Արևային կայաններ են տեղադրվել Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում
Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում տեղադրվել են արևային կայաններ։ Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։
Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կատռավարման գործակալության հետ համատեղ իրականացվող՝ ՀՀ մշակութային տների, դպրոցների, մանկապարտեզների և նմանատիպ այլ կառույցների արևային կայանների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակներում, Կոտայքի մարզի Բուժականի, Զառի, Սարալանջի, Սևաբերդի միջնակարգ դպրոցներում իրականացվում են արևային կայանների տեղակայման աշխատանքներ: Որոշ դպրոցներում աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Ծրագիրն իրականացվում է դպրոցների կողմից 10-15 % համաֆինանսավորման պայմանով, «ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերության միջոցով «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրումը՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում՝ Solet Technics ընկերության հետ: