Արցախի՝ արդեն 200 օր շրջափակման մասին ահազանգելու նպատակով Փարիզի հայտնի համերգասրահում կկայանա մշակութային երեկո

Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին ժամը 20։00-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագրով։

Այս տեղեկատվությունը հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան  էջում:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող այս բացառիկ երեկոյի ընթացքում ֆրանսիացի շուրջ երկու տասնյակ մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։ Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների կատարմամբ», - նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։