Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել են

Վրաստանում զբոսաշրջության ոլորտում դրամական եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել են 795,4 միլիոն դոլար, ինչը 102 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշներից։

Ըստ ТАСС գործակալության տեղեկատվության, այդ մասին ասված է Վրաստանի կառավարության՝ 2022 թվականի հաշվետվությունում:

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտներն զգալիորեն աճել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 102 %-ով, և կազմել 795,4 մլն դոլար», - ասված է տեքստում։

Փաստաթղթում պարզաբանվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալները 37,5%-ով գերազանցել են մինչհամավարակային ցուցանիշները։ 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից վաստակել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 7,6 %-ով ավելի է 2019 թվականի տվյալներից։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետություն միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 1,2 միլիոն, ինչը 109,6 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվել է Ռուսաստան այցելելու համար այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացվել է Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան ուղևորությունների փաթեթների վաճառքի արգելքը։ ՌԴ-Վրաստան կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսվել է մայիսի 19-ին: