Ռուսաստանն աշխարհում երկրորդն է դոլարային միլիոնատերերի արտահոսքի գծով

2022թ. Ռուսաստանից հեռացել է 8,5 հազար դոլարային միլիոնատեր, նշվել է Henley & Partners բրիտանական քոնսալթինգային ընկերության՝ աշխարհի ունեւոր քաղաքացիների միգրացիայի մասին հաշվետվությունում։

Դա մոտ երկու անգամ ավելի քիչ է, քան կանխատեսում էր ընկերությունը. սպասվում էր, որ 2022թ. Ռուսաստանից կհեռանա 15 հազար դոլարային միլիոնատեր, այսինքն՝ 2021թ. դրությամբ նրանց ընդհանուր թվի 15 տոկոսը։ Չնայած դրան՝ Ռուսաստանն այդ ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին եւ զբաղեցրել է երկրորդ տեղը։

«Կանխատեսվող թվերի նվազման վրա ազդել են ինչպես պատժամիջոցները (օրինակ, ներդրումային քաղաքացիության շատ ծրագրերի եւ ռեզիդենտության փակումը ռուսաստանցիների համար), այնպես էլ այն մեխանիզմները երկրներում, որոնք դժվարացրել են ունեւոր մարդկանց տեղափոխվելն այլ երկրներ», - պարզաբանել են «Կոմերսանտ» թերթին ընկերությունում։

Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը, որտեղից հեռացել է 10,8 հազար դոլարային միլիոնատեր։ Երրորդ տեղում Հնդկաստանն է, որը լքել է 7,5 հազար դոլարային միլիոնատեր։

Ունեւոր մարդկանց համար գրավիչ երկրների ցանկում առաջատարներն են Ավստրալիան, ԱՄԷ-ն եւ Սինգապուրը։