Վիզաների ազատականացման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով. Միխայել Ռոթ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունների խորացումը, այս համատեքստում՝ նաև վիզաների ազատականացման գործընթացը:

Միխայել Ռոթը նման դիրքորոշում է հայտնել Երևանում ունեցած մի շարք հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական պետություն է և եթե ցանկություն հայտնի անդամ դառնալու եվրոպական հանրությանը, ապա իրենք պետք է գործուն քայլերով աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը:

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով», - ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։