների վերաարտահանումը, թեև ծավալներով մեծ է, դժվար թե գեներացներ մեծ չափերի ԱԱՀ, քանի որ ժամանակավոր ներմուծումը (հետագայում ՌԴ կամ այլ երկիր արտահանելու նպատակով) չի հարկվում ԱԱՀ-ով։
Շեշտակի՝ 40,5%-ով, աճել են շահութահարկի մուտքերը, կազմելով 222,8 միլիարդ դրամ։ Այստեղ պատճառը թե՛ տնտեսական աճն է, թե՛ ոչ ռեզիդենտների շահույթները։ Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների հարկվող շահույթը կազմել է 1 տրլն 78,4 մլրդ դրամ՝ 2021-ի համեմատ աճելով մոտ 33%-ով։
Ոչ ռեզիդենտների շահույթների մի մեծ «կտոր» կարող է եկած լինել ավանդներից, որոնց ծավալը ՀՀ բանկերում անցյալ տարի աճել է 60%-ից ավել (այն դեպքում, երբ ռեզիդենտների ավանդները՝ 17,5%-ով)։ Ավանդների աճն ամբողջությամբ տեղի է ունեցել ցպահանջ ավանդների հաշվին (ինչը ցույց է տալիս, որ ներդրողները մեր բանկերն օգտագործում էին որպես «կանգառ» և պատրաստ էին ցանկացած պահի գումարները դորւս բերել)։ Ավանդների աճն էլ, բնականաբար, գրեթե ամբողջությամբ արտարժույթով էր (549 միլիարդ աճից՝ 514 մլրդ)։
Շահութահարկի աղբյուր կարող էին դառնալ կորպորատիվ ավանդները (սա կարելի է միայն ենթադրել, քանի որ ոչ ռեզիդենտների ավանդների տվյալները վիճակագրության մեջ չեն տարանջատվում «ֆիզիկական/իրավաբանական անձ» ցուցանիշով)։
Եկամտային հարկի մուտքերն աճել են 11,4%-ով՝ կազմելով 474,8 միլիարդ դրամ, նույնիսկ այն պարագայում, որ կհարկի դրույքաչափը 22-ից իջել է 21%, իսկ հարկի վերադարձը՝ գրեթե մեկուկես անգամ (45%-ով)՝ կազմելով 47,4 միլիարդ դրամ։ Այստեղ մեծ դեր է խաղացել թե՛ աշխատաշուկայում ստվերի կրճատումը, թե՛ ռելոկանտների մոտքը (ոչ միայն որպես վարձու աշխատող այլև՝ որպես գործատու), ինչպես նաև՝ առևտրի և ծառայությունների ոլորտում աշխատատեղերի առաջարկի ավելացումը, որի մասին արդեն խոսել ենք։
Բնապահպանական հարկերի ու վճարների ծավալն աճել է ավելի քան մեկուկես անգամ (53%-ով) և կազմել 95,9 միլիարդ դրամ։ Հարկ է նշել, որ 2023-ից հանքահումքային ոլորտի ռոյալթիների դրույքաչափը նվազելու է հարկումը թեթևանալու է։
Հարկմանը նպաստել էր նաև այն, որ բարձրացել են մետաղների համաշխարհային գները․ մոլիբդենինը՝ 82%-ով, պղնձինը՝ 51%-ով, ոսկունը՝ միայն 1,7%-ով (ինչը զարմանալի չէ, քանի որ տնտեսական ակտիվության ժամանակահատվածներում ոսկին, որպես «հանգիստ» խնայողությունների միջոց, այդքան պահանջված չի լինում)։ Սակայն ընդհանուր աճը նպաստավոր է եղել մեզ համար, ըստ Ֆիննախի հաշվարկների, Հայաստանի համար այդ գների աճի միջինացված էֆեկտը կազմել է 62%` հաշվի առնելով արտահանման մեջ այս մետաղներից յուրաքանչյուրի (ավելի ճիշտ՝ դրանց հումքայի նյութերի) կշիռը։
Իսկ ահա մաքսատուրքերը ոչ միայն կրճատվել են, այլ եղել են բացասական․ ԵԱՏՄ ընդհանուր «կաթսայի» մեջ Հայաստանը փոխանցել է 125,6 միլիարդ դրամ, ստացել՝ 55,1 միլիրդ․ բացասական տարբերությունը կազմել է 70 միլիարդից մի փոքր ավել։ Սա ևս զարմանալի չէր, քանի որ Հայաստանն իր մաքսային սահմանով ընդունում և մաքսազերծում էր Ռուսաստանի միջնորդավորված առևտրի մի մասը։ Սակայն մաքսատուրքերը ԵԱՏՄ ներսում բաշխվում են ֆիքսված չափաքանակներով, որոնք անցյալ տարի չեն փոխվել։
Շարունակել էր գործել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև՝ ֆերոմոլիբդենի արտահանման պետական տուրքը։
Ռիսկերի վերհանման և դրա արդյունքներով ստվերի կրճատման նպատակով 2021 թվականին հարկային մարմնի կողմից հսկողական աշխատանքների շրջանակներում իրականացված 1156 համալիր հարկային ստուգումների արդյունքում արձանագրվել է 28.3 մլրդ դրամ` նախորդ տարվա ընթացքում իրականացված 1130 ստուգմամբ արձանագրված 27.0 մլրդ դրամի դիմաց։