Տաթև–Լծեն ճանապարհահատվածի կառուցումն ավարտված է, Լծեն–Նորավանը շուտով կավարտվի. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզի Տաթև–Լծեն ճանապարահատվածի կառուցումն ամբողջովին ավարտվել է, իսկ Լծեն–Նորավան մասը շուտով կավարտվի։
Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Լծենից Նորավան տանող հատվածի բացումը կլինի շատ շուտով, շաբաթների մասին է խոսքը։ Դրանից հետո ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծվի»,– ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաշվարկված է, թե մոտավորապես քանի հեկտար տարածք մարդիկ չեն կարողանում մշակել, նա նշեց. «Դեռ վերջնական հաշվարկներ չկան, որովհետև ամենօրյա ռեժիմով այնտեղ տարբեր աշխատանքներ են իրականացվում»։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։
Աղբյուրը՝ news.am